ԿարևորՔաղաքական

Երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ․ Ադրբեջանը սահմանային միջադեպեր է հրահրում

Ադրբեջանը ցանկացած հատվածում առավելագույնը քաղելու քաղաքականություն է վարում՝ ասում է ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը։ Ադրբեջանցիների առաջխաղացումը մասնագիտական շրջանակների համար անակնկալ չէր՝ ասում է փորձագետը՝ չբացառելով, որ ադրբեջանցիներն այդ հատվածում «վստահ զգալու» դեպքում նաև ամրաշինական աշխատանքներ կսկսեն։ Ադրբեջանցիները Սև լճի հատվածում խորհրդային տարիների սահմաններից ավելի են խորացել: Հայկական կողմի պնդմամբ եղանակային պայմանների պատճառով չէինք կարողացել դիրքավորվել, իսկ ադրբեջանցիները՝ դարձյալ եղանակային պայմաններն օգտագործելով, առաջխաղացում ունեցան:

«Ադրբեջանական կողմն այդ հատվածից հեշտությամբ հետ չի քաշվելու, հույս ունեմ, որ գործը բախման չի հասնի։ Իսկ ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել, գուցե փոխզիջումային տարբերակով, չնայած ՀՀ քաղաքացու տեսանկյունից կարծում եմ՝ այս տարբերակն անգամ անընդունելի է»,– ասում է Խաչիկյանը։

Այս քաղաքականությունն Ադրբեջանը տանում էր նաև Վրաստանի հետ հարաբերություններում, որի էսկալացիան 2019թ եղավ, երբ ադրբեջանցիները ճանապարհ կառուցեցին դեպի վրացական սահմանային վանական համալիր։ Սև լճի հատվածում մոտավորապես նույն գործողություններն են՝ ասում է Խաչիկյանը։

«Ադրբեջանի կողմից «երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ» տարբերակը չեմ կարծում՝ ապագայում մեզ որևէ լավ բան կխոստանա, որովհետև ցանկացած պահի, երբ իրենք զգան, որ այդ տարբերակն աշխատելու է, սահմանի այլ հատվածներում ևս այդպես են վարվելու», – բացատրում է փորձագետը։ 

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը շարունակական բնույթ է ստանալու՝ կարծում է վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։ Նրա խոսքով՝  Ադրբեջանի համար պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման գործընթացում առավելություն ապահովելու համար։ Ըստ վերլուծաբանի՝ եթե անգամ ադրբեջանցիները ռուսական կողմի միջնորդությամբ վերադառնան իրենց ելման դիրքեր, դա ևս իր գինն է ունենալու։ Իսկ Սև լճի դեպքն, ըստ վերլուծաբանի, փաստում է՝ Ադրբեջանը Հայաստանին «մաշելու» հստակ ռազմավարություն է կիրառում․

«Ադրբեջանը Հայաստանին մաշում է և օրակարգ է բերում նորանոր խնդիրներ և մենք սկսում ենք մոռանալ գլխավոր մարտահրավերների մասին, որոնք կային օրինակ՝ 5 օր, 5 շաբաթ, 5 ամիս առաջ։ Հիմա ինչի՞ մասին ենք գերազանցապես խոսում, ասում ենք չէ՞ միայն այնպես անենք, որ հետ շպրտենք ադրբեջանցիներին Սև լճի շրջակայքից։ Ես չեմ ասում՝ մոռացանք մեր գերիների հարցը, բայց այս պահին այն մղվեց երկրորդական պլան, իսկ երրորդական պլան մղվեց Արցախի կարգավիճակի հարցը»,- նշում է Հակոբյանը։

Դիմել ՀԱՊԿ–ին՝ նշանակում է դիմել Ռուսաստանին՝ ասում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝Ռուսաստանը չի օգտագործի իր բոլոր հնարավորությունները ադրբեջանական ուժերին ետ մղելու համար։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի համար միեւնույն է՝ ում վերահսկողության ներքո է Սև լիճը, և եթե անգամ այժմ Մոսկվայի ճնշմամբ ադրբեջանցիները հեռանան իրենց զբաղեցրած դիրքերից՝ միևնույն է, դրանից ընդհանուր իրավիճակը չի փոխվի։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանին հաջողվում է Հայաստանի ներսում օրակարգ թելադրել․

«Մենք հիմա խոսում ենք ոչ թե այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում, մենք հիմա խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Սյունիքում՝ Հայաստանի սահմանին։ Ահա թե որն է Ադրբեջանի կամ պաշտոնական Բաքվի հիմնական նպատակներից առաջինը։ Իսկ երկրորդը Հայաստանում քաղաքական անկայունության մշտական պահպանումն է», – ասում է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նաև հավելում է՝ հետագայում նմանատիպ տասնյակ օրինակներ են լինելու, անկախ նրանից, թե այս դեպքն ինչով կավարտվի։

Եթե այլ ուժային կենտրոնների համար Անդրկովկասն աշխարհաքաղաքական խաղերի, ապա Ռուսաստանի համար կենսական շահերի դաշտ է։ 30 տարի Արցախյան հակամարտության երեսնամյա իր ուսումնասիրության արդյունքում այս եզրահանգմանն է եկել Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի  նախագահ Ալեքսանդր Մանասյանը։ Նրա դիտարկմամբ՝ մեծ կոնֆլիկտի մեջ չմտնելն այժմ Ռուսաստանի շահերից է բխում․

«Կա ՀԱՊԿ, կա Ռուսաստան, ՀԱՊԿ–ն այլ կազմակերպություն է, որի կազմի մեջ է Ղրղզստանը, նաև Ղազախաստանը, որը բացահայտ ձևով համակրում է Ադրբեջանին։ Ըստ այդմ՝ ՀԱՊԿ–ի ռազմական միջամտությամբ օգնությանը դիմելն, իհարկե, իմաստ չունի, բայց սրանք երես չունեն՝ Ռուսաստանին այլ կերպ դիմելու համար», — ասում է Մանասյանը։

Ալեքսանդր Մանասյանը հիշեցնում է նաև հարցի իրավական կողմը։ Քաղաքագետի խոսքով՝ իշխանության կողմից իրավական առումով հարցը լռության է մատնվել, ինչն արդարացում չունի։

Կարդացեք նաև

Back to top button