ԿարևորՀասարակություն

«Դուռդ փակ պահիր, հարևանիդ գող մի հանիր»․ սթափության կոչ` մտավորականներից

Երկրում ստեղծված իրավիճակի համար մտավորականները հավասարապես մեղադրում են Հայաստանի բոլոր իշխանություններին՝ նախկին և ներկա։ Կարծում են՝ բոլորն այս իրավիճակում մեղավորության իրենց բաժինն ունեն։ Մտավորականներն ընտրություններից որևէ սպասելիք չունեն, փոխարենը միասնականություն ու համախմբում են ակնկալում հանրությունից ։

Սահմանային իրավիճակը սրվեց մայիսի 12-ին։ Պատահականորեն թե զուգադիպությամբ՝   Արցախյան առաջին պատերազմից հետո 1994 թվականի զինադադարը կնքվեց հենց այդ օրը՝ հիշում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Լալկանություն չի սիրում, բայց կարծում է, որ իրավիճակն օրհասական է։

«Ի՞նչ է նշանակում նման խայտառակ պարտությունից հետո քո զինվորի կողմից թեկուզ մեկ մետր չվերահսկվող սահման ունենալ, և ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Ի՞նչ է նշանակում՝ առանց կրակոցի հակառակորդը 3.5 կմ առաջացել է, ու դա ինչ–որ հովիվ նկատել, տեղյակ պահել։ Այսինքն՝ եթե հովիվը չնկատեր, կարող է Սիսիան էլ մտնե՞ին։ Ժողովրդական խոսքով ավարտեմ․ «Դուռդ փակ պահիր, հարևանիդ էլ գող մի հանիր»։ 

Եվ այս օրհասական պահին սահմանը պահելու ու ամրացնելու փոխարեն  ընտրությունների ենք պատրաստվում , քարոզարշավ կազմակերպում՝ վրդովվում է Կին ազատամարտիկների միության ղեկավար, գնդապետ Աիդա Սերոբյանը։

«Հիմա ամեն մեկը մտածում է, թե ոնց անի, որ աթոռներ զբաղեցնի, բայց չեն մտածում, որ եթե չեղավ Հայաստանի Հանրապետությունը, այդ աթոռը դնելու ու նստելու տեղ չի լինելու»։

Առաջիկա  ընտրություններից Գագիկ Գինոսյանը  որևէ ակնկալիք չունի․ բոլոր թեկնածուներն  առնվազն մեկ անգամ կառավարելու հնարավորություն ունեցել են և ձախողել՝ ասում է։

«Կարմիր կովը կաշին չի փոխում, և այդ չորս նախագահներից որևէ մեկին ընտրել նշանակում է մտքով կույր լինել՝ նորից հավատալով էդ մարդկանց ստերին։ Ո՞վ է քանդել Հայաստանի տնտեսությունը։ Ո՞վ է քանդել մեր ռազմարդյունաբերությունը,  ռուսական գազը դարձրել մենաշնորհ։ Ո՞ր մեկն է, որ հայանպաստ գործունեություն է ծավալել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեկն այդ չորսից պետք է բացառվի»։

Տարիների ընթացքում չարվածի ապացույցը անհամաչափ պատերազմն էր մեր ավտոմատների ու թշնամու անօդաչուների միջև՝ նկատում է   Կին ազատամարտիկների միության ղեկավար Աիդա Սերոբյանը։

«Ամեն  մեկն իր մեղքերի թողության համար իր դղյակի մոտ մի եկեղեցի է կառուցել։ Արդեն Անին ենք դարձել հարյուր ու մեկ եկեղեցիներով։ Այդ ամեն մի եկեղեցու գումարով ինչքան զինտեխնիկա կարելի էր գնել»։

«Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունն առհասարակ չի հասկանում, թե ինչ չափանիշերով է տարիներ շարունակ  հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակը համարվել։

«25-30 տարի զարմանքով էի լսում, որ ասում էին Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է։Մտածում էի՝ լավ, Ադրբեջանի, Վրաստանի համեմատ դեռ հնարավոր է, բայց  Թուրքիայից, Իրանից էլ է հզո՞ր մեր բանակը»։

Բայց մտավորականները լավատես են։ Վստահ են՝ ունենալու ենք հզոր բանակ, հաղթելու ենք թշնամուն, վերադարձնելու ենք Շուշին, միայն թե դրա համար համախմբվածություն է պետք։ Դարերի փորձն է ապացուցել՝ հայն անպարտելի է, երբ միասնական է։ Գուսան Հայկազունը նույնիսկ այսօրվա օրհասական իրավիճակի ու վաղվա լուսավոր օրվա մասին նոր ստեղծագործություն ունի։ Չերգեց, տրամադրությունն այն չէր, արտասանեց․

Նայում եմ գծին այս նոր սահմանի,
Չկա մի հատված, որ ուղիղ անցնի։
Ոնց են կրծոտել շներն օսմանի,
Վշտով եմ նայում հայոց քարտեզին։

Լսիր, հայկազուն, թե ուժեղ լինես,
Քարտեզն ինչ է որ․ նորը կգծես։
Տիգրանի ձայնն եմ ես լսում կարծես,
Հուսով եմ նայում հայոց քարտեզին։

Կարդացեք նաև

Back to top button