
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում կոռուպցիոն դեպք է բացահայտել, հարուցվել են քրեական գործեր։ Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարը կաշառք է ստացել առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու դիմաց։ Ոլորտի մասնագետները նշում են` ոլորտում կոռուպցիոն ռիսկեր միշտ եղել են ու կլինեն, քանի որ համակարգը անարդյունավետ ու թափանցիկ չէ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում խնդիրների հավանական լուծումը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նոր՝ փոփոխված դրույթներում են տեսնում։
Քանի դեռ հաշմանդամություն ունենալու կարգն ուղիղ համեմատական է որոշակի արտոնությունների, հաշմանդամության կարգի տրամադրման բժշկասոցիալական փորձաքննություններում երկկողմանի չարաշահումները հնարավոր չի լինի բացառել․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանի դիտարկումն է, ում մտահոգում են տարիներով ձևավորված մոտեցումները։
«Երբ անձը հասնում է որևէ բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար, առաջին հարցը, որ բժիշկը տալիս է քաղաքացուն՝ հաշմանդամություն ունենալու մասին է․ ո՞ր կարգ է և այլն։ Եթե անձն ունի հաշմանդամության երրորդ խումբ, բժիշկն ասում է, որ այդ խմբով որևէ արտոնություն չունի հիվանդը, և անհապաղ անհրաժեշտ է հաշմանդամության երկրորդ խումբ։ Արդյունքում հարազատներն անմիջապես էպիկրիզը վերցնում են և գալիս ԲՍՓ, որ խումբը փոփոխեն։ Բայց ԲՍՓ–ն վերակենդանացման բաժանմունք չի ախր, պետք է անձը չափորոշիչներին համապատասխանի»,– ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանը։
Մինչև 2021թ ապրիլի 1-ը մարդկանց բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնում էին կամ, ինչպես ընդունված է ասել, հաշմանդամության կարգը տրամադրում էին ԲՍՓ գործակալության տարածքային գրասենյակները։ 2021թ․ ապրիլի 1-ից փորձաքննություններն իրականացնում են նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության բժիշկ փորձագետները։ Այսինքն՝ արդեն տարածքային առանձին հանձնաժողովներ, առանձին բաժիններ գոյություն չունեն՝ ասում է Ռիմա Եգանյանը և արձանագրում՝ այս փոփոխությունը հենց կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակ ունի։
«Երկկողմանի վտանգ կա հիմա․ քաղաքացին գալիս է տարածքային գրասենյակ, տարածքի բժիշկը շատ թե քիչ ճանաչում է քաղաքացուն և արդյունքում ամեն ինչ անում է օգնելու համար, և այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջանալ»։
Համակարգում արմատացած խնդիրնեը լուծելու նպատակով փոփոխվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը։ Ըստ այդմ՝ լիովին փոխվել է հաշմանդամության տրամադրման կարգը, այսինքն՝ հաշմանդամության 3 կարգի սահմանման մոդելից անցում կկատարվի անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի։ Այստեղ արդեն չափման համար գնահատումն արվելու է ըստ տոկոսների։ Նախատեսվում է հաշմանդամության երեք խմբերի փոխարեն սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը։
Սոցապնախարարության գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանն ասում է՝ ֆունկցիոնալության գնահատման համակարգում բժշկական բաղադրիչից բացի հաշվի է առնվելու նաև անձի մասնակցությունը, օրինակ, հասարակական կյանքին, ինչպես նաև միջավայրային գործոնը, այսինքն՝ արդյո՞ք այն միջավայրը, որտեղ քաղաքացին ապրում է, խոչընդոտում, թե՞ նպաստում է նրա կենսագործունեությանը։
«Ֆունկցիոնալության գնահատման դեպքում այլևս հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ հասկացությունները վերանում են․ սահմանվում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ ըստ տոկոսների։ Օրինակ՝ 90 և բարձր տոկոսը կհամարվի խորը։ Կամ կարող են լինել ավելի ցածր ֆունկցիոնալություն ունեցողներ, որոնք, օրինակ, տեղաշարժվում են սայլակով, բայց, ասենք, աշխատանքային գործունեության սահմանափակում չունեն»,– մանրամասնում է Ռիմա Եգանյանը։
Անձի ֆունկցիոնալությունը գնահատող բժիշկների բանկ կստեղծվի, և յուրաքանչյուր փորձաքննության համար պատահականության սկզբունքով կընտրվեն փորձաքննություն իրականացնող մասնագետները՝ այդպիսով փորձելով բացառել ծանոթ մասնագետների միջամտությունը։ Մինչդեռ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ներդրվող մեխանիզմի մասով վերապահումներ ունի։
«Համակարգը պետք է հիմնովին փոխվի, պետք է սպասենք ու տեսնենք, թե այն ինչպես կաշխատի։ Իհարկե, այնտեղ ինձ համար անհասկանալի պահեր կան․ օրինակ՝ հաշմանդամության 3 խմբի փոխարեն սահմանվում է 4 կատեգորիա․ իմ կարծիքով՝ սա անիմաստ փոփոխություն է, բայց կարևորն այն է, որ մարդիկ օբեկտիվորեն գնահատվեն»,– նկատում է Արմեն Ալավերդյանը։
Գործող կարգով՝ քաղաքացին ԲՍՓ որոշումը կարող է 3 «ատյաններով» բողոքարկել։ Եթե քաղաքացին տարածքային բաժնի որոշման հետ համաձայն չէ, տեղում կարող է դիմում գրել, և վերափորձաքննություն կանցկացվի արդեն այլ բաժնի կողմից։
«Բողոքարկման դեպքերը շատ են։ Տարվա ընթացքում ընդհուպ մինչև 800 բողոքարկում է լինում։Վերջին պատերազմի մասնակիցների շրջանում 1700 փորձաքննություն է իրականացվել, 230 բողոքարկում է եղել, 8 դեպք փոխվել է»,– ասում է սոցապնախարարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանը։
Ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ արդեն տասնյակ տարիների։ Եղել են նույնիսկ դատական գործեր՝ հիշեցնում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, շեշտում՝ համակարգը արդյունավետ ու թափանցիկ չէ, բայց սա նաև մտածողության ու մոտեցումների հետևանք է՝ ասում է․
«Պետք է ավելի հետամուտ լինենի հասարակական վերահսկողությունը։ Քաղաքացիները պիտի ավելի ակտիվ լինեն, սկզբունքային, պատրաստ չլինեն կաշառք տալու, այլ պայքարեն իրենց իրավունքների համար։ Այդ ժամանակ համակարգը կկարգավորվի»։
Սոցապնախարարությունում խնդրի կարգավորման հույսերը օրենքի նոր դրույթների հետ են կապում։ Սակայն նաև խոստովանում են՝ իրենք էլ մտավախություն ունեն, որ ժամանակի ընթացքում մարդիկ «ձևերը» կսովորեն։ Իսկ այս ընթացքում սոցիալական գերատեսչությունը դեռ մշակում է ենթաօրենսդրական ակտեր՝ օրենքը կյանքի կոչելու համար։







