ԿարևորՀասարակություն

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Սյունիքն է

Վերջին օրերին  Սյունիքը Հայաստանում գործող դիվանագիտական  ու միջազգային կառույցների  ուշադրության կենտրոնում է։  Տարբեր երկրների դեսպաններ, ՄԱԿ–ի, Եվրամիության  ներկայացուցիչներ այցելում են Սյունիք, լինում  սահմանամերձ  համայնքներում։ Ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունն ու հետաքրքրվածությունը Սյունիքի նկատմամբ։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայան․«Կարծում եմ՝ առաջին հերթին Սյունիքի անվտանգությունն է պատճառ, որովհետեւ եղան հայտարարություններ ուղղված բոլոր պետություններին, եւ այս համատեքստում բազմաթիվ դեսպաններ են այցելել Սյունիք։ Բացի սրանից՝ մեր գործընկերները մարզ են գալիս հետպատերազմյան վիճակը մեղմելու,  որոշակի սոցիալ–տնտեսական ծրագրեր իրականացնելու համար»։

Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ «Ռադիոլուր»–ին տեղեկացրեց,  որ միայն վերջին երեք օրերին ընդունել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինիին, Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ռուսաստանի դեսպանի հետ, իհարկե, նաեւ մարզի  անվտանգության հարցերն են քննարկվել։ Բարձրաստիճան մյուս հյուրերի հետ քննարկման օրակարգը տնտեսական է եղել, չնայած Գեւորգ Փարսյանը ընդգծել է անվտանգային հարցերը ։

«Իհարկե, ես այդ հարցերն եմ բարձրացնում, նշում, որ կարեւորը հարցը անվտանգությունն է, բայց իրենք այդ կապակցությամբ ոչինչ չեն կարող ասել,  նշում են, որ իրենք նույնպես մտահոգ են։ Քննարկում են սոցիալական, տնտեսական, ինչպես նաեւ   տուրիզմի զարգացման ուղղությամբ ծրագրեր։ Մտադիր են նաեւ սոցիալական որոշ ձեռնարկներ սկսել տեղահանվածների համար»։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը չի կարծում, որ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա։

 «Պատերազմի ընթացքում, պատերազմից հետո ՄԱԿը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացվել Սյունիքում։ Մեր գործընկերը տեղեկացրեց, որ նոր ծրագրերի փուլ են մշակում, որից հետո կարքիների գնահատում։ Ծրագիրը նպաստելու է, որ արցախցի տեղահանվածները ինտեգրվեն Սյունիքում։

Մինչ այժմ  իրականացված ծրագրերը  հիմնականում հումանիտար էին, առաջիկա ծրագրերն առավելապես զարգացման եւ ինտեգրման ուղղվածության են։

Կարդացեք նաև

Back to top button