ԿարևորՔաղաքական

«Այո, ստորագրելու եմ»․ ինչպե՞ս են վերաձևվելու Հայաստանի սահմանները

Ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-շեշտել է Փաշինյանը։

Հայ-ադրբեջանական նոր սահմանագծերի մասին արդեն երկրորդ օրը հանրությանն ալեկոծող խոսակցություններին կառավարությունն արձագանքեց հաստատմամբ։ Այո, հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը, կա շրջանառվող փաստաթուղթ, եւ ինքը տրամադրված է դա ստորագրել, քանի որ, ըստ Փաշինյանի ձեւակերպման, դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։

«Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին»։

Մինչ Հայաստանում պատասխան են փնտրում, թե, այնուամենայնիվ, ինչպես են վերաձեւվելու մեր սահմանները, ու նույնիսկ շրջանառվում են կոնկրետ բնակավայրերի անուններ՝ Ադրբեջանի հետ այլ հողերի հետ փոխանակելու համատեքստում, Փաշինյանն էլ իր հարցի պատասխանն է փնտրում՝ ինչ խողովակներով են դուրս հոսում աշխատանքային փաստաթղթերը։ Եւ եթե հրապարակում են՝ ինչու են փակ պահում իր ձեւակերպմամբ «մեր շահերից բխող» հատվածները։    

«Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան»։

Սահմանների ճշգրտումը, արձանագրումը, ինչ-որ փուլում դեմարկացիան ու դելիմիտացիան անվտանգության կարևորագույն կարևորագույն երաշխիք են՝ շեշտում է Փաշինյանը։ Մինչդեռ վարչապետի պաշտոնակատարի այս վստահեցումներին զուգահեռ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝ Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ միանգամից մի քանի հիմնարար իրավունքի մասով՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:  

«Սահմանազատման սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության: Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ»:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների  խմբերն ինչ-որ քարտեզներով  մայիսի 12-ին են հատել Հայաստանի պետական սահմանն ու  տեղակայվել երկրի միանգամից երեք ուղղությամբ, մասնավորապես, Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում։ Քարտեզագիրների մի խումբ  սեփական նախաձեռնությամբ տարածքն ուսումնասիրեց ու պարզեց՝  Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքի շատ փոքր մասն է այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարտեզագիր, գեոդեզիստ Շահեն Շահինյանի՝  «Ռադիոլուր»-ին փոխանցած գնահատմամբ՝ Սև լճի 80 տոկոսից ավելի տարածքը ՀՀ վերահսկողության ներքո է։

«Կարող ենք վստահաբար ասել, որ այդ տարածքները վիճելի չեն։ Այդ տարածքները Ադրբեջանինը չեն, այդ տարածքները ՀՀ տարածքներն են, որոնց նկատմամբ թշնամին  ոտնձգություն է կատարել»։

Պատերազմի խմբագրմամբ՝ Հայաստանի արտաքին սահմաններն ավելացել են ավելի քան 500 կմ–ով։ Հատկապես Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի սահմանները բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ ինժեներական աշխատանք հնարավոր չէ իրականացնել՝ հստակեցրեց վարչապետի պաշտոնակատարը։ Այսուհանդերձ, սահմանների ճշգրտումը, արձանագրումն, ինչ-որ փուլում դեմարկացիան ու դելիմիտացիան կարևորագույն անվտանգության կարևորագույն երաշխիք է․

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, դա նաև իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է ՀՀ-ին»։

Սահմանային վեճերի լուծման ընդունված պրակտիկայի մասին խոսելով՝  քարտեզագիր Շահեն Շահինյանն ընդգծում է՝ բանակցությունները կարող են տարիներ տևել, հնարավոր է բանակցություններում ընդգրկել երրորդ կողմին, մեր դեպքում՝ ՌԴ-ին։ Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկ: Դրան ի պատասխան՝ հայկական կողմն ընդգծել է՝  նախ պետք է  Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերվեն։   Որքանով են իրական տարածքներ տալու-վերցնելու, փոխանակելու լուրերը՝ հարցի այլ կողմն է, բայց քարտեզագիր Շահեն Շահինյանն իր հերթին է հարց բարձրացնում՝ ինչո՞ւ Արծվաշենի մասին չի խոսվում։

«Երբ ուսումնասիրում ենք քարտեզները, Արծվաշենը տարածքով բավականին մեծ է, իր մակերեսով գերազանցում է ադրբեջանական ակլավներին։ Ինչու՞  մենք չենք խոսում մեր անկլավի վերադարձի մասին»։

Այս ընթացքում մամուլն արդեն շրջանառում է որոշ տեղեկություններ եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական նոր հնարավոր պայմանավորվածությունների մասին։ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն դեռ չունի։ 

Կարդացեք նաև

Back to top button