
Այսօր Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստընեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար ԱրաԱյվազյանը։ «Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի համար»,- իր խոսքում նշել է Այվազյանը:
Մի քանի օր է, ինչ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանում՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով առաջացած լարվածության առիթով: ՀԱՊԿ պատմության մեջ սա առաջինբ դեպք է, երբ անդամ-պետությունը աջակցության խնդրանքով պաշտոնապես դիմել է կառույցին: Բայց այն չի շտապում պաշտոնապես արձագանքել: Վերլուծաբանները իրավիճակը նաև դիտարկում են ՀԱՊԿ որպես կառույց «հեղինակության» և «կենսունակության» ստուգման տեսանկյունից:
ՀԱՊԿ դաշնագրով նախատեսված գործողությունների փոխարեն՝ Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս նոր, հակընդդեմ առաջարկով: Հայաստանն ակնկալում է անվտանգային դաշնակից կառույցի արձագանքը՝ 7 օրից ավելի հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումի, փոխանցում է.
«Ռուսաստանի արտգործնախարարի ներկայացմամբ՝ դիտարկել են հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան՝ քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն ՌԴ-ն օգնություն է առաջարկել սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի համար: Առաջարկում է հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծել, իսկ Ռուսաստանի դերն այդտեղ կլինի խորհրդատուի կամ միջնորդի կարգավիճակով»:
Առաջարկը հնչել է Դուշանբեից, ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հավաքին հաջորդած ասուլիսի ժամանակ: ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ երեկոյան ոչ ֆորմալ ձևաչափով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված վիճակը,- հավելել է Լավրովը:
Պաշտոնական Երևանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմքով, արձագանել է Լավրովի առաջարկին. «Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»:

Արմեն Գրիգորյանը հաստատում է՝ մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի՝ երեկ էլ տրվել է նույն պատասխանը. միայն այդ դեպքում է հայկական կողմը պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը:
«Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականինոյեմբերի 9-ինեւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշել է Արմեն Գրիգորյանը:
Մայիսի 12-ից Սյունիքում և Գեղարքունիքում սահմանին տիրող վիճակին հետևում է թյուն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Արձագանքելով Լավրովի առաջարկին՝ այսօր նա ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ»:
Վերլուծաբանները Լավրովի առաջարկում հակահայկական նոր վտանգ են տեսնում: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պնդում է՝ Ռուսաստանի միջնորդության փոխարեն այդ աշխատանքներում պետք է ներառվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները: «Ռուսական կողմի էքսկլյուզիվ առաջարկները և միջնորդությունը ուղղակի անընդունելի են»,- ասում է նա.
«Ռուսաստանը միանգամայն այլ օրակարգ է այսօր փորձում կողմերի ուշադրությանն արժանացնել, որը բավականին վտանգավոր օրակարգ է, որովհետև, եթե խնդիրները լուծված չեն գլոբալ առումով՝ անցնել դելիմիտացիայի և դեմարկացիայի, դա նշանակում է՝ նոր խաղ սանձազերծել: Ընդ որում՝ այդ առաջարկողը արբիտրաժային որոշումների իրավունքը և հնարավորությունը փորձում է վերապահել իրեն: Այս անպարկեշտ առաջարկությանը հայկական կողմը ոչ թե պետք է «չէ» ասի, այլ՝ պետք է առաջարկի, որ դա արվի բացառապես միջազգային մեխանիզմով: Այս հարցը պետք է դիտարկվի համալիր՝ այլ հարցերի հետ մեկտեղ, և այնպես չէ, որ այս հարցն է հենց հիմա առաջնային»:
ՀԱՊԿ անդամ-պետությունները այս պահին 6-ն են: Այսօր առավոտյան պետությունների արտգործնախարարները Դուշանբեում աշխատանքները սկսեցին ավանդական լուսանկարով՝ իրենց երկրների դրոշների ներքո: Այդ պետություններից մեկի՝ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը դեռ երեկ Բաքվում Ալիևին էր փոխանցում Բելասռուսի նախագահի ողջույններն ու հավաստիացումները.
«Ի դեմս Բելառուսի՝ Ադրբեջանը հուսալի հենասյուն է գտել կենտրոնական Եվրոպայում, իսկ Բելառուսը ի դեմս Ադրբեջանի՝ հուսալի ընկեր Կովկասում»:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է 1992 թվականից, իսկ Ադրբեջանը ՀԱՊԿ-ից դուրս է եկել դեռ 1999 թվականին:




