
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հինգ բալանոց սանդղակով՝ երկուս. այս գնահատականն է տալիս Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործով ընթացող նախաքննությանը: Պաշտպանն իր անբավարար գնահատականը հիմնավորում է պաշտոնատար անձանց ու պետական կառույցների հայտարարություններով: Խոսքն, ըստ նրա, նախ Սյունիքի մարզպետարանի հայտարարության, ապա ՝ գործի վերաբերյալ զինդատախազի տված մեկնաբանությունների մասին է: Դրանցում փաստաբանը միակողմանի մոտեցում է տեսնում՝ ի պաշտպանություն Խաչատրյանների:
«Նախաքննությունն ընթանում է պարոն Կոստանյանի (զինդատախազ. խմբ) կողմից ի սկզբանե նախանշված գծով: Փարոսի նման դրել էր մի ուղենիշ`թե ուր պիտի գնա նախաքննությունը, եւ հիմա ես տեսնում եմ, որ նախաքննությունը գնում է ճիշտ էդ ճանապարհով»,- ասում է փաստաբանը։
Եթե կողմերից մեկին օգնելու նպատակ կա, ապա, ըստ փաստաբանի, երկու ճանապարհ կարող է օգտագործվել. կամ նվազեցնել, ավելի թեթև դարձնել արաքրի հետևանքները, ինչն այս դեպքում, ըստ նրա, կիրառելի չէ, քանի որ հետևանքներն ակնհայտ են բոլորի համար՝ կա սպանություն և ծանր մարմնական վնասվածք: Իսկ երկրորդ ճանապարհը՝ մյուս կողմի մեղքն արհեստականորեն ծանրացնելու տեխնոլոգիան է: «Նախաքննությունն այսօր գնում է երկրորդ ճանապարհով»:
Քրեական գործի շրջանակում վերջերս մեղադրանք առաջադրվեց Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին։ Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով՝ սպառնալիքի համար: Չորս օր առաջ Բուդաղյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդության մեջ Ալումյանը հղում է արել փորձաքննությունների վերջերս ստացված եզրակացություններին, որոնք, ըստ նրա, վկայում են հանցակազմի բացակայության մասին: «Իմ վստահորդին այսպիսի մեղադրանք առաջադրելը նշանակում է սևը անվանել սպիտակ չէ»:
Ի դեպ՝ Հայկ Ալումյանն օրերս գրավոր դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պարզաբանում խնդրելով նաև այն մասին, թե արդյո՞ք զինվորական դատախազի հրապարակային հայտարարությունները, լրատվամիջոցներին տված մեկնաբանությունները հանդիսանում են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետն այս գործի վերաբերյալ: Դատախազի մամուլի խոսնակը, լրատվամիջոցների խնդրանքով անդրադառնալով նամակին, ասել էր , թե փաստաբանի հարցադրումը հիմնազուրկ է, նշել էր նաև, որ անմտություն է որեւէ քրեական գործով դատախազության հավաքական տեսակետ ակնկալել։ «Ցավում եմ, որ պատկառելի կառույցի մամուլի քարտուղարին ստիպված եմ բացատրել , որ պաշտոնական տեսակետ և հավաքական տեսակաետ տերմիններն խիստ տարբեր եզրույթներ են»,- ասում է Ալումյանը։
Մի դիմում էլ Հայկ Ալումյանը ներկայացրել է ոստիկանապետին. Վլադիմիր Գասպարյանին փաստաբանը խնդրել է ծառայողական քննություն սկսել Գորիսի ոստկանության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր նախկին մարզպետի առանձնատանը դեպքից հետո խուզարկություն են կատարել: Խուզարկությունը, ըստ փաստաբանի, կատարվել է կոպիտ խախտումներով, ինչը հնարավորություն է տվել թաքցնել չգրանցված զենքը։ Դատախազությունը, հիշեցնեմ, հրապարակել էր, որ Խաչատրյանի տնից 9 միավոր զենք է առգրավվել:
«Այստեղ է ամբողջ պրոբլեմը, կամ ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Հրապարկվեց ոչ թե այն ցանկը, որը հայտնաբերել էր, այլ այն, որը Սուրիկ Խաչատրյանը հանձնել էր: Շատ տարբեր բաներ են: Եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, վախենում եմ, որ այդ ցանկը շատ ավելի մեծ լիներ»,- կարծում է փաստաբանը։
Անդրադառնալով հաշվեհարդարի կամ վենդետայի հնարավորությունը՝ Հայկ Ալումյանն այսօր պաշտոնապես իր վստահորդի անունից հայտարարեց. Բուդաղյաններն ապավինում են օրենքին, իրավապահ մարմինների անաչառությանը և համոզմունք ունեն, որ հասնելու են արդար դատավճռի։




