
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված է առողջապահական 5 կենտրոն: Դրանց թվում է Նևրոզների կլինիկան, որն արդեն երկրորդ անգամ է ներկայացվում մասնավորեցման։ Առաջինի դեպքում հայտատուներ չեն եղել։ Եթե երկրորդ անգամ էլ առողջապահական այս հիմնարկը ներդրումների համար գրավիչ չլինի ու չմասնավորեցվի, կենտրոնը կլուծարվի։ Ին՞չ հիմնավորմամբ և ինչ տրամաբանությամբ են մասնավորեցման դրվել առողջապահության նախարարության ենթակայության կլինիկաները, գերատեսչությունից չեն մեկնաբանում։
Վերջին մի քանի տարում մասնավորեցման են դրվել առողջապահության նախարարության ենթակայության մի շարք բուժհաստատություններ, այդ թվում՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը», «Հանրապետական անձավաբուժական», «Ռադիոիզոտոպների արտադրության», «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» կենտրոններն ու «Նևրոզների» կլինիկան և ոչ միայն։ ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Դավիթ Մելիք-Նուբարյանը դեռ առողջապահության նախարարությունում աշխատելու տարիներից է հիշում՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության և այրվածքաբանության ազգային կենտրոնների մասնավորեցման վերաբերյալ լուրջ տարաձայնություններ կային՝ երկու մոնոպրոֆիլ կենտրոնները ներառե՞լ մասնավորեցման ցանկում, թե՞ ոչ։
Բանավեճերով հանդերձ՝ դրանք ներառվեցին մասնավորեցման ցանկում։ Սակայն Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության և Այրվածքաբանության ազգային կենտրոնները առողջապահության նախարարի և ըստ այդմ՝ առողջապահական քաղաքականություն փոխվելուց հետո վերադարձվեցին ԱՆ ենթակայությանը։ Իսկ Նևրոզների կլինիկան տարիներ շարունակ պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում է և արդեն երկրորդ անգամ կառավարության որոշմամբ ներկայացվում է մասնավորեցման։ Առաջին՝ 2020 թվականի մրցույթը չկայացավ հայտատուներ չլինելու պատճառով։ Շուրջ 230 մլն դրամ գնահատված ակտիվներով «Նևրոզների կլինիկայի 100 տոկոս պետական բաժնետոմսերի նվազագույն գինը շուրջ 163 մլն դրամ է՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ Արմեն Մելիք–Իսրայելյանը «Ռադիոլուրին» ներկայացնում է մրցույթի պարտադիր պայմանները՝ 164 մլն դրամից ոչ պակաս գումար և ներդրումների մեծ ծավալ առնվազն 5 տարվա համար։ Ամենաբարձր գինն առաջարկողը ճանաչվելու է հաղթող՝ ասում է Մելիք–Իսրայելյանն ու թվարկում գնորդին առաջարկվող մյուս պահանջները։
«Եթե նոր գնորդ է հայտնվում և հաղթող է ճանաչվում, ապա նա իրավունք չունի աշխատողներին ազատել կամ աշխատավարձերը կրճատել։ Այս մարդիկ պետք է առնվազն 6 ամիս աշխատեն, իսկ հետագայում փոփոխություններ լինելու դեպքում ժամանակ կունենան կարգավորել իրենց խնդիրները։ Նաև երեք տարի ժամանակ է տրվում վճարման համար»։
Կարևոր մեկ պայմանն էլ կա՝ մասնավորեցումը չպետք է ազդի կլինիկայի հանրային նշանակության վրա․ գնորդը պարտավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։ Պայմանի չկատարման, ինչպես նաև գնորդի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձման: Սեփականատիրոջ հնարավորություններից կախված՝ կարող են այլ ծառայություններ էլ գործել՝ ասում է Պետգույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետը։ Արմեն Մելիք-Իսրայելյանը չի կարող բացատրել, թե ինչու մասնավորեցման նախորդ մրցույթին մասնակից չի եղել, բայց համարում է, որ բժշկությունը բիզնես դաշտում շահավետ գործունեություն է։
«Նևրոզների կլինիկան պետպատվերով է գործում․ դա առաջին գործոնն է, որ կարող է գրավիչ լինել գնորդի համար։ Փաստացի նման ծառայության համար պետությունը վճարում է, այսինքն՝ այդ վճարը արդեն կարող է շահավետ լինել։ Երկրորդ՝ հնարավորություն է տրվում ստեղծել այլ բժշկական ծառայություններ, որոնք ևս կարող են շահավետ լինել»։
Ինչո՞ւ է նպատակահարմար գտնվել մասնավորեցման դնել տարեկան շուրջ 700 պացիենտի սպասարկող, պետության համար խիստ կարևոր նշանակության այս կլինիկան։ Արմեն Մելիք-Իսրայելյանը վստահ է՝ մասնավորեցումը չի խոչընդոտի կլինիկայի գործունեությանը, չի հանգեցնի կլինիկայի փակմանը։ Հակառակը, կլինիկան զարգացնելու նոր հնարավորություններ կստեղծվեն։
«Եթե պետությունը հնարավորություն չունի անհրաժեշտ ողջ գումարը ներդնել և ստեղծել արդիական կլինիկաներ, ապա դիմում է այդ քայլին, որպեսզի դրսից ներդրողներին ներգրավեն գործընթացում։ Մասնավորեցումը նորմալ գործընթաց է»։
Հայաստանում 2016-2019 թվականներին հոգեկան և վարքագծային խնդիրներ ունեցողների թիվն ավելացել է 30 տոկոսով։ Պատերազմից հետո նրանց թիվն ավելի կմեծանա՝ «Ռադիոլուրին» իր գնահատումն է փոխանցում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Կա միջազգային վիճակագրություն, ըստ որի՝ առաջիկա 10 տարում պատերազմի միջով անցած մարդկանց 9 տոկոսի մոտ զարգանում է ծանր և միջին ծանրության հոգեկան խանգարում։ Հայաստանում նևրոզների բուժումն իրականացվում է Խորհրդային միությունից ժառանգած մեթոդներով՝ ասում է զրուցակիցս, բայց և նկատում՝ մինչդեռ ԱՀԿ–ն այլ մոտեցում է խորհուրդ տալիս․ հոգեբուժարաններից անցնել համայնքային առողջության կենտրոնների, հոգեկան առողջության ծառայությունները մոտեցնել մարդուն։ Այսինքն՝ դրանք տրամադրել պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում։ Այս համատեքստում նևրոզների կլինիկայի մասնավորեցման մոտեցումն ու նպատակը մասնագետն անհասկանալի է համարում։
«Անհասկանալի է դրա նպատակը։ Պետք է պրոֆիլը չպահվեր, փոխարենը ստեղծվեին համայնքային կենտրոններ։ Մասնավորեցվեր և այդ գումարը կառավարությունը վերցներ և պարտավորվեր, որ մասնավորեցումից ստացված գումարով բացելու է, օրինակ, Կոտայքում հոգեկան առողջության այլընտրանքային կենտրոն, որը սպասարկելու էր, օրինակ, սթրեսի հետևանքով առաջացած խնդիրները, դա կլիներ տրամաբանական։ Բայց քանի որ պրոֆիլը չի փոխվում, դա մասնավորեցվում է, անհասկանալի է դրա նպատակը»։
Նևրոզների կլինիկայի դեպքում անհրաժեշտ է պետության վերահսկողություն, ինչը թույլ կտա քիչ թե շատ ապահովել պացիենտների իրավունքների պաշտպանությունը, քիչ թե շատ ապահովել ֆիզիկական պայմանների բարելավում՝ վստահ է Մելիք-Նուբարյանը։ Իսկ մասնավորի դեպքում չի պատկերացնում, որ հոգեբուժությունը կլինի շահավետ։ Ուստի վերապահումով է մոտենում միապրոֆիլ, կարևոր նշանակության բժշկական հաստատությունների մասնավորեցմանն առհասարակ։
«Եթե մենք շարունակում ենք մարդկանց կենտրոնացնել հոգեբուժարաններում ու առկա ցանցը շարունակաբար կրճատում ենք, դա այնքան էլ լավ որոշում չէ»։
Ի՞նչ հիմնավորմամբ են մասնավորեցման դրվել առողջապահության նախարարության ենթակայության կլինիկաները, առողջապահական գերատեսչությունից չեն մեկնաբանում։ Իսկ պետական գույքի մասնավորեցման 2021-2023 թվականների ծրագրում ընդգրկված են Նևրոզների կլինիկայի մասնավորեցման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 18–ն է։





