ԿարևորՔաղաքական

Ապաշրջափակման հարցերով եռակողմ խումբն ընդհատել է աշխատանքը

Առնվազն մեկ ամիս կամ ավելի երկար  Հայաստանը նոր  արտգործնախարար չի ունենա․ նախընտրական շրջանում կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, իսկ այս իրավիճակում սահմանադրական կարգավորումները նոր նշանակում անել թույլ չեն տալիս:

ԱԳՆ-ում  հրաժեշտի հանդիպման ժամանակ նախկին արտգործնախարարը խոսել էր իր որոշման պատճառների մասին: Ինչ վտանգների մասին էր ակնարկել Արա Այվազյանը՝ լրագրողները փորձել են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանից: Նա տեղեկացրել է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներն այս փուլում սառեցվել են:

Սահմանային վերջին միջադեպերից  և  հայ զինծառայողների գերեվարումից հետո ընդհատվել է ապաշրջափակման հարցերով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված խմբի աշխատանքը: Այն ձևավորվել  էր հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի հիման վրա: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, որը հայկական կողմից գլխավորում է աշխատանքային խումբը, մանրամասնում է պատճառները։

«Այդ աշխատանքները արդյունավետ կլինեն և արդյունքներ կտան մեկ դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում և սահմաններին այս իրադրության պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի մասով, տեսնենք ինչ շարունակություն կլինի»:

Սա նշանակում է, որ ապաշրջափակման հարցերի շուրջ աշխատանքային քննարկումները սառեցվել են առնվազն մայիսի 12-ից: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել «Զանգեզուրի միջանցքի» հարցում առաջընթացի և ընթացող  ակտիվ քննարկումների  մասին: Հետագա տարընթերցումներից խուսափելու համար Մհեր Գրիգորյանը  պարզաբանում է, թե ինչ մոտեցմամբ է աշխատանքային քննարկումներում առաջնորդվում Հայաստանը:

«Վստահեցնում եմ, որ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել  և չի քննարկելու: Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է: Բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, դա բացառվում է իմ քննարկումների օրոք: Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում ապաշրջափակման պարագայում: Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի:  Զորքեր կանգնած չեն լինելու այդտեղ: Այո, շատ դեպքերում մենք Հյուսիս-հարավին էլ ենք միջանցք ասում, բայց տվյալ դեպքում, քանի որ հարցը զգայուն է, ավելի հստակ պետք է արձանագրենք և ասենք դրա մասին»:

Գրիգորյանը համոզված է,  որ  առաջիկայում սահմանային խնդիրների լուծման հարցում միջազգային արձագանքն ավելի հստակ կլինի և  հնարավոր կդառնա դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծումը: Փոխվարչապետի պաշտոնակատարը բացառում է սահմանազատման և սահմանագծման հետևանքով  Ադրբեջանին տարածքներ զիջելու հնարավորությունը:

Իսկ ի՞նչ վտանգների մասին էր խոսում օրերս պաշտոնից հեռացած  ԱԳ նախարարը: Արա Այվազյանի հրաժարականը ժամանակագրորեն հաջորդեց Ազգային անվտանգության խորհրդի նիստին, որտեղ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց իրավիճակի հանգուցալուծման իր առաջարկը, ըստ որի՝   Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն, սահմանագծի երկայնքով պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն և նրանց հովանու ներքո սկսվի սահմանազատման աշխատանքը։

Արտգործնախարարի պաշտոնում պատերազմից հետո ընդամենը 7 ամիս պաշտոնավարած Արա Այվազյանը երեկ իր 7 րոպեանոց հրաժեշտի խոսքում արեց ձևակերպումներ, որոնք ավելի շատ հարցեր առաջացրին, քան բացահայտեցին հրաժարականի պատճառը:

«Ինձ համար եղել է մեկ չափանիշ. այս նախարարությունը պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևէ որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:

Փոխվարչապետի պաշտոնակատարը չի ցանկանում արտգործնախարարի պաշտոնակատարի փոխարեն պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում է՝ վտանգավոր զարգացումներ չկան, չկա նաև որևէ գաղտնի փաստաթուղթ:

«Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար, բոլորիս համար առաջնայինը ազգային շահն է, և որևէ առիթ չեմ տեսնում, բայց եթե կա նման միտք, ապա ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք նախկին նախարարին: Եկեք հասկանանք պահի լրջությունը։ Ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր առ այն, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան, ուղղակի չկա: Այն, ինչ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է։ Կարող եմ մի բան հավաստիացնել և վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի: Ուղակի չկա նման բան: Եվ ես կարծում եմ ավելորդ են նման շահարկումները»:   

Արտգործնախարարի պաշտոնակատարի հրաժարականի պատճառները չի հասկանում նաև խորհրդարանական ընդդիմադիր երկրորդ ուժի՝ ԼՀԿ–ի ղեկավար Էդմոն Մարուքյանը: Լսել է Արա Այվազյանի հրաժեշտի խոսքը, նախորդ օրն էլ եղել Անվտանգության խորհրդի նիստին: Այնտեղ բաց առճակատում և դժգոհություն չի տեսել: Ստեղծված իրավիճակում պատգամավորն այլ վտանգ է տեսնում:

«Զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել: Այստեղ այլ հանգամանք կա: Իմ կոչն ու ուղերձը պաշտոնատար անձանց այն է, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարություն է և սահմանադրա-իրավական կարգավորումները թույլ չեն տալիս հրաժարական տված որևէ նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար, և ցանկացած նախարարի հրաժարական այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»:

Սա գործող վարչապետի և ԱԳՆ-ի միջև տարաձայնությունների երկրորդ փուլն է:Արա Այվազյանից առաջ արտգործնախարարի պաշտոնից հրաժարականով հեռացել էր  Զոհրաբ Մնացականյանը, հետպատերազմական առաջին փաստաթղթի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից  մի քանի օր հետո:

Կարդացեք նաև

Back to top button