Երեխաները բոլոր ժամանակաշրջաններում և հասարակարգերում մշտապես եղել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավը: Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն ու ապահովումը ինչպես միջազգային իրավական, այնպես էլ յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրներից են:
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Սովորաբար այն վերածվում է տոնի, նշանավորվում տարաբնույթ միջոցառումներով, մեծ զբոսանքներով։
Հ. Պարոնյանի անվան թատրոնում այսօր ցուցադրվում է ներկայացում ՝ հատուկ խնամքի կարիք ունեցող և մանկատների սաների համար, փորձ է արվում նրանց մի փոքր ուրախացնել, հիշեցնել նաև, որ նրանք ևս հասարակության լիարժեք անդամներ են:
Հակոբ Ղազանչյան. բեմադրիչ ռեժիսոր․ Մեր վերջին պատերազմից հետո հանդիպեցի մի շուշեցի տղամարդու, որը մասնակցել էր Արցախյան բոլոր պատերազմներին։ Նա մի հետաքրքիր բան ասաց՝ 90-ականներին հաղթեց սովետական կրթությունը: Դա մի այլ առիթով ասել էր նաև Սոս Սարգսյանը: Այսօր մեր կրթությունը վտանգված է:
Ռուբինա Պետրոսյան. իրավաբան- առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրական կամ այլ մակարդակներում քայլեր ձեռնարկվել են և ձեռնարկվում են այս երեխաների իրավունքների պատշաճ իրացման, պաշտպանության հետ կապված, սակայն ամենօրյա ռեժիմով արձանագրվում են որոշակի խնդիրներ:
Վերջին շրջանի վիճակագրության համաձայն 2015 թվականից մինչ այսօր ՀՀ-ում կա առանց ծնողական խնամքի մնացած 913 երեխա, 603 երեխա խնամք և դաստիարակություն են ստանում մանկատներում: Ընտանեկան դաստիարակության որդեգրված սկզբունքը պատշաճ իրացում չի ստանում, իսկ պատճառները տարբեր են: