
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է շուրջ 51 մլն դրամով ավելացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն։ Ավելացումը կոնկրետ նպատակ ունի՝ մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցումը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի Քաղաքաշինության կոմիտեին՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Մանկապարտեզները կկառուցվեն բոլոր այն համայնքներում, որտեղ դրա կարիքը կա։ Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի 144 երեխայի համար։
«Գյուղի երեխա են։ Ամբողջ օրը առավոտը լույսը բացվում է, արևի տակ, հողի մեջ։ Ոչ մի բան չեն սովորում, դուրսն են կամ համակարգչի առաջ»։
Մանկապարտեզի խնդիրը միայն Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքինը չէ։ Նույն խնդիրն ունեն Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչները։
«Եվ կինս, և եղբորս կինը կրթություն ունեն, չեն կարողանում աշխատեն, երեխաներին են պահում»։ «Երեխայիս տանում էի կողքի գյուղ մանկապարտեզ ու շատ դժվարությամբ»։ «Հարևան Մարտունի համայնք ենք միշտ տարել–բերել, թեկուզ 10-12 կմ հեռավորության վրա է։ Համայնքում մանկապարտեզ ունենալը կարևորագույն խնդիր է, դեռ 2010 թվականից միշտ ձգտել ենք ունենալ»։
Կառավարությունը խոստանում է, որ շուտով մարզերում երեխաները ստիպված չեն լինի մնալ տանը, հեռախոսով զբաղվել ու թույլ չտալ ծնողներին աշխատանքի գնալ։ Գործադիրի որոշմամբ հանրապետության բոլոր մարզերում, որտեղ համայնքային մանկապարտեզներ չկան, մոդուլային մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն։ Միայն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում մանկապարտեզային տարիքի առնվազն 200 երեխա կա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց համայնքապետ Ջասմ Հասանի Մախմուդովը։
«Սովետական կարգերից հետո Ալագյազում մանկապարտեզ չի եղել։ Ծնողները անընդհատ ահազանգում էին, թե ինչու համայնքում մանկապարտեզ չի կառուցվում։ Միանշանակ սա շատ կարևոր պահանջ էր, որը կատարվեց կառավարության կողմից»։

Արմավիր Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը ևս մեծ սպասելիքներ ունի մոդուլային մսուր մանկապարտեզից։ Իրենց համայնքինը , կարծում է, մինչև տարեվերջ կբացվի։
«Բավականին մեծ է մեր համայնքը՝ շուրջ 3000 բնակիչ։ 144 երեխայի համար մանկապարտեզ է կառուցվում։ Հիմա մեր գյուղի երեխաները կողքի համայնքներ են գնում, մինչև մենք ունենանք մանկապարտեզ։ Երևի մինչև տարվա վերջ կունենանք, հունիս ամսին պետք է սկսվի կառուցումը»։
Մանկապարտեզների բացակայությունը մեր հանրապետությունում տարիներ շարունակ լրջագույն խնդիր է եղել՝ կառավարության այսօրվա նիստում նկատեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցրեց՝ դեռ 2018 թվականի իրենց նախընտրական ծրագրով նախատեսվում էր մինչև 2023 թվականը նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսի ընդգրկվածություն մանկապարտեզներում։
«Մենք բոլոր տեղերում միանգամից չենք կարող կառուցել։ Պետք է որոշակի սկզբունքով որոշել աշխարհագրությունը։ Հաջորդ խնդիրը՝ ինչ տիպի շենքեր պետք է կառուցվեն, որովհետև սա էլ է կարևոր։ Մեր փորձը ցույց է տվել, որ, ցավոք, ունենում ենք դեպքեր, երբ կա շենք, կա ենթակառուցվածք, բայց դրանք շատ արագ քայքայվում են։ Մանկապարտեզը հետագայում պետք է ունենա ֆինանսավորում, աշխատավարձեր։ Եվ ամենակարևոր հարցը բովանդակությունն է։ Ինչ է իրենից ներկայացնում մսուր–մանկապարտեզը»։
Մանկապարտեզները ոչ թե պետք է երեխայի ժամանակավոր ժամանցը ապահովեն, այլ կրթության առաջին ու կարևոր փուլը դառնան։ Կառավարությունը նախատեսում է, որ կառուցումից հետո մոդուլային մսուր-մանկապարտեզների բնականոն գործունեության համար պատասխանատու կլինեն համայնքները: Փաշինյանն ասում է՝ հանրապետությունում պետք է մեկնարկի մանկապարտեզաշինության և դպրոցաշինության զանգվածային ծրագիր։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նախադպրոցական կրթության համակարգում աշխատող մանկավարժների վարձատրության ավելացման ուղղությամբ` ատեստավորման և մասնագիտական որակավորման բարելավման ճանապարհով:




