
ՀԱՊԿ–ը որոշել է զորավարժություններ անցկացնել Հայաստանում․ այս հայտարարությունը հաջորդում է սահմանային լարվածության հարցով կառույցին Հայաստանի դիմելուց և սահմանագծին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո միջազգային դիտորդներ տեղակալելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկից հետո։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Շանթ 2021» հատուկ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու մասին հայտարարությունը անբավարար պատասխան է, եթե դա համարենք պաշտոնական Երեւանի կողմից այդ կառույցին դիմելու արձագանք»,– կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա գնահատմամբ՝ ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու որոշումը կառույցի կենսունակությունն ապացուցելուն ուղղված քայլ է կամ դեմքը փրկելու փորձ։
Ըստ Բադալյանի՝ կա եւս մի հիմնավորում։ «Քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սահմանային իրավիճակը հանդարտեցնելու համար առաջարկել է ԵԱՀԿ դիտորդների ներկայություն ապահովել այստեղ, ապա ՀԱՊԿ զորավարժությունները կարելի է դիտարկել նաև որպես ԵՄ –ի և ԱՄՆ–ի ներկայությունը սահմանային հատվածում կասեցնելու քայլ։ Սակայն ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում կարող ենք հասկացնել Մոսկվային, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայությունն այստեղ կարող է նաև խաղաքարտ լինել ՌԴ ձեռքում՝ Անկարայի դեմ գործելու համար, քանի որ Թուրքիան անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Ռուսաստանին», –ասում է Բադալյանը։
Ռուսական «Սպուտնիկ» գործակալությունը, հղում անելով ՀԱՊԿ մամուլի քարտուղարին, երեկ հաղորդել էր, որ «Շանթ 2021» հատուկ վարժանքը կանցկացվի Հայաստանում:




