ԿարևորՔաղաքական

Քարոզարշավ․ օր առաջին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես սկսվեց այսօր, թեպետ տևական ժամանակ է, ինչ տարբեր քաղաքական ուժեր ու դրանց ղեկավարները ոչ պաշտոնական քարոզարշավի մեջ են: 12-օրյա քարոզարշավի մարաթոնն աննախադեպ է մասնակիցների թվով՝ 22 կուսակցություն, 4 դաշինք: Ընդ որում այս քարոզարշավն առանձնահատուկ է նրանով, որ ընտրապայքարի մեջ են մտել ՀՀ բոլոր ղեկավարները՝ 3 նախկին նախագահներն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

4-ից 3-ը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անձամբ են մասնակցում և գլխավորում իրենց քաղաքական միավորի ցուցակները: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև չի առաջադրվել, բայց ընտրապայքարի մեջ մտել է իր ղեկավարած կուսակցությունը, իսկ ինքն անձամբ ակտիվ մասնակցում է քարոզչական աշխատանքներին: 

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորներն այնքան շատ են, որ կուսակցական «քարոզիչների» ճանապարհները հատվում են թե մարզերում, թե մայրաքաղաքում: Քարոզչության «ամենապահանջված» ուղիներն այսօր տանում էին Երևան և սահմանային խնդիրների կիզակետում հայտնված Սյունիք: Առավոտից մայրաքաղաքը խցանումների մեջ էր, քանի որ տարբեր վայրերում սկսվեցին միջոցառումներ ու երթեր, իսկ հետո Հանրապետության Հրապարակի տարբեր հատվածներում միանգամից մի քանի ուժ սկսեց քարոզչությունը:

— Ողջույն, ողջույն լուսավորականներ:

— Բոլորին մաղթում ենք լավ ու բարի քարոզարշավ:

Այսքանով «բարիդրացիական» քարոզարշավը կարելի է ավարտված համարել: Հենց առաջին օրվանից սուր ընտրապայքարի մեջ մտան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի առաջին համարները: Հրապարակային բանավեճի առաջարկն ընդունելու փոխարեն «դուելի» պատրաստակամություն՝ ցանկացած զենքով: Էջմիածնից-Սյունիք Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա փոխհարաբերություններն են: 

Նիկոլ Փաշինյան. «Տվյալ սուբյեկտը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում: Մենք ձեզանից ուզում ենք հետևյալը: Դուք մեզ, եթե կհամաձայնվեք, որ մեր «թավշե մանդատը» փոխարինեք «պողպատե մանդատով», մենք այդ «պողպատե մանդատով» կտանք բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մինչև հիմա չենք տվել: Եվ ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել մինչև հիմա ձեզ պատճառած բոլոր հիասթափությունների և բոլոր սխալների համար:

Ռոբերտ Քոչարյան․ «Ես երբեք չեմ մտածել, որ մեր ժողովրդին կարելի է այսքան հեշտ խաբել: Պետական պաշտոնյայի կողմից ստելը պետք է քրեորեն պատժելի արարք համարվի, որ ուղղակի սենց քոքից կտրենք, մի երկու հոգի էլ պետք է դատվեն ստելու համար, որ այլևս բոլորի համար պարզ լինի: Սա սենց մեծ «շառ» բերող սուտ է այն, ինչ մենք տեսնում ենք»:

Այս քարոզարշավը խոստանում է աղմկահարույց լինել, բայց կան ուժեր, որոնք հենց առաջին օրվանից հայտարարում են՝ աշխատելու են առանց աղմուկի, այլընտրանքային քարոզարշավ են անելու: Այդպիսի մտադրություններ ունեն Արամ Սարգսյանի ղեկավար «Հանրապետություն» կուսակցությունը և «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքը: Նրանք քարոզարշավի առաջին ուղղությունն ընտրել էին Եռաբլուրը:

Արամ Սարգսյան ․ «Մեգաֆոններով բակերը ման գալու, երգելու, վանկարկելու ցանկություն ու սիրտ մեր ժողովուրդը չունի: Չկա բակ, որում զոհված հերոս ու երեխա չլինի, չկա գյուղ, որում անհետ կորած կամ գերեվարված մարդ չլինի: Այս պարագայում մենք փորձելու ենք մեր քարոզչությունն անել հնարավորինս անաղմուկ: Մենք հուսալի թիմ ենք, Աժ մտնելուց հետո մեր թիմից հեռացողներ չեն լինելու: Մենք տանկի պես հանգիստ, համառ մեր ուղին ու ճանապարհը տանելու ենք առաջ»:

Արման Բաբաջանյան․ «Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է, ընտրություն հանրապետության և կայսրության միջև»:

Լևոն Շիրինյան․ «Մենք, ըստ էության, ձեր որոնած նոր քաղաքական ուժն ենք՝ երիտասարդ, չկոռումպացված, անարատ կենսագրությամբ»:

Միաժամանակ մի քանի ուղղությամբ մարզերում և Երևանում իր քարոզարշավը սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Ընտրողների հետ խոսում են համախմբման, միասնականության և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին: Քաղաքական այս թիմում հստակ պատկերացնում են, թե ընտրազանգվածի որ հատվածի հետ պետք է աշխատեն:

Էդմոն Մարուքյանը զգուշացնում է այլ ուժերից եկող վտանգի մասին և ակնարկում այլընտրանքային տարբերակի մասին. 

«Լարվածությունն այն մակարդակի է և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին իրենք տանելու են քաղաքացիական պատերազմի, բախումների: Հնարավոր է դա կանխել, եթե «Լուսավոր Հայաստան»-ը որպես այլընտրանքային ուժ հավաքի այն 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն ու հաշտություն»,-ասաց Մարուքյանը: 

Գրեթե նույն վտանգների մասին զգուշացնում է նաև ՀԱԿ-ը: Խոստովանում են՝ իրենց համար հատկապես դժվար է լինելու, քանի որ իրենց հիմնական զենքը համարում են ճշմարտությունը, որը, սովորաբար, դժվար է հասցնել հանրությանը: Ծրագրային դրույթներով առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման և կարգախոսի միջոցով հիշեցնում, որ եկել է «Լրջանալու պահը»: Եթե Մարուքյանը խոսում է դեռ նոր ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարության անհրաժեշտության մասին, ապա ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը հուշում է՝ ճգնաժամային կառավարության ժամանակն անցավ:

Բոլոր մարտահրավերները հաղթահարված կլինեին, եթե նախկին 3 նախագահներով համաձայնության գային և հետագայում էլ չհավակնեին որևէ պաշտոնի՝ ասում է.

«Սրանք սովորական ընտրություններ չեն: Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: «Ամեն գնով» բառերը ես հենց այնպես չեմ օգտագործում»:

Մի շարք կուսակցություններ քարոզարշավի առաջին օրը որոշել են հատկացնել նախընտրական ծրագրի և ռազմավարության ներկայացմանը: Այդպիսի ձևաչափ ընտրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բայց քաղաքական թիմի ղեկավարը քարոզարշավի այդ ձևաչափում բացակայում էր: Գագիկ Ծառուկյանը ակտիվ մասնակցություն կունենա քարոզարշավին՝ խոստացավ Իվետա Տոնոյանը.

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնակցում է «Անվտանգ և հզոր Հայրենիք» կարգախոսով: Այն պատահական չի ընտրվել, որովհետև այսօր մեր երկրի, մեր պետության բացարձակ առաջնահերթությունը, իհարկե, անվտանգությունն է և դրանից հետո միայն տնտեսության զարգացումը և, բնականաբար, հզոր պետության ստեղծումը»:

Առաջին օրը նախընտրական ծրագիր ներկայացնելու ձևաչափն ընտրել է նաև «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը: Հանրապետականն ու դաշնակցությունը այս գործում չեն շտապել և հենց այս պահին նոր մտնում են ընտրապայքարի մեջ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը: Այս թիմը պնդում է՝ իրենք այն թիմն են, որոնց անդամներն ունեն գիտելիք, փորձ, կամք, խիղճ, երազանք ու պատիվ:

Քաղաքական խոստումների այս խճանկարում նախընտրական պայքարի իրական աղմուկը դեռ կլսվի՝ կանխատեսում են քաղաքագիտական շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button