
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցվածների 16 տոկոսն ասել է, որ Փաշինյանի վերաբերյալ կարծիքը «շատ դրական» է, 29 տոկոսի կարծիքը «դրական» է, 13 տոկոսինը՝ «բացասական», 20 տոկոսինը՝ «շատ բացասական»:
Երկրորդ տեղում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն է: Նրա նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ դրական», իսկ 35 տոկոսը՝ «դրական»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ դրական», 15 տոկոսը՝ «դրական», 16 տոկոսը՝ «բացասական», 42 տոկոսը՝ «շատ բացասական»:
Հարցվածների 72%-ը պատրաստվում է մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, 14%-ն ասել է, որ վստահաբար չի մասնակցի: 55%-ը հրաժարվել է պատասխանել, թե որ քաղաքական ուժի օգտին է քվեարկելու, 26%-ն ասել է, որ ձայնը կտա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: 26%-ը վստահավաբար ձայն չի տա Հայաստանի հանրապետական կուսակցությանը, 18%-ը չի քվեարկի Բարգավաճ Հայաստանի, 18%-ն էլ՝ Քաղաքացիական պայմանագրի օգտին:

Երկրի առաջ ծառացաց խնդիրներից ամենակարևորը հարցվածների 12 տոկոսը համարում է քաղաքական անկայունությունը, խնդիրների թվում են նաև գերիների վերադարձը (11%), գործազրկությունը (11%):
Հարցվածների 70%-ն ասել է, որ հնարավորության դեպքում չի տեղափոխվի այլ երկիր՝ մշտական բնակության, 57%-ը ժամանակավոր աշխատանքի նպատակով էլ չի գնա:
Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ — Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021 թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցմանը մասնակցել է 1502 մարդ:






