
Օդում փոշու կոնցենտրացիան վերջին օրերին ավելացել է 2-ից 8 անգամ: Պատճառը մայիսի 22-ին և 23-ին անապատային փոշու մեծ կոնցենտրացիայով հոսանքների մուտքն է հանրապետություն։ Տեղեկությունը «Ռադիոլուր»-ին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Մասնագետները փաստում են, որ այս գերազանցումն անոմալ չէ, եղել են դեպքեր, երբ օդում փոշում քանակը գերազանցել է թույլատրելիի սահմանը մինչև 30 անգամ։
Երևանում փոշու կոնցենտրացիան 2–ից 8 անգամ շատացել է. այս վերջին տվյալները «Ռադիոլուր»-ին փոխանցում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։ Նշում է՝ անցնող օրերին փոշու պարունակության թույլատրելի կոնցենտրացիայի ամենամեծ գերազանցումները՝ 7 և 14 անգամ, գրանցվել են Կենտրոնում՝ Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանում։
Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային կոնցենտրացիան չորս օրերի ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ մայիսի 20-ին և 22-ին, Արաբկիրում՝ մայիսի 22-ին:
Կենտրոնը միայն Երևանում ունի 5 դիտակայան ու 45 դիտակետ։
Փոխտնօրեն Գայանե Շահնազարյանն ասում է, որ Երևանում փոշին նոր խնդիր չէ. վերջին տարիներին նույն պատկերն է.
«Փոշու կոնցենտրացիայի դեպքերը քանակի ու գերազանցման չափով վերջին օրերին գրանցվել են Կրկեսի մոտ տեղադրված դիտակայանում։ Մնացած դիտակայաններում կրկին աճ ենք ունեցել, սակայն, ամենաբարձրը Ագաթանգեղոսում է գրանցվել։ Չէի ասի, որ փոշու կոնցենտրացիայի գերազանցումը անոմալ էր, քանի որ նման բարձր ցուցանիշ ունեցել ենք»։
Մասնագետը հիշեցնում է՝ եղել են օրեր, երբ փոշու քանակը 20-30 անգամ ավելին է եղել: Գայանե Շահնազարյանը բացատրում է՝ այս պահին մոնիթորինգն իրականացվում է ակտիվ նմուշառման եղանակով։

«Փոշու դեպքում ֆիլտրի միջոցով ենք նմուշառում իրականացնում։ Դրանք մեկ օր՝ 24 ժամ, տեղադրում ենք դիտակայանում, հաջորդ օրը նույն ժամին հավաքում ենք, բերում լաբորատորիա, կշռում փոշին»։
Օդում՝ փոշու թույլատրելի սահմանաչափի պահպանումից պակաս կարևոր չէ հարցը, թե որքան է փոշին մնում օդում, երբ ու ինչպես է անհետանում, որքան է փոշու կոնցենտրացիան պահպանվում։ Պարզվում է՝ երևանյան փոշին երկար ժամանակ պահպանվում է ՝ անգամ անձրևներից հետո.
«Երբ անձրևը գալիս է, մեզ թվում է, թե փոշին հեռացավ քաղաքից։ Իրականում, չի հեռանում, այլ կուտակվում է բակերում, քանի որ չկան ջրահեռացման համակարգեր, որպեսզի ցեխաջրերը հեռացվեն։ Ուստի, չորանալուց հետո փոշին կրկին օդ է բարձրանում։ Անձրևներից հետո փոշու ամբողջական հեռացում չի լինում »։
Փոշի չստեղծելու համար կարևոր է շինհրապարակներում կանոնների պահպանումը, ջրահեռացման համակարգերի առկայությունը, կանաչ տարածքները։
Փոշու քանակի ավելացումը ավելացնում է հիվանդությունների թիվը: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը թվարկում է.
«Մասնավորապես ԱՀԿ–ն նշում է, որ մթնոլորտում փոշու ավելացման հետևանքով առաջանում են ալերգիկ հիվանդություններ, քանի որ օրգանիզմը սկսում է պաշտպանվել։ Սա էլ իր հետ ալերգիա է բերում։ Միաժամանակ նշեմ, որ մթնոլորտի աղտոտվածության ու բնակչության աղտոտվածության պատճառահետևաքնային կապը բացահայտելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ու խորացված համաճարակաբվանական ուսումնասիրություն անցկացնել։ Քանի որ մեկի օրգանզիմի վրա նույն նյութը կարող է մի ձև ազդել, մյուսի օրգանզիմի վրա՝ մեկ այլ ձև»։
Ալերգիայի առաջացմանը նպաստում է ոչ միայն փոշին։ Սա բազմագործոն հիվանդություն է՝ ժառանգականից մինչև ծխախոտային կախվածություն, ուստի, պատճառահետևանքային կապը տարանջատելը դժվար է։
Մի կարևոր արձանագրում ևս. մասնագետները փաստում են՝ օդում փոշու քանակի անթույլատրելի ավելցուկ կա ոչ միայն Երևանում. պատկերը նույնն է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում։




