
Ջրվեժի Այգեգործական թաղամասերի բնակիչներն առնվազն 23 տարի խմելու ջուր չունեն։ Բնակիչները բողոքում են, բայց հասցեատիրոջը չեն գտնում։ «Ռադիոլուր»-ը գնացել է խնդրի պատասխանատուի հետքերով․ «Վիոլիա ջուր»-համայնքապետարան-ջրային կոմիտե-նորից համայնքապետարան ճանապարհին պատասխանատուին գտել ենք, լուծումը՝ ոչ։
«Ստեղ խմելու ջուր չկա ընդհանրապես, կոմունիստներից հետո ջուր չի եղել»։
Ավետիս Չիլինգարյանը 23 տարի ապրում է Ջրվեժ համայնքի Այգեգործական 8-րդ թաղամասում։ 23 տարի իր բնակավայրում խմելու ջրի համակարգ չի տեսել․
««Վիոլիա ջուր»-ն ասում ա՝ դա իմ գործը չի, համայնքապետն ասում ա՝ փող չունեմ, մարզպետը գցում ա կառավարության վրա։ Հիմա էլ ծրագիր կա, «Վիոլիա ջուր»-ը ներդրում ա անում ցանցերի որակը լավացնելու համար․ էլի մենք էդ ծրագրի մեջ չկանք»։
Չիլինգարյանի խոսքով՝ տարիներ շարունակ բնակիչները ջուրն իրենց տուն են հասցրել համայնքի մի քանի բակերում առկա ծորակներից, սակայն հիմա այդ տարբերակից էլ չեն կարողանում օգտվել․ խմելու ջուրը գնում են և չեն հասկանում՝ ինչպես է հնարավոր մեր օրերում մի ողջ բնակավայրի ջրամատակարարման հարցը չլուծված թողնել․
«Հիմա մենք գույքահարկ ենք մուծում, հողի հարկ ենք մուծում, աղբի փող ենք մուծում։ Էդ ո՞նց ա՝ Յուքոմը կաբել ա քաշել, Բիլայնը կաբել ա քաշել, գազը կա, հոսանքը կա, ջուր չկա, ոչ էլ փող կա՝ ջուր քաշելու»։
Բնակիչները խնդիրը բարձրաձայնում են արդեն մի քանի տարի, յուրաքանչյուր կառույց առաջարկում է պատճառները ճշտել մեկ այլ կառույցից։ Խնդրի հիմքերը հասկանալու համար «Ռադիոլուր»-ը փորձեց անցնել բողոքող բնակչից խնդրի պատասխանատու կառույց ճանապարհը։
Առաջին քայլը «Վիոլիա ջուր» ընկերությանը դիմելն էր։ Կառույցի մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված բնակավայրը չեն սպասարկում և ոչ էլ պիտի սպասարկեն․
«Մեր ընկերությունը ոչ թե ողջ Հայաստանի ջրամատակարարման ցանցն է սպասարկում, այլ այն բնակավայրերինը, որոնք մեզ հանձնված են շահագործման Կառավարության կողմից՝ ի դեմս Ջրային կոմիտեի։ Դա մոտավորապես 356 բնակավայր է՝ քաղաք և գյուղ, մնացածը մեր կողմից չեն սպասարկվում։ Էդ տարածքը մեր կողմից չի սպասարկվում, մենք դրանից ընդհանրապես տեղյակ չենք, իրենք պիտի էդ հարցերով դիմեն իրենց համայնքապետարան և իրենց տարածքային կառավարման մարմինների միջոցով խնդիրը լուծեն։ Մենք էնտեղ անելու ոչինչ չունենք, երբ տան մեզ շահագործման, մենք կշահագործենք»։
Դիմեցեինք համայնքապետարան։ Ջրվեժը խոշորացված համայնք է, որի մեջ ընդգրկված են Ջրվեժ, Զովք և Ձորաղբյուր բնակավայրերը։ Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը հավաստեց՝ այս տարածքում խմելու ջրի համակարգ երբևէ չի եղել․
«Ավելի ճիշտ կլինի, որ Ջրային կոմիտեի հետ խոսեք, որովհետև խմելու ջրի սպասարկումով համայնքապետարանը չի զբաղվում»։
Հաջորդ քայլը Ջրային կոմիտե դիմելն էր։ Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը «Ռադիոլուր»-ին ներկայացրեց՝ ջրամատակարարման բոլոր համակարգերը, որոնք Կառավարության որոշմամբ որպես նվիրատվություն փոխանցվել են կոմիտեին, վարձակալության են տրվել «Վիոլիա ջուր»–ընկերությանը, որն էլ կազմակերպում է ջրամատակարարումը։ Ջրվեժի նշված տարածքը միակը չէ․ Հայաստանի շուրջ 980 բնակավայրերից 580–ում ջրամատակարարման համակարգ չկա․
«Մենք ջրամատակարարման համակարգեր ունենք միայն 400 բնակավայրում։ Ինչ վերաբերում է Ջրվեժի ամառանոցային այգեգործական տարածքներին, այստեղ չկա, մենք ջրամատակարարման համակարգ չունենք։ Կոնկրետ տվյալ տարածքում էդ ծառայությունները պետք է մատուցվեն՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, համայնքների կողմից»։
Բնակչի բողոքի հետքերով պատասխանատու գտնելու ակնկալիքով «Վիոլիա ջուր» ընկերություն– համայնքապետարան– Ջրային կոմիտե ճանապարհը ևս մեկ անգավ հասավ համայնքապետարան։ Ջրվեժի համայնքապետ Ռուբեն Պետրոսյանի հետ երկրորդ անգամ ենք զրուցում։ Նշում է՝ ի սկզբանե չի պլանավորվել, որ Այգեգործական թաղամասերում պետք է քաղաքացիներ բնակվեն, խմելու ջրի և այլ ենթակառուցվածքների անհրաժեշտություն ևս չի եղել․
«Հիմա քանի որ պայմանները փոխվել են՝ քաղաքացիները սկսել են ավելի շատ բնակվել էնտեղ, խնդիրը սկսել է առաջանալ։ Ջրվեժ համայնքում խոշորացումից հետո 4000-ից ավելի այգեգործական հողամասեր կան։ Եթե մի տեղ համակարգն ամբողջությամբ գոյություն չունի, դուք ո՞նց եք պատկերացնում, որ համայնքն էդ հարցը լուծի։ Նախ՝ պետք է Ջրային պետական կոմիտեն մեզ ասի, թե 4000 այգեգործական հողակտորները որտեղից են ապահովվելու ջրով, որովհետև ջրի աղբյուրներ մենք չունենք։ Երկրորդ խնդիրը՝ էդ աղբյուրներից մինչև այգեգործական հողակտորները պետք է ջրագիծ կառուցվի։ Բնական է՝ համայնքն իր միջոցներով չի կարող դա անել։ Համապատասխան ցանց ստեղծելը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների խնդիր է, իսկ համայնքը էդ բյուջեն չունի»։
Ջրային կոմիտեից համայնքապետարանին տարբերակներ են առաջարկում՝ փնտրել պետական կամ մասնավոր ներդրումներ, դիմել սուբվենցիոն ծրագրերի և պետության համաֆինանսավորմամբ կառուցել ջրամատակարարման համակարգեր։ Համայնքապետը հակադարձում է՝ եթե սուբվենցիոն ծրագրերի դիմի, դարձյալ ստիպված է լինելու համայնքային բյուջեից լուրջ գումար ներդնել, ինչի հնարավորությունը չկա։
Եվ մինչ համայնքապետարանը, ջրային կոմիտեն և «Վիոլիա ջուր»–ը չեն կողմնորոշվում՝ ով, ինչ և ինչ ճանապարհով պիտի անի, Ջրվեժի և հանրապետության ևս 500 համայնքի բնակիչներ ամեն օր ստիպված են ջրի խնդիր լուծել։




