
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են 2020 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումները։ Այսօր տեղի է ունեցել առաջին նիստը՝ բոլոր հանձնաժողովների մասնակցությամբ: Քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 8-ը, իսկ հունիսի 15-ի կատարողականը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։ 2020–ի պետական բյուջեի, ցուցանիշային փոփոխությունների մասին խոսել են փոխվարչապետի, ֆինանսների նախարարի պաշտոնակատարները։
Գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել Կենտրոնական բանկի ու Հաշվեքննիչ պալատի նախագահները։ Նրանք արձանագրել են՝ մեկ տարվում Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկրից դարձավ միջին պարտքի բեռ ունեցող երկիր։ Կառավարությունից պատասխանել՝ օբյեկտիվ պատճառներ են եղել:
2020–ին, համավարակով ու պատերազմով պայմանավորված, պետական բյուջեում ավելացել են առողջապահական ու ռազմական ծախսերը, որքան՝ պարզ չէ։ Պարզ է, որ առաջացած սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում մոտ 200 մլրդ դրամ է ծախսվել։

Պլանավորած ու չպլանավորած ծախսերի արդյունքում 2020թվին Հայաստանի պետական պարտքը հատեց հարկաբյուջետային կանոններով սահմանված՝ 60 տոկոսի շեմը։ Այժմ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 63.5 տոկոս է, բյուջեի դեֆիցիտը՝ շուրջ 5 տոկոս։ Ցուիցանիծերի վերանայումը վերանայված հարկաբյուջետային քաղաքականության համատեսքստում ֆինանսների նախարարի պաշտոնակատարը տրամաբանական է համարում:
Ատոմ Ջանջուղազյանն ասում է. «Այսպիսի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման համար այլընտրանք, քան պարտքի կանխատեսվածից ավելի ներգրավումն էր, չկար։ Հարկաբյուջետային կաննոների տրամաբանությունը կառավարությանը պարտադրում է ներկայացնել հինգ տարվա հորիզոնում կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոս համարվող սահմանային շեմից իջեցման ռազմավարական ծրագիր»։
Բյուջեի պակասուրդն ավելի մեծ է, քան կապիտալ ծախսերն են՝ արձանագրում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: 2020–ին ընթացիկ առաջնային ծախսերի աճը գերազանցել է նախորդ յոթ տարվա անվանական ՀՆԱ–ի աճի միջին տեմպը.
«Կապիտալ ծախսերի ծավալների արդյունավետության բարձրացումը շարունակել է խնդրահարույց լինել տնտեսական ներուժի պահպանման, ընդլայնմանն ուղղված երկարաժամկետ նպատակների իրագործման տեսանկյունից»։

Կենտրոնական բանկում ու հաշվեքննիչ պալատում ցուցանիշերը մտահոգիչ են համարում։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի դիտարկմամբ՝ պարտքի ավելացումը ուշագրավ զարգացում է.
«Մի շարք մակրոտնտեսական ցուցանիշերով ՀՀ-ն արդեն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է միջին պարտքի բեռ ունեցող երկրների խումբ։ Այս պայմաններում Հաշվեքննիչ պալատն ընդգծում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջի կարևորությունը՝ առաջիկա հինգ տարիների համար մշակել պարտքի ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու ծրագիր»:
Յոլյանը կարևորում է պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը: Պարտքի շեմի բարձրացումն ու կառավարման արդյունավետությունը հաշվեքննիչ պալատի՝ պետական բյուջեի կատարողականում արձանագրած միակ խնդիրները չեն։ Այստեղ նաև պարզել են, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել։ Ավելին, ծրագրային բյուջետային ոլորտում իրականացված ուսումնասիրությունները արձանագրում են, որ ծրագրային միջոցառումներից 17,7 տոկոսի գծով դեռևս ոչ մի արդյունքային ցուցանիշ սահմանված չէ, հետևաբար, այդ միջոցառումների արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել:

Հաշվեքննիչ պալատում նաև արձանագրել են՝ «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված 109 միջոցառում՝ ավելի քան 67,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, չի կատարվել։ Հաշվեքննիչ պալատի նախագահը պարզաբանում է՝ դրանց գծով վճարումներ չեն իրականացվել: Խնդիրներ են արձանագրել նաև պետական գնումների համակարգում։ 2020 թվականին պետական մարմինների կնքած պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով: Լևոն Յոլյանը, վերլուծելով իրավիճակը, արձանագրում է. «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել: Որոշակի հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ։ Յոյլյանի այս հայտարարությանն արձագանքելով՝ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը հարցնում է.
«Ասացիք, որ մեկ անձից կատարված գնումներն ավելացել են, պետք է ավելանային։ Կովիդով պայմանավորված են ավելացել։ Հրատապ գնումների աճով է պայմանավորված, ինչն էլ միջին մասնակցությա՞նն է բերել, թե այլ դիտարկումներ ունեք»։
Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց՝ իրենք իրավիճակի նկարագրությունն են տվել։ Չնայած մատնանշված խնդիրներին՝ հաշվեքննիչ պալատը 2020թ պետական բյուջեի կատարողականին դրական եզրահանգում տվեց։




