ԿարևորՀասարակությունՍպորտ

Հայ-ադրբեջանական մարտ առանց կանոնների՝ ռինգում

Մարտեր առանց կանոնների՝ հայ մարզիկ Վարշամ Գևորգյանի և ադրբեջանցի մարզիկ Էլմար Իբրահիմովի միջև։ Հունիսի 25–ին Ղազախստանում սպասվող մենամարտում հաղթելու միակ մոտիվացիան սպորտային հավակնությունը չի․

«Հակառակորդս մի անգամ մեր հայերից պարտություն է կրել 4 տարի առաջ, մեր Վարդան Ասատրյանը մենամարտից հետո Ղարաբաղի դրոշը հանեց, իրեն որակազրկեցին։ Հակառակորդի համար սկզբունքային էր, որ հայի հետ էլի բոյ կպնի, ինտերվյու էր տվել, ասում էր՝ իր կյանքի ամենաուժեղ բոյն է լինելու։ Նույն բանը ես եմ ասում»,- նշում է Գևորգյանը։

Վարշամ Գևորգյանը պրոֆեսիոնալ 13 մենամարտ է ունեցել, որոնցից 10–ն ավարտել է հաղթանակով, աշխարհի եռակի չեմպիոն է։ Ասում է՝ այս անգամ մենամարտելու է մարզիկի հետ, բայց երկրի դեմ․

«Հիմնականը իրենք էս մենամարտը կապում են քաղաքականության հետ, անընդհատ Ղարաբաղի հարցն են մեջբերում, բայց ես ուշադրություն չեմ դարձնում իրենց ասածներին։ Ինձ համար սա մենամարտ է, ես քաղաքագետ չեմ, սպորտսմեն եմ, իմ գործն եմ անելու, իմ Հայաստանի դրոշը բարձրացնեմ։ Իմ ասելիքը ես կասեմ բոյից հետո»։

Սպորտն ու քաղաքականությունը շաղկապված են՝ կարծում է սպորտային մեկնաբան, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Ասում է՝ մարզիկը մենամարտելիս պիտի չմտածի դիմացինի ազգության մասին․ բոլորն են մրցակից ու բոլորին է պետք հաղթել։ Բայց թշնամին մնում է թշնամի նաև ռինգում․

«Կար ժամանակ, որ Ադրբեջանի յուրաքանչյուր մարզիկ, յուրաքանյուր մակարդակում, ցանակացած մրցման ժամանակ, եթե կարողանում էր հաղթել Հայաստանի նեկայացուցչին, խոշոր դրամական պարգև էր ստանում միայն այդ հաղթանակի համար։ Ամեն կերպ խուսափում են, ամեն կերպ պարտությունը փորձում են քողարկել, որ դա իրենց վրա վատ չանդրադառնա, որովհետև երբ պարված վերադառնում են իրենց երկիր, շատ վատ են իրենց վերաբերվում։ Իմ աչքով եմ տեսել, ասենք՝ մեր մարզիկի հետ վատ է գոտեմարտում իրենց մարզիկը, հանդերձարանում մարզիչը ապտակում է, թե՝ էս ի՞նչ արեցիր, մենք հիմա ինչպե՞ս ենք մեր ղեկավարներ աչքերին նայելու»։

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սագսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն էին դիտում։ Երկու հավաքականներն էլ սպորտային մեծ հավակնություններ չունեին, որովհետև նախորդ խաղերում չէին հավաքել բավարար միավորներ և անկախ արդյունքից՝ չէին մասնակցելու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 19-րդ առաջնությանը։ Սա «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկն էր։

Այս խաղից հետո սպորտն ու քաղաքականությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև այդքան միաձուլված չեն եղել, բայց երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ցանկացած մրցույթ կռիվ է, որն ունի ոչ միայն սպորտային ենթատեքստ։ Կարեն Գիլոյանը նշում է՝ անկախ այս հանգամանքից, մարզիկի վրա անգամ ենթագիտակցորեն ճնշումը պետք է բացառել․

«Ես կտրականապես դեմ եմ մեր մարզիկների վրա այդպիսի ճնշմանը, չի կարելի մարզիկին այդպես նեղը դնել, թե մրցակիցդ թուրք է կամ ադրբեջանցի է ու պիտի մեռնելու գնով հաղթես և այլն։ Հավատացեք, դա մարզիկի վրա շատ ավելի վատ ազդեցություն է թողնում՝ սկսում է կաշկանդվել, սխալներ թույլ տալ։ Խնդրում  եմ, պարտությունների դեպքում ուղղակի ընդունել որ դա սպորտ է, մահ չէ և ոչ էլ վերջինը, ի վերջո մեր մարզիկը հետո կարող է ռևանշի հասնել»։

Մեր մարզիկները պարտության մասին մտածել անգամ չեն ուզում, Վարշամ Գևորգյանը ասում է՝ պետք է մեկնի, վստահ ու սառնասրտորեն սկսի մենամարտը, առաջին ռաունդում՝ ժամանակից շուտ ավարտի այն հաղթանակով ու վերադառնա Հայաստան։

Կարդացեք նաև

Back to top button