
Հերթական անգամ եկել է խոստումների ժամանակը: Քարոզարշավին 11 օր է մնացել, որ ժողովուրդը հասցնի գնահատել ինչպես խոստում տվող թեկնածուների կերպարները, այնպես էլ լսել և ծանր ու թեթև անել ինչպես նրանց հնչեցրած խոստումների արժանահավատությունը: Ովքեր են խոստում տվողները և ինչ կարողությունների տեր են ընտրապայքարի ամենահարուստ թեկնածուները։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ են նրանք հասկանում Հայաստանի շարքային քաղաքացուն:
«Կուշտն ինչ գիտի՝ սովածն ինչ է»,- ասում է բանահյուսությունը: Ամեն ընտրությունների ժամանակ հենց այդ խավի վրա են շեշտը դնում քաղաքական գործիչներն ու ուժերը: 30 տարի լավ ապրելու խոստումներ ու ծրագրեր լսած, ընտրությունների հարուստ փորձ ունենող քաղաքացուն հերթական ընտրարշավի շրջանակում հետաքրքրում է այդպես էլ անփոփոխ մնացած հարցը՝ ինչո՞ւ ինքը դեռ լավ չի ապրում:
«Քանի էդ ավազակ, գող շան որդիքը կան, ապագա էս ազգին չի էղնի: Թալնին, գողցան, լափին, լակին, կազմալուծեցին: Ըդոնց ձեռին խո մեր էս ազգը գերի՞ է»:

Այսօր թերևս լավագույն ժամանակն է հասկանալու, թե անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում պետությունը ղեկավարած նախկին և ներկա պաշտոնյաներն ինչով են ներկայանում հանրությանը: Խոսքը թե նախընտրական խոստումների, թե, այսպես ձևակերպենք, «գրպանի պարունակության» մասին է: Թեկնածուների գույքի և ունեցվածքի մասին վերջին տեղեկությունները հասանելի են ԿԸՀ ներկայացված հայտարարագրերից:
980 միլիոն դրամ և մոտ 2 միլիոն դոլար, 78 հազար դոլարի բանկային ավանդ և 29 միլիոն դրամի կորպորատիվ պարտատոմս, բնակարաններ, առանձնատուն, բաժնետոմսեր տարբեր ընկերություններում և սա դեռ ամենը չէ, ինչը հայտարարագրել են «Հայաստան» դաշինքի 1-ին համար Ռոբերտ Քոչարյանը և նույն ընտանիքից 50-րդ համար Լևոն Քոչարյանը: Հայաստանի երկրորդ նախագահը, սակայն, համոզված է, որ իր ղեկավարած տարիները քաղաքացիները պետք է կարոտով հիշեն.
«Իմ ղեկավարման 10 տարիները եղել են գների կայուն տարիներ: Ձեթն էլ է 2 անգամ թանկ, միսն էլ է 2 անգամ թանկ, կարագն է ավելի քան 2 անգամ թանկ՝ 1400 էր, հիմա 5 հազարից ավելի է: Ամեն ինչը այդպես է: Եվ այն ժամանակ միջին աշխատավարձը աճել է 5 անգամ»:

Այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի կողքին՝ նրա հետ նույն ցուցակում պայքարում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Այս նախկին պաշտոնյան, ըստ հայտարարագրի, ունի բնակարաններ Երևանում և Իսպանիայում, Harley-Davidson մոտոցիկլ, ավտոմեքենաներ, թանկարժեք ժամացույցներ, կտավներ: Նախկին պաշտոնյայի դրամական միջոցները 9,8 միլիոն դրամ են, 212 հազար եվրո և 408 հազար դոլար։
Իր ղեկավարած տարիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին չի խոսում և ապագայի շռնդալից խոստումներ չի տալիս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրությանը բացառապես ճշմարտությունը ասելու կողմնակից քաղաքական գործիչը հայտարարագրել է առանձնատուն և կից հողամաս, հասարակական նշանակության երեք տարածք Երևանում: 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» մակնիշի ավտոմեքենա: 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող որևէ թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Մեկ տարում առաջին նախագահը մոտ 12.5 մլն դրամի եկամուտ է ստացել, որի գերակշիռ մասը գոյացել է իր կենսաթոշակից: Ըստ հայտարարագրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այժմ թոշակառու է և որևէ տեղ չի աշխատում, պաշտոն չի զբաղեցնում։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մտել ընտրապայքարի մեջ, ուստի նրա «գրպանի պարունակությունը» այս դեպքում չենք հաշվի: Բայց նրա ղեկավարած նախկին իշխանական կուսակցությունն այժմ փորձում է վերադառնալ իշխանության՝ «Պատիվ ունեմ» դաշինքով, որի առաջին համարն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն է:
«Սիրելի ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը: Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը: Լսելու և հասկանալու մեր երկրի իրական խնդիրները: Բավական է արդեն»:

Այս նախկին պաշտոնյան հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար դրամական միջոց: Մեկ տարում նա 2 միլիոն 113 հազար դրամի եկամուտ է ստացել: Այդ գումարն իբրև թոշակ է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավտոմեքենա չի հայտարարագրել և ոչ էլ 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող որևէ գույք։ Ունի մեկ բնակարան Բաղրամյան պողոտայում: Ընկերություններում մասնաբաժիններ, արժեթղթեր և այլ ներդրումներ Արթուր Վանեցյանը չի հայտարարագրել:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դրամական միջոցները, ըստ հայտարարագրերի, 2020 թվի տարեսկզբին ավելին էին, քան տարեվերջին: 4.5 միլիոն դրամ ավանդը դարձել է 2.5 միլիոն, տարեսկզբին վարչապետի պաշտոնակատարն ունեցել է 790 հազար դրամ և 1800 դոլար, որոնք տարեվերջին փոփոխության չեն ենթարկվել։ Որպես վարչապետի պաշտոնում աշխատանքի վարձատրություն՝ Փաշինյանը հայտարարագրել է շուրջ 12.5 միլիոն դրամ։ 3 ավտոմեքենա հայտարարագրել է վարչապետի տիկինը, երկուսը գնվել են 2009 թվականին, մեկը՝ 2010-ին: Թանկարժեք իրեր հատարարագրված չեն: Հանրությանը Փաշինյանն ասում է.

«Ամեն քառակուսի մետր հողը ՀՀ պետք է ծաղկի, պետք է շենանա: Եվ ՀՀ տնտեսությունը պետք է աճի, Հայաստանի բյուջեն պետք է մեծանա»:
Այս ընտրություններում Փաշինյանը մեծ կարողություններով զինակիցներ ունի, որոնք փորձում են վերադառնալ խորհրդարան: Խաչատուր Սուքիասյանի դրամական կարողություններն են բաժնեմասեր 11 ընկերությունում, 37 միավոր անշարժ գույք, 1 տարում 240 միլիոն դրամի եկամուտ, Սարյան, Կոջոյան, Խանջյան, Մինաս, Գառզու նկարների հավաքածու: 4,8 մլրդ դրամ, 185 հազար եվրո և 2 մլն դոլար։
Նախորդ գումարումների խորհրդարաններից հանրությանը հայտնի է նաև Գուրգեն Արսենյանը: Նա նույնպես Քաղաքացիական Պայմանագրի ցուցակում է: Հայտարարագրել է 533 միլիոն դրամի կտավներ, 133 միլիոնի ժամացույցներ: Դեռև 2014թ.-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այսպես ասած «շքեղության հարկը», այն ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե խոսելու է հարուստների անունից: Այն ժամանակ պատգամավորը պնդում էր, որ թանկարժեք ավտոմեքենաները հարկելով «խփում ենք» հարուստների գրպանին, ինչը որևէ օգուտ չի տալիս աղքատներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ամենահարուստ թեկնածուներից մեկը: Ունի 877 մլն դրամ, ավելի քան 52 հազար դոլար և 5 մլն եվրո, 25 անշարժ, 17 շարժական և 43 թանկարժեք գույք։ Դրանց մեջ է, օրինակ, 251 հազար եվրո արժողությամբ վարագույր, բայց ամենաթանկը 20 ջահերն են՝ 1.5 միլիոն եվրո արժեքով։
«Ես ձեզ ասում եմ՝ ինչ որ ես ձեզ ասել եմ, իմ ասածները անմիջապես իրականություն են դառնալու: Ինչ կարող եմ անել՝ դա եմ ասում: Դեռ ավելի շատ ենք անելու: Պետք է լինի այնքան աշխատատեղ, որ մարդկանց թիվը չբավարարի աշխատելու, որ դրսից էլ գան»:
Կարելի է ասել, որ «դրսից» եկողներն արդեն սկսել են գալ: Այս դեպքում խոսքը առայժմ թեկնածուների մասին է: Թեև Դեմոկրատական կուսակցության առաջին համար Տիգրան Արզաքանցյանը պնդում է, որ չի դավաճանում Գավառի իր գրանցմանը, բայց նա այն «խոշոր սեփականատերերից» է, ում բիզնեսները հիմնականում «դրսում» են:

Նախկինում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նույնպես ցանկանում է վերադառնալ խորհրդարան: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արզաքանցյանն ունեցել է 35 մլն դրամ, 80 հազար դոլար և 60 հազար եվրո, 75 հազար եվրո արժեքով ժամացույց, 16 հազար դոլարանոց ոսկե խաչ, բաժնեմասեր մի շարք ընկերություններում:
Քաղաքագիտության կանոններով, ի դեպ, քաղաքական համակարգում գործող մեծահարուստը, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա կոչվում է օլիգարխ: Այս պատգամավորներին նախկինում անվանում էին գործարար-պատգամավորներ, օրենսդրության տառը պահելու համար նրանք հետո դարձան «խոշոր սեփականատերեր»: Տարբեր ընտրացուցակներում նրանց թիվն այսօր էլ փոքր չէ:




