
Լավ սովորելը ուսումնական տարվա ավարտին կարող է արժեքավոր մրցանակներ բերել։ Մեկնարկել է «Դասարան» կրթական ծրագրի թիմի ստեղծած «Կորիզ» կրթական նախագիծը: «Դասարան»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Կորիզ»-ի նպատակն է բացահայտել դպրոցական տաղանդներ, խրախուսել նրանց կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։ «Դասարան»-ի թիմն արդեն 12 տարի ուսումնասիրում է հանրակրթության ոլորտը, վերջին 5,5 տարվա ընթացքում ուսումանասիրում են նաև կրթական թռիչք արձանագրած երկրների՝ Գերմանիայի, Ֆինլանդիայի փորձը։ «Կորիզ»-ի գաղափարը ծնվել է այդ ուսումնասիրությունից:
«Ծագեց գաղափար, թե ի՞նչ կարող ենք անել, որ գոնե տարին մեկ անգամ աշակերտը հասկանա, որ բոլորը կարևորում են իր կրթվելու ճանապարհը, իսկ այդ ճանապարհին աշակերտին այդպիսին դարձրել է ուսուցիչը, և նրան ևս մեծարել է պետք։ Մտածեցինք՝ ինչպես անել, որ աշակերտն ու ուսուցիչը ունենան իրենց, այսպես ասած, Օսկարը, և ստեղծվեց «Կորիզը»,-ասում է Սուրեն Ալոյանը։
«Կորիզ»-ը նախատեսված է 5-12-րդ դասարանների աշակերտների համար, Սուրեն Ալոյանի խոսքով, մասնակցել կարող են բոլորը՝ անկախ դպրոցում առաջադիմության աստիճանից.
«Բոլոր աշակարտները տարին մեկ անգամ ունեն կոնկրետ օրեր և ժամեր, որի ընթացքում Koreez.am հարթակում կարող են պատասխանել հարցերի, թեստերի, որոնք կհամապատասխանեն տվյալ ուսումնական տարվա առարակներին, եթե նա հայտնվի լավագույնների ցուցակում, կստանա, այսպես ասած, տոմս՝ դեպի «Կորիզ» մրցանակաբաշխություն»,-նշում է Սուրեն Ալոյանը։
Հարցերն արդեն կազմված են՝ բոլոր դասարանների համար, կազմողները՝ «Դասարան» թիմի հետ համագործակցող մանկավարժներ են։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված են առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղեր: Հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ՝ նոթբուքեր, պլանշետներ, հեռախոսներ։ 80-100 աշակերտ էլ կստանան խրախուսական մրցանակներ, մնացած բոլոր մասնակիցներին կտրվեն պատվոգրեր։ 5-6, 7-8, 9-10, 11-12-րդ դասարանի աշակերտները «Կորիզ»-ի հարցերին կարող են պատասխանել հունիսի 16-ին, 17-ին, 18-ին և 19-ին։
Սուրեն Ալոյանի խոսքով՝ Հայաստանում ամենակարևոր մասնագետն ուսուցիչն է, նրա դերի բարձրացմամբ է հնարավոր լավ սերունդ կրթել, աշակերտը պետք է տեսնի իր գիտելիքի արդյունքը, և այդ գիտելիքը նրան փոխանցող ուսոցիչը պետք է լինի սոցիալապես ապահով և հաջողակ։ Դասարանի հիմնադիրն ամիսներ առաջ ճանաչվել էր 2021 թվականի «Երիտասարդ գլոբալ առաջնորդ»։ Գնահատվել էին նրա բացառիկ ներդրումները մասնագիտական և հասարակական կյանքում: Սուրենը Հայաստանը նման պատվավոր հարթակում ներկայացրած առաջին անձն է: Գլոբալ առաջնորդի կարգավիճակում վարած գործունեության մասին պատմում է.
«Արդեն 3-րդ ամիս՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ես ճանաչվել եմ գլոբալ առաջնորդ, ես գիտեի, որ սա ֆանտաստիկ հնարավորություն է, և հիմա էլ համոզվում եմ, մենք մոտ 120-140 մարդկանցով դեռ zoom-ով հավաքվում ենք, օրակարգեր ենք քննարկում, մեր պետությունների կողմից առաջնահերթություն ճանաչված ուղղություններ և մեր պետության օրակարգերն են առաջ քաշում քննարկում, խոսում ենք,-պատմում է Սուրեն Ալոյանը»։

«Կորիզ» վերաբերյալ Համաշխարհային տնտեսական ֆորումի ստեղծած այս հարթակում քննարկում դեռ չի անցկացվել,-ասում է Սուրեն Ալոյանը: Մեկնարկը նոր է տրվել, սպասում են աշակերտների հավաքագրմանը, նախատեսում են, որ մրցանակաբաշխությանը կունենան մոտ 1000 հյուր՝ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ։ Ներկա կլինեն նաև «Կորիզ» համադպրոցական կրթական շարժման, այսպես ասած, կրթության դեսպանները: Նրանք էլ մրցանակները կհանձնեն աշակերտներին։






