
Աղմկոտ վայրերում ձեռքերով փակում էի ականջներս, որ հասկանամ՝ ինչպիսին է տեսարանն առանց ձայնի։ Ականջակալներումս երաժշտություն չկար․ դրանք այսօր շրջապատի ձայնը խլացնելու համար էին։ Առանց ձայնի անսովոր է, տարօրինակ, իսկ փորձերը՝ կյանքը միտումնավոր դարձնելու անձայն, պարզվեց անօգուտ են։ Երբ վերջապես հանդիպեցի Ալեքսին ու Ալենին, ինձնից անկախ սկսեցի խոսել շատ բարձր ձայնով։
Գիտեի՝ չեն լսում, չեն խոսում, թվում էր, եթե ձայնս լինի բարձր, կհասկանան ինձ։ Մոռացել էի՝ իմ կյանքն այսօր ժամանակավորապես մաքրվել էր ձայներից միտումնավոր, իրենցը՝ ծննդյան պահից ու կամքից անկախ։ Ալենին ժպտացի, փոխադարձ ժպտաց մանկական փայլուն աչքերով, վազեց ու մոր ձեռքից բռնած՝ վայրկյաններ անց իմ դիմաց էր:
Անահիտը Ալեքսի ու Ալենի մայրն է։ Ծնվել է բնական արատով՝ չէր լսում, չէր խոսում, սակայն լոգոպեդի հետ համառ աշխատանքներից հետո հիմա, շատ դժվարությամբ, կարողանում է հաղորդակցվել։ Ասացի՝ երեխաների հետ եմ ուզում խոսել, ավելի ճիշտ երեխաների մասին։ Սիրով համաձայնեց։ Անահիտը լսեց առաջին հարցս, խնդրեց՝ ավելի ցածր խոսել՝ մենք լսում ենք աչքերով, կարդում շուրթերով։ Մինչ ես զրուցում էի Անահիտի հետ, երեխաները վազվում էին, հաղորդակցվում ժեստերով, ծիծաղում, կռահել, թե ինչի վրա, ինձ չհաջողվեց։ Երեխաներն ի ծնե ունեն լսողության խնդիրներ։
Անահիտի խոսքով՝ շատ ընկերներ ունեն, անծանոթների հետ էլ արագ են մտերմանում, սկզբում՝ հաղորդակցվելը բարդ է, հետո մի տարբերակ անպայման գտնում են։ Ալեքսը 3-րդ դասարանում է սովորում, երբ փոքր էր, լոգոպեդները հույս չեն տվել, որ երբևէ կլսի կամ կխոսի, հիմա հակառակն է՝ հույսեր կան, աշխատանքներ տարվում են։ Երեխան ըմբշամարտի է հաճախում, մի շարք մրցաշարերի հաջողությամբ մասնակցել է՝ ասում է Անահիտը։ Փոքրը՝ Ալենը, մանկապարտեզ է հաճախում։ Մայրը հատուկ ընդգծում է՝ Ալենը ոչ թե հաղորդակցվում է ժեստերի լեզվով, այլ՝ դիմախաղով, աչքերով։ Ես դա նկատել էի։
Այն հարցիս, թե Ալենն ամենաշատը ինչ է սիրում անել և ինչ չի սիրում, Անահիտն ասաց՝ տանել չէր կարողանում նկարչությունը, հիմա՝ ամենասիրելի զբաղմունքը ջրաներկով նկարելն է։ Ալենի վերաբերմունքը պատկերի նկատմամբ, փաստորեն, փոխվել է։ Ձայնին եկել են փոխարինելու գույները։ Եղբոր սիրելի զբաղմունքն էլ պլաստիլինից տարատեսակ իրեր պատրաստելն է։ Անահիտը ծիծաղում է, ասում՝ մի ընդհանուր սիրելի զբաղմունք էլ ունեն, երբ տանը որևէ գործ եմ անում, երկուսով գալիս են ու իրենց օգնությունն առաջարկում։
Զրույցի վերջում Անահիտն ասաց, որ տղաները ռիթմիկ երգեր են սիրում։ Ես մի պահ չհասկացա՝ ինչ նկատի ունի, ինձ թվաց՝ լսողությունս ինձ արդեն դավաճանում է, հարցրի՝ ճիշտ լսեցի՞ արդյոք, ասաց այո, ռիթմիկ երգեր են սիրում երեխաները, կարող են ողջ օրը տանը պարել։ Միացնում են երաժշտությունը, պատկերացնում ձայնը, հաշվում մտքում տակտը ու սկսում պարել։ Հատուկ սիրելի երգեր Անահիտը չկարողացավ մտաբերել, ասաց միայն, որ պարտադիր պայման է, որ երգերը լինեն ռիթմիկ և աշխույժ։
Ձայնը, փաստորեն, կարելի է լսել՝ առանց լսելու։ Առանց ականջակալների, տեսականորեն անգամ առանց ականջների, միայն պատկերացնելով, որ այն գոյություն ունի։ Սա նրանց՝ լսողության և խոսքի խնդիրներ ունեցող մարդկանց կյանքն է՝ մեր պատկերացրած ձայնից զուրկ, բայց պարերով ու երաժշտությամբ լիքը։





