
Հայաստանում անցկացվող տոլմայի փառատոնը 10 տարվա պատմություն ունի, տոլմայի պատմությունը ավելի երկար է՝ երևի հարյուրամյակների: Մեր երկրում տոլմայի առաջին փառատոնն անցկացնելու առիթը Ադրբեջանի հերթական կեղծ հայտարարությունն էր, թե տոլման իրենց ազգային կերակուրն է: Տոլմայի մեր փառատոնը մշակութային ճշմարտությունը ի ցույց դնելու և ճաշատեսակներից ամենահայկականը հարձակումներից պաշտպանելու խնդիր ունի:
Հայաստանյան ևս մեկ այցեքարտ դարձած տոլմայի փառատոնը կանցկացվի մայիսի 22-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում.
«Ես գիտեմ, որ հատկապես ժամանակի, իրադրության, ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր են լինելու։ Մենք ևս մտորումների մեջ էինք՝ իրականացնե՞լ փառատոնը, թե՞ ոչ, բայց ասված է, «Պիտի ողբանք մեռելոց, բայց նաև կոչենք ապրողաց»։ Եթե ուղղակի նստենք ու սուգ անենք, որևէ առաջընթաց չնախաձեռնենք, ոչնչով չենք օգնի»։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի գնահատմամբ՝ ոգևորությունը մեծ չէ, բայց մասնակիցներ կան Հայաստանի բոլոր մարզերից, նաև Արցախից.
«Սյունիքից երկու թիմ ունենք, թիմի անդամներն էլ այսպես են ձևակերպում իրենց մասնակցությունը՝ հանկարծ չկարծեք, թե մենք՝ սյունեցիներս, արդեն թևաթափ ենք եղել։ Երկու թիմ կա նաև Արցախից։ Ամենակարևոր, ուրախալի լուրը, հենց Արցախից մեր հայրենակիցների մասնակցությունն էր, որ ասում էին՝ այո, մենք շատ տարատեսակներ ունենք և պետք է ցույց տանք։ Եթե միջոցառումը կարող է մի մարդու մոտ վերադարձնել հավատն առ ապագան, ուրեմն, այդ միջոցառումն իզուր չէ»։
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ՝ մեկուկես տարվա անկումից հետո զբոսաշրջության ոլորտը տեղից շարժվելու թեթև քայլեր է անում: Թվային տվյալներ դեռ չկան. դրական սպասումների առիթ են տալիս մայրաքաղաքում հանդիպող զբոսաշրջիկները: Ֆեդերացիայի նախագահն ասում է, որ հատկապես այս շրջանում ակտիվ աշխատելու կարիք կա.
«Կարևոր է աշխարհին ներկայացնել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներ: Այստեղ անվտանգ է, այստեղ լեգենդար հյուրասիրությամբ օժտված, բարի, ստեղծագործ, հզոր ժողովուրդը, ինչպես միշտ, պատրաստ է իր հյուրին պատշաճ ընդունել: Այստեղից հյուրը հեռանում է իր սպասելիքները գերազանցած, սա մենք պետք է ցույց տանք։ Իսկ ցույց տալու մեթոդները՝ հրավիրել Հայաստան հանրահռչակ մարդկանց, կազմակերպել Հայաստանում միջազգային նշանակության միջոցառումներ, ցույց տալ օտարերկրացիներին, որ Հայաստնում անվտանգ է, այստեղ կարելի է և պետք է այցելել»:
Որպես զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառում՝ Մեխակ Ապրեսյանը կարևորում է հատկապես փառատոների անցկացումը: Նա կարծում է, որ ճիշտ կազմակերպված փառատոնի միջոցով կարելի է պաշտպանել ազգային մշակութային ժառանգությունը ու օտարներին ցույց տալ Հայաստանի գրավիչ կողմերը: Այս տարի նախատեսվում են նաև ավելուկի, ոչխարի խուզի և դուդուկի փառատոներ:





