
Վրաստանի հայաշատ Սամցխե Ջավախեթիում պատվաստման գործընթացի ակտիվացում է նկատվում։ Երկրի Հանրային առողջության կենտրոնի առաջատար մասնագետներն ու վարակաբաններն այս օրերին շրջանում տեղեկատվական հանդիպումներ են անցկացնում՝ փորձելով բարձրացնել պատվաստման մասին բնակչության տեղեկացվածության մակարդակը։
Պատվաստման գործընթացն այս ամիս սկսել է թեև աննշան, բայց ակտիվանալ նաև Վրաստանի հայաբնակ շրջանում։ Երկրում մեծ տարածում գտած չինական (Sinopharm) պատվաստանյութով պատվաստվել սկսում են նաև Սամցխե-Ջավախեթիիում, թեև շրջանը պատվաստման տեմպերի առումով դեռևս շարունակվում է համարվել ամենապասիվը։ Ախալքալաքում 48 քաղաքացի է պատվաստվել, սա արդեն ակտիվացում է, ասում է Հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ավետիք Տոնականյանը․ «Արդեն սկսել են պատվաստվել, 48 քաղաքացի է պատվաստվել, շատերն էլ գրանցված են։ Այստեղ չինական պատվաստանյութն է, որին քաղաքացիները վստահում են»։
Շրջանում հանրային առողջության կենտրոնի առաջատար մասնագետներն ու վարակաբանները հանդիպումներ են անցկացնում՝ փորձելով կոտրել պատվաստման մասին առկա միֆերը։ Բացի այդ, այս օրերին տարածաշրջան են գալիս հարյուրավոր քաղաքացիներ երկրի խոշոր քաղաքներից, որտեղ հնարավոր չէ այլևս գրանցվել պատվաստվելու համար՝ այսպիսով վստահություն տարածելով տեղացիների շրջանում։ Տոնականյանի խոսքով Ախալցիխեում տեղի ունեցած դեպքից հետո, երբ AstraZeneca-ով պատվաստված բուժքույրը գիտակցության չգալով, մահացավ, այստեղ չեն ցանկանում այդ պատվաստանյութով պատվաստվել։ Ախալքալաքը Astrazeneca-ի ողջ խմբաքանակը Թբլիսի է ուղարկել։
«Հետ ենք ուղարկել, հիմա Sinopharm-ն է միայն, որով մինչ օրս պատվաստվածների շրջանում բարդություններ չեն եղել։ Իսկ ընդհանրապես մեզ մոտ նախընտրում են ռուսական Sputnik V-ն (այն սակայն Վրաստանը չի պատրաստվում ձեռք բերել, խմբ․)»։
Վրաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ կա՝ գերմանա-ամերիկյան Pfizer-ով պատվաստվում են բուժաշխատողներն ու 55 -ն անց տարիքի քաղաքացիները, բրիտանա-շվեդական AstraZeneca-ով 45-ից և չինական Sinopharm-ով 18-ից բարձր բոլոր քաղաքացիները։ Հենց այս պատվաստանյութով պատվաստվող քաղաքացիների թիվը օրական հասնում է շուրջ 3000-ի, իսկ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 85 286 քաղաքացի (նրանց մեծ մասը դեռեւս միայն առաջին չափաբաժնով)։
Իմունոլոգ Բիձինա Կոլումբեկովը, որ այս օրերին Ջավախքում է, «Ռադիոլուրին» ասում է՝ կարևոր է, որ երկրի բոլոր շրջաններում միաժամանակ ակտիվ տեմպերով ընթանա պատվաստման գործընթացը։ Նաև նշում է․ «Համավարակը միայն մեկ երկրով չի ավարտվելու։ Ողջ աշխարհը միաժամանակ պետք է պատվաստմաբ վերջ դնի կորոնավիրուսին։ Ես դա ցանկանում են բոլոր երկրներին, մեր հարևաններին ու բարեկամներին, հատկապես հայ ժողովրդին»։
Վրաստանը պատվաստման ակտիվ տեմպերի և երկրում համավարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ առաջիկայում պատրաստվում է որոշ սահմանափակումներ մեղմացնել։
Այս պահին ցամաքային և օդային ճանապարհները բաց են պատվաստանյութ ստացած օտարերկրացիների համար, Հայաստանի հետ օդային սահմանը բացը է բոլոր քաղաքացիների համար կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով։ Կառավարությունը քննարկում է նաև նույն սկզբունքով ցամաքային սահմանները բացելու մասին հարցը։




