
Տնտեսությունը որոշակիորեն վերականգվում է, խուսափել ենք խորը ռեցեսիայից, բայց երկնիշ տնտեսական աճի ակնկալիքն իրատեսական չէ՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։ Նրա խոսքով՝ երկնիշ աճը սցենարներից մեկն է, որն ինչ-որ փուլում գուցե իրականություն դառնա, բայց նախադրյալներն առայժմ դրա մասին չեն վկայում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը ընդամենը 2․6 տոկոս է՝ հիշեցնում է փորձագետը։
Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է այս տարվա առաջին չորս ամիսների տնտեսական ցուցանիշերը։ Դրանք վկայակոչելով՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ «ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում են, իսկ երկնիշ տնտեսական աճ լինելու է»։
Արմեն Քթոյանը կարծում է, որ անցյալ տարվա առաջին չորս ամիսները համադրելի չեն այս տարվա նույն ժամանակահատվածի հետ։
«Դժվար է ասել, թե աճն ինչի հաշվին է գրանցվել՝ լոքդաունի հաղթահարմա՞ն, լավ արդյունքների՞, թե՞ այլ բանի։ Այստեղ խնդիր կա»,-ասում է փորձագետը։




