ԿարևորՀասարակություն

Թանկարժեք գույք, կտավ թե վարագույր պետք է հայտարարագրվի, եթե 4 մլն դրամից ավելի արժի

Հունիսի 4-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետն է «Հանրային ծառայության մասին» օրենքի վերջին  փոփոխություններով՝  հայտարարատու անձանց շրջանակը գրեթե եռապատկվել է՝ 3000–ի փոխարեն դառնալով 9000։ Պաշտոնյաների մեծ մասը  և նրանց ընտանիքի անդամներն այս տարի առաջին անգամ են հայտարարագիր ներկայացնելու։ Էական փոփոխություններ կան նաև հայտարարագրի կառուցվածքում։

Կտավը, ժամացույցը կամ աքսեսուարը թանկարժեք գույք է և պետք է հայտարարագրվի, եթե դրա արժեքը գերազանցում է 4 մլն դրամը։ Նախկինում թանկարժեք գույքի շեմը 8 մլն դրամն էր։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել հունվարի 1-ից։ «Հանրային ծառայության մասին»  օրենքով իրենց ունեցվածքի մասին հայտարարագիր են ներկայացնում պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք։ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանի խոսքով՝ հայտարարատու են բոլոր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, և ոչ միայն։

 «Հայեցողական պաշտոն զբաղեցնում են օգնականները, խորհրդականները, վարչապետի աշխատակազմի կամ ԱԺ աշխատակազմի ղեկավարները, որոնք նույնպես հայտարարագիր են ներկայացնում։  Ինքնավար պաշտոններից՝ բոլոր քննիչները, դատախազները, դատավորները։ Հայտարարագիր են ներկայացնում նաև տեսչական մարմինների ղեկավարները։  Ցանկում ներառված են նաև մի խումբ  խոցելի պաշտոններ զբաղեցնողներ, որոնք  նույնպես պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Մի շարք ծառայությունների դեպքում պահանջը իջեցված է մինչև գլխավոր պաշտոն։ Օրինակ՝ հարկային, մաքսային աշխատողները, քրեակատարողականի ու հարկադիրի աշխատողները նույնպես հայտարարագիր են ներկայացնում,  ընդ որում խոսքը ոչ միայն ոչ միայն բարձրագույն, այլ նաև գլխավոր պաշտոնների մասին է»։ 

Հունվարի 1–ից ուժի մեջ մտած  փոփոխություններով՝ ցանկում ներառվել են  նաև 15 հազար և ավելի  բնակչություն ունեցող  համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, աշխատակազմերի ղեկավարները, ինչպես նաև ավագանու անդամները։ Հայտարարագիր լրացնում են ոչ միայն պաշտոնյաները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները։

«Ամուսինը, կինը, զավակը, համատեղ բնակվող ցանկացած անձ, եթե անգամ հարազատ չէ, բայց միասին են բնակվում, ներկայացնում է հայտարարագիր։ 2020 թվականին մենք նաև իրավիճակային հայտարարագրի ինստիտուտն ենք ներդրել։ Սա վերաբերում է խնդրահարույց դեպքերին, երբ օրինակ օրինական եկամուտներով գույքը չի հիմնավորվում (նշվում է, որ գույքը վարորդի կամ զոքանչի անունով է), Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն ունի պահանջել իրավիճակային հայտարարագիր, եթե կասկած ունի, որ սեփականության իրավունքով գույքը պատկանում է երրորդ անձանց»։

Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ հողամասից մինչև ջրային օբյեկտ ու անտառ, տրանսպորտային միջոցը՝ ավտոմոբիլից մինչև երկաթուղային ու օդային փոխադրամիջոց,  բանկային ավանդներն ու փոխառությունները, եկամուտներն ու դրամական միջոցները։

Եթե հայտարարագիրը թերի է լրացվում կամ չի ներկայացվում ընդհանրապես, ապա օրենսդրությունը վարչականից մինչև քրեական պատասխանատվություն է ենթադրում՝ պարզաբանում է ԱՆ ներկայացուցիչը ։ Իսկ եթե կոռուպցիայի հանձնաժողովը կասկածում է, որ տվյալները ոչ թե թերի են, այլ՝ կեղծ , ապա դիմում է դատախազություն»։

«Եթե հայտարարագիր չեն ներկայացնում առաջին անգամ,  վարչական պատասխանատվության են ենթարկում, եթե սահմանված ժամկետում չեն ներկայացնում, արդեն քրեական պատասխնատվություն է սահմանված։ Իսկ եթե հայտարարագիրը թերի է ներկայացված, ապա սահմանվում է վարչական պատասխանատվություն, իսկ եթե կոռուպցիայի հանձնաժողովը կասկածներ ունի, որ տվյալները ոչ թե թերի են, այլ՝ կեղծ , այս դեպքում հանձնաժողովը դիմում է դատախազություն»։

Հայտարարագրման ընդհանուր մոտեցումն է  փոխվել՝ արձանագրում է Կոռուպցիայի  կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Նկատում է՝ 2020 –ին ու 2021–ին  թերի հայտարարագրումները շտկելու գրեթե հարյուր դիմում են ստացել։

 «Խնդիրը վերաբերել է ավելի հին՝ 2019 թվականին նախորդած տվյալների ուղղմանը։ Մեր գնահատականով՝ դա վկայում է այն մասին, որ հայտարարատուների՝ հայտարարագրման նկատմամբ ունեցած ընդհանուր մոտեցումն է փոխվել, եթե կարելի է օգտագործեմ այդ բառը «անպատժելիության» առումով»։

Հունվարի 1–ից պարտադիր է  նաև ծախսերի հայտարարագրումը։ Բայց այդ հայտարարագրերը  կներկայացվեն արդեն հաջորդ տարի։

Կարդացեք նաև

Back to top button