ԿարևորՀասարակություն

Ռուս սահմանապահների հետ նոր պայմանավորվածությամբ՝ Տեղի բնակիչները կհնձեն իրենց արտերը

Սյունիքի սահմանամերձ Տեղ խոշորացված համայնքի համայնքապետարանը ռուս սահմանապահների հետ բանակցություններով փորձում է կարգավորել բնակիչների՝ սեփական արտերը հնձելու հարցը։ Այսօր արդեն հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել․ սահմանապահների ներկայությամբ բնակիչները կիրակի օրվանից կսկսեն աշխատանքները։

Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի այն բնակիչները, որոնք հողատարածք ունեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում` մինչև Կոռնիձոր գյուղի սահման, կարող են դիմել համայնքապետարան՝ տեղեկանք ստանալու և խոտհունձ սկսելու համար։ Այս տարածքները Լաչինի միջանցքի հատվածում են եւ թշնամու ուղիղ նշանառության տակ։ Ուստի անվտանգության բոլոր ռիսկերը աչքի առաջ ունենալով՝ Տեղի համայնքապետարանը ռուս սահմանապահների աջակցությանն է դիմել։ Պատասխանը բացասական չէ։ Կիրակի օրվանից արդեն աշխատանքները կսկսվեն։  Տեղ համայնքի կազմում են Տեղ, Արավուս, Խոզնավար, Խնածախ, Կոռնիձոր, Քարաշեն, Վաղատուր  գյուղերը։  

«Ձաղազուրը հենց մեր գյուղի դիմացն է։ Մեր գյուղի դիմաց ադրբեջանական 13 պոստ կա, էդ փչացածների պոստերն են։ Բրիգադն էլ հենց Ձաղազուրում է։ Մեր գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա է»,–ասում է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյան․

Անցած տարի Ձաղազուր տանող հատվածի հողատարածքներում բնակիչները վարուցանք են արել։ Հիմա այդ հնարավորությունը չունեն․ հակառակորդի վտանգավոր մոտիկությունը թույլ չի տալիս։

Արգամ Հովսեփյան․ «GPS-ով իրենք չափել են, սահման են որոշել։ Մեր սեփականաշնորհված 64 հա հողատարածքը գտնվում է այդ տարածքում՝ նրանց նշանառության տակ։ Խոտհունձը պետք է կազմակերպվի հենց այդ տարածքում։ Արդեն 6-7 ամիս է՝ պիտի գան ճշտումներ անեն, հաձնաժողով է գալիս, բայց էդպես էլ չտեսա հանձնաժողով։ Արդեն պիտի հնձենք, բերքահավաք անենք, չենք կարողանում, փչանում է բերքը»։

Չսպասելով համապատասխան պետական հանձնաժողովին, քանի որ բերքն արդեն փչանում է, Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունցը  Ռուսաստանի սահմանապահ զորքերի  սպայական կազմի հետ բանակցել է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջանցք հանդիսացող Ձաղազուրի որոշ հողատարածքներում  բերքահավաք իրականացնել։

Ներսես Շադունց․ «Մենք պայմանավորվեցինք՝ վաղը չէ, մյուս օրը մենք մեր բերքը հավաքելու ենք։  Այսինքն՝ ռուսները վերահսկելու են, բնակիչները բերքահավաք են անելու։ Էդպես է լինելու։ Տարածքը Լաչինի միջանցքում է։  Բնակիչները պիտի խոտը հնձեն։ Եթե իրենք չեն գալիս, մենք էլ չեն գնում, խոտը կբարձրանա ու հրդեհի վտանգ կառաջանա։ Դրա համար՝ իրենց էլ է ձեռնտու  այդ խոտը  հնձելը։ Իրենք էլ իրենց տարածքում  գտնվող խոտը պիտի հնձեն,  արդեն սկսել են»։

Ներսես Շադունցն այս պահին չի կարող գնահատել, թե քանի բնակիչ վստահություն կունենա՝ գալու գյուղատնտեսական աշխատանքներին։ Կարծում է՝ բոլորը կգան։

Կարդացեք նաև

Back to top button