
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Բրյուսելում հունիսի 14-ին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, իր թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում։ Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նախօրեին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», — ասել է Մակրոնը:
«Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել»,-նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին»,-ասել է նա:
Մակրոնի խոսքով` «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»:
«Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական իսլամիզմի և անջատողականության դեմ»,-հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:
«Մեզ պետք է հավակնոտ օրակարգ, չնայած մեր տարաձայնություններին»,-ընդգծել է Մակրոնը:




