
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Անվտանգության խորհրդի նիստում իր արած հայտարարությունը:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի 250 ներկայացուցիչ գտնվում է ՀՀ պետական սահմանից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։
«Ադրբեջանի ԶՈւ որոշ խմբեր հատել են ՀՀ սահմանը և Սև լիճը պարփակելու գործողություններ են արել։ Հայկական ԶՈւ-ը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել, մեր ԶՈՒ-ի գործողությունների արդյունքում ադրբեջանցիները հեռացել են զբաղեցրած բնագծերից»,–հայտարարել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ հրազենի կիրառում չի եղել, չնայած 250 ներկայացուցիչներ մեր տարածքում են՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։
«Ակնհայտ է դառնում, որ սա սադրանք է, որը կարող է ունենալ ընդարձակ ռազմա–քաղական նպատակներ։ Ադրբեջանական ԶՈւ-ը հայ-ադրբեջանական սահմանը հատել են, ոչ թե տեղային խնդիր լուծելու, այլ ռազմական բախում սադրելու համար»,-ասել է Փաշինյանը։




