
Այսօր՝ մասյիսի 25-ին, ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, անդրադառնալով կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ասել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից եռակողմ հայտարարության ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը և ընթացիկ բանակցային գործընթացն ամրապնդում են երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկարը»,- ասել է Վալերի Սեմերիկովը:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ՝ «Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերի լուծումը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով իրականացնելու համար»:
Հանդիպման մասնակիցները լսել են նաև ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը «ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին», որտեղ նա գնահատել է իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզի Ադրբեջանին սահմանակից շրջաններում և նշել ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը:




