
Տեխնոլոգիաները մոտեցնել երիտասարդ սերնդին՝ կրթության միջոցով․ այսպես է սահմանում Drone Edu Lab – ի նպատակը ծրագրի համակարգող Էդմոնդ Խաչատրյանը։ Drone Edu Lab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցությամբ՝ 2020-ի մարտին, երբ չինական դրոնաշինական DJI ընկերությունը ներդրեց կրթական ծրագիր՝ մշակված Սինգապուրի, Հոնկոնգի և Մասաչուսեթսի համալսարանների կողմից։ Պայմանավորվածությունների արդյունքում կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն նաև արդեն 12-17 տարեկան հայ պատանիները:
«Ծրագրի ընթացքում երեխաները սովորում են ռոբոտների և դրոնների ծրագրավորում, բայց մենք ավելացրել ենք նաև այլ դասեր՝ աէրոդինամիկայի, նավիգացիայի, դրոնի կազմության վերաբերյալ, իսկ ծրագրի վերջում երեխաներն իրենց ձեռքով կկարողանան դրոնը հավաքել և ծրագրավորել այն»,-ասում է ծրագրի ղեկավարը։

Պատանիների ստեղծած այս դրոններն ու ռոբոտները կաշխատեն առանց կառավարման վահանակների, այսպես ասենք, հասկանալով «ծրագրավորման լեզուն», կստանան առաջադրանք և կկատարեն այն․
«Մեր դրոնները կարողանալու են կատարել կոնկրետ խնդիր, այսինքն՝ ոչ թե կառավարման վահանակով կատարենք գործողությունը, այլ ծրագրավորման լեզվով տանք առաջադրանք․ դրոնը կբարձրանա օդ, կկատարի այն և կվերադառնա»,-ասում է Էդմոնդ Խաչատրյանը։
Պատանիները սովորելու են Phyton ծրագրավորման լեզուն, որով էլ առաջադրանքներ են տալու դրոններին և ռոբոտներին․
«Երեխաները, օրինակ, այսպիսի առաջադրանք են ստանալու, որ երկրում արտակարգ իրավիճակ է, հիվանդանոց դեղորայք է հարկավոր հասցնել և դա պետք է անի դրոնը, հարկավոր է ծրագրավորել, կոորդինացնել վայրը, տալ առաջադրանքը և դրոնը պետք է հասցնի դեղորայքը հիվանդանոց և վերադառնա»։

Ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկել է՝ ասում է զրուցակիցս, այն տևելու է 4 ամիս։ Առաջին փուլում պատանիները դրոնաշինություն են ուսումնասիրելու, երկրորդ հատվածում՝ կրկին 4-ամսյա, ռոբոտաշինություն։
«Դիջի այ ընկերությունը կրթական այս ծրագրի համար երկու տեսակի ռոբոտ է արտադրել, առաջինը՝ կրակող, գնդակներ է կրակում, հարվածում թիրախին, մյուսը՝ ծանրություն բարձրացնող, և ըստ այդմ էլ առաջադրանքներն են»։
Նմանատիպ ծրագրեր առաջիկայում ևս նախատեսվում են։ Էդմոնդ Խաչատրյանի համոզմամբ՝ դրանք զարգացնում են պատանիների տեխնոլոգիական գիտելիքները, որոնք ունենալն ու կիրառելը կարևոր է հատկապես մեր ժամանակներում։




