ԿարևորՀասարակություն

Զբաղվածության կենտրոնի աշխատակիցը՝ գործազուրկ. պատճառը սոցիալական ոլորտում վերակազմավորումն է

2021թ․ապրիլի 1-ից հանրապետությունում գործում են Միասնական սոցիալական ծառայություններ։ Դրանց են վերապահվել զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների լիազորությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցրել էր, որ վերակազմավորման գործընթացում կրճատումներ չեն լինի, բայց ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ այսօր դարձել  են գործազուրկ:

Աիդա Սահակյանը զբաղվածության ոլորտում է շուրջ 30 տարի։ Վանաձորի Զբաղվածության կենտրոնումգործատուների հետ համագործակցության և աշխատաշուկայում տվյալների հավաքագրման բաժնի պետն էր: Պարգևներ էլ է ստացել՝ ոլորտը կայացնելու համար: Կառավարության նոր որոշումը, սակայն, անտեսել է նրա փորձն ու ավանդը: Տարիներ շարունակ գործազուրկներին աշխատանքի տեղավորած քաղծառայողն այսօր  զրկվել է աշխատանքից: Աիդա Սահակյանը պատմում է.

«Ինձ փողոց են նետել շատ անհիմն ձևով, ընդ որում ես ունեմ նաև հաշմանդամության կարգ: Նման կառույց չկար, մենք 0-ից  ենք ստեղծել: Շվեդիա եմ գնացել, այդ բնագավառում վերապատրաստվել ու  փորձը բերել, այսօր ինձ լկտիավարի փողոց գցեցին: 3 հաստիքներում դրել են ինձնից ցածր քաղծառայության ստաժ ունեցողներին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: Պետք է հիմնավորեն՝ ի՞նչ հիմունքներով են նրանց ընդունել»:

Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունները, համաձայն որոնց Համալիր սոցծառայությունների կենտրոնները վերակազմավորվել ու դարձել Միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններ: Ապրիլմեկյան կատակի լրջությամբ վերախմբագրվել է նաև Վանաձորի սոցիալական ոլորտի աշխատողների գործունեությունը: Համալիր սոցծառայությունների կենտրոնի արդեն նախկին համակարգող, Սոցապահովության պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային կենտրոնի նախկին պետ Արմեն Փոթինյանը չէր էլ պատկերացնի, որ 1 բառի փոփոխությունը կփոփոխի նաև իր կարգավիճակը:  

«Կա կառավարության որոշում, որն ստորագրել է ՀՀ վարչապետը՝  «սոցիալական ապահովություն» բառերը փոխարինել «միասնական սոցիալական» բառերով:  Ես չէի պատկերացնում, որ բառերը փոխելով, նման կադրային խիստ փոփոխություն կարվի»:

Անգործ մնացած աշխատակիցների մեծ մասը խուսափում են հարցազրույցներից: Տպավորություն ունեն, թե կառավարությունն ընտրություններից առաջ  վերջին վատությունն արեց իրենց ու բարեփոխումների անվան տակ ազատվեց հին կադրերից: Հիմնական հարվածը կրել են զբաղվածության կենտրոնների աշխատակիցները: Վանաձորում նրանք 11-ն էին, մնացել են 3-ը:  Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոնի նախկին պետ Նունե Անտաշյանը հարցազրույցից հրաժարվեց՝փոխանցելով,  որ գործընթացը ոչ թե բարեփոխում էր, այլ քաղծառայության պաշտոնների զավթում՝ օրենքով: Մրցույթները, նրա դիտարկմամբ, ավելորդ  ծախս էին պետբյուջեի վրա: Տնօրեն են նշանակվել անտեղյակ մարդիկ։ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասում է՝ կրճատումներն արվելու են արդյունավետության նկատառումներից ելնելով:

«Արդյունավետությունից ելնելով՝ կրճատումներ որոշակի լինելու են, բայց հենց զբաղվածության մասով, որպես այդպիսին, ոչ: Ծրագրերը, որոնք իրականացվել են ու իրականացվելու են, հաշվարկված են աշխատողների քանակով: Հաստատված հաստիքացուցակով  մենք տեսնում ենք, որ 3 հոգով դա հնարավոր է անել, ինչի 10 հոգի պահենք»:

 Կրճատումներին անդրադարձող մամուլի հրապարակումներին ի պատասխան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, մասնավորապես նշելով. «Ինչպես նախապես հայտարարվել է՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը և նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի, համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղին են»։

Նշենք, որ մամուլը գրել էր, թե գործից զրկվել է 300 աշխատակից։ Քաղծառայության խորհրդականի 2-րդ դասի դասային աստիճան ունեցող Աիդա Սահակյանը հղում է անում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածին, համաձայն որի՝  պետական մարմինների վերակազմակերպման դեպքում քաղծառայողները ոչ միայն չպետք է ազատվեն պաշտոնից, այլև պետք է վերանշանակվեն վերակազմակերպման արդյունքում ձևավորված նոր պաշտոններին։ Ստացվում է, որ խախտվել է ոչ միայն քաղծառայության մասին օրենքը, այլև հայտարարված ժամանակավոր թափուր պաշտոնների մրցույթների կարգը: Աիդա Սահակյանին պարզ չէ՝ ի՞նչ չափորոշիչներով են անցկացվել այդ մրցույթները, եթե որոշ նշանակումներ արվել են մինչև մրցույթների արդյունքների ամփոփումը:

«Ապրիլի 22-26-ը, մինչև ապրիլի 26-ը, ցանկացած մարդ կարող էր իր փաստաթղթերը ներկայացնել, բայց ապրիլի 26-ը դեռ չեկած՝ ապրիլի 22-ի նույն օրը զանգ եկավ արդեն տրված թղթերից, որ դուք անցել եք աշխատանքի: էդ ընտրության չափորոշիչները մինչև հիմա չեն ասում, ո՞նց ա կատարվել՝ ի՞նչն են հիմք ընդունել: Ես կոնկրետ գիտեմ՝ հենց կոնկրետ իմ հիմնարկում նշանակվածն ինձնից քաղծառայության ավելի ցածր աշխատանքային ստաժ ունի: Ես համոզված եմ, որ գործել է ծանոթության մեխանիզմը»։

Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք նախարարության հավաստիացումները՝ թե կրճատումներ չեն լինելու, համապատասխանում է իրականությանը: Այվազյանը խուսափեց թվեր հրապարակելուց: Ընդամենն ասաց, որ աշխատակազմի ձևավորումն ընթացքի մեջ է, նախկին աշխատողների 70-80 %-ը վերականգնվել են.

«Հիմա էս պահին 3-րդ փուլն է ընթանում: 3-րդ փուլով էլ են մարդիկ դիմել:  3-ը 5 է դարձել, ու դեռ մրցույթներ կան, հնարավոր է՝ 5-ն էլ 9 դառնա: 24 հոգի սոցիալականում են եղել, որոնք ազատվել էին աշխատանքից, արդեն 17 հոգին հրամանով վերանշանակված են, 7 հոգու հարցով մրցույթ կա հայտարարված»:

Մեր տեղեկություններով, սակայն, զբաղվածության ոլորտի աշխատողների վերաբերյալ Այվազյանի փոխանցած թվերը  քիչ ավելին են, նրանցից միայն 3-ն են առայժմ վերականգնվել: Աշխատանքից զրկված Աիդա Սահակյանը որոշել է պաշտպանել իր խախտված աշխատանքային իրավունքը: Նամակ է ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել անարդար այս մոտեցումը և վերականգնել իրեն աշխատանքում: Չգոհացնող պատասխանի դեպքում դիմելու է վարչական դատարան:

Կարդացեք նաև

Back to top button