
Մայիսի 27-28-ը Երևանում «Ճանաչիր Հայաստանը» ցուցահանդեսին մասնակցելու, միջոցառման չափանիշներն իրազեկելու և կազմակերպչական հարցեր քննարկելու համար Շիրակի մարզպետարանում՝ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնը և Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը կազմակերպել են հանդիպում-քննարկում մարզում գործող զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցների, հյուրատների, սրճարանների, ռեստորանների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզում գործող թանգարանների տնօրենների հետ։
Բացօթյա ցուցահանդեսը տեղի կունենա Խաչքարերի պուրակում։
Հայաստանի յուրաքանչյուր մարզ Երևանի սրտում կբացահայտի իր զբոսաշրջային ներուժը՝ արկածային, գաստրո, չբացահայտված այցելավայրեր, յուրահատուկ փորձառություններ։
Գաստրո տաղավարում շեֆ խոհարարները կպատրաստեն մարզային յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք հնարավոր է համտեսել մարզն այցելելիս կամ փորձել ինքնուրույն պատրաստել տանը։
Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում։
Կարևորելով արկածային զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ արկածային տաղավարում հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանի արկածային զբոսաշրջային արդյունքներին, որոնց շնորհիվ Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես, էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար։
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են վարպետաց դասեր, մշակութային, արհեստի ցուցադրություններ, առցանց մարտահրավերներ՝ #ՃանաչիրՀայաստանը (#TraveForArmenia) սոցիալական արշավի շրջանակներում։
Ցուցահանդեսին զուգահեռ՝ Զբոսաշրջության կոմիտեն թեմատիկ քննարկումներ է անցկացնելու մայիսի 27-ին ոլորտի ներկայացուցիչների համար՝ միջազգային, տեղացի փորձագետների մասնակցությամբ։ Թեմաներն առնչվում են համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային կարողությունների ընդլայնմանը, զբոսաշրջային արդյունքի թվայնացմանը։ Մասնակցության գրանցումը շուտով կհայտարարվի։
Ցուցահանդեսն իրականանում է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որ համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։




