
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Վայոց ձորից 110 հայորդի է անմահացել, 7 տասնյակից ավելի վիրավոր ունեցել։ Կան անհետ կորածներ։ Վայոց ձորի Արին գյուղի վարչական պատասխանատու Սենիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արին գյուղում բացվել է Արցախյան վերջին պատերազմում անմահացած՝ Վայքի, Ջերմուկի, Զառիթափի խոշորացված համայնքների 55 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող։
Վայոց ձորի Արին համայնքի կենտրոնում վեր է խոյանում 44-օրյա պատերազմում անմահացած՝Վ այք, Ջերմուկ, Զառիթափ համայնքների 55 հայորդիների հիշատակը հավերաժացնող հուշակոթողը։ Կառուցվել է Արին համայնքի վարչական շրջանի պատասխանատու Սենիկ Հարությունյանի և որդիների նախաձեռնությամբ։ Արին համայնքը 3 զոհ տվեց, 7-ն էլ մինչ օրս անհետ կորած են։
Հուշակոթողին բոլոր 55 զոհվածների լուսանկարներն են։ Հերոս Գևորգ Կոստանյանի մայրը որդու լուսանկարն է ցույց տալիս․ «իմ տան մինուճարն էր, երազանքներ ուներ, սիրած աղջիկ ուներ, բայց հայրենիքն ավելի գերադասեց»:

Գևորգն ապրիլյան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, հրաշքով էր փրկվել, բայց զորացրվելուց հետո երկու տարի անց պայմանագրային զինծառայության անցավ զինված ուժերում։ Մայրը՝ Մարինե Նիկողոսյանը, պատմում է, որ առաջին իսկ օրվանից դեմ է եղել որդու որոշմանը, բայց Գևորգը հաստակամ էր։
«Չէի ուզում, որ նա պայմանագրային զինծառայող լիներ, մեկ տարի պայքարեցի, որ դիրքեր չբարձրանա։Մի օր էլ եկավ, ասեց՝ մա՛մ, ոտքերս ընկնես էլ, աղաչես էլ՝ մեկ է ես գնալու եմ դիրքեր»։

Մարինեն ասում է՝ երբ գյուղի կենտրոնում հավաքվել էին ճակատ մեկնողները, պատկերը շատ նման էր Հայրենական պատերազմի շրջանին, երբ կանայք իրենց որդիներին, ամուսիներին, եղբայրներին ուղարկում էին ճակատ։ Գևորգը սկզբում հայրենի Վայոց ձորի սահմաններն էր պաշտպանում, հետո արդեն տեղափոխվեց Արցախ՝ Ջրական։ «Լսեցինք, որ մեքենա է պայթեցվել հենց այդ տարածքում, բայց չէի պատկերացնում, որ մեքենայում կարող է Գևորգս լիներ»։
«Իր գնացած օրը երազ տեսա ։ Երազիս ամայի դաշտում էի, դաշտն ամբողջովին պատված էր կարմիր կակաչներերով, ու մի քանի դեղին կակաչ կար։ Ես հավաքեցի այդ կարմիր կակաչները։ Հետո արդեն վերլուծում էի երազս․ փաստորեն էդ կարմիր կակաչները մեր տղաներն էին, ու իրենց արյունով էր պատվել դաշտը։ Իսկ այդ դաշտը, որ ամայի էր, երևի Ջաբրայիլն էր, որտեղ էլ զոհվել էր որդիս, իմ միակն ու մինուճարը»։

23-ամյա Մելիք Հարությունյանն էլ կամավորների շարքում էր։ Սովորել էր Վայքում, բայց ամուր թելերով կապված էր հայրենի Արին գյուղին։ Մայրն ասում է՝ երազանքը մեկն էր՝ շենացնել ու ճանաչելի դարձնել հայրենի Արին գյուղը։ Երբ որդիս մեկնում էր կամավոր, ես ոչինչ չկարողացա ասել։
«Հայրը դեմ էր, բայց որդիս ասել էր՝ պապ, ես չեմ կանչել ձեզ, որ ինձ ասեք՝ գնամ թե չէ, կանչել եմ, որ ինձ բարի ճանապարհ մաղթեք»։
Զինակից ընկերները պատմել են, որ ամենափոքրն էր իրենց խմբում, բայց հոգատար էր բոլորի նկատմամբ, դեպքի օրն առավոտյան հասցրել էր անգամ բոլորին թեյ տալ։ Նահանջի հրաման է եղել։ Մելիքը շտապել է հրետանու մոտ գտնվող երկու ժամկետային զինծառայողներին փրկելու, ու հենց այդտեղ էլ արկը պայթել է։

«Այդ օրը զանգել է եղբորն ու ասել՝ Խաչիկ ջան, այսօր շատ են տկտկացնում գլխներիս, ոնց որ թե հետ չենք գա, լավ կպահեք ձեզ»։
Իսկ Հովիկ Սահակյանը ժամկետային զինծառայող էր․ կռվի դաշտում զոհվեց հենց առաջին օրը ՝Ջրականի զորամասում։ Պատմում է մորեղբայրը․
«Ընդամենը 3 ամսվա զինծառայող էր, երազանքներ շատ ուներ։ Նա չկոտրվող ու չընկճվող տեսակ էր»։
Ոգեկոչման արարողությանը ներկա Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նկատում է՝ անմահացած զինվորների ընտանիքները պետք է միշտ լինեն պետության հոգածության ներքո։

«Այսօր կատարելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին նվիրված այս խաչքարի օծման կարգը՝ մենք ոչ միայն արժանին ենք մատուցում նրանց սխրանքին և քաջագործություններին, այլև վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու այն գործը, որին հավատացել են մեր զինվորները, և, ամրապնդելով մեր երկիրը, գալիք սերունդներին փոխանցել խաղաղ, անվտանգ և հզոր Հայաստան»։
Երբ արդեն հրաժեշտ էի տալիս զոհված զինծառայողների ծնողներին՝ Մելիք Հարությունյանի մայրը նկատեց․ «Մենք չպետք է թույլ տայինք, որ մեր երեխաները զոհվենին, այս գործը պետք է վաղուց ավարտած լինեիք, մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»։





