
Առնվազն 2 տարի կպահանջվի, որ զբոսաշրջային ակտիվությունը վերադառնա 2009 թվականի մակարդակին։ Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի այս դիտարկման հիմքում մասնագիտական վերլուծություններն են։ Այսուհանդերձ, զբոսաշրջության շրջանն արդեն բացված է, ու վերջին 10 օրերին, փորձագետի խոսքով, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը մեծացել է։ Ակտիվացումը նկատելի է հատկապես ձմռան ամիսներից հետո․
«Մեզ մոտ կա բավականին աշխուժություն հատկապես ռուսաստանցի զբոսաշրջիկերի կողմից 10 օրերի ընթացքում։ Սա, իհարկե, չէր կարող չոգևորել ոլորտի ներկայացուցիչներին։ Նույնիսկ ոչ պաշտոնական խմբերում քննարկվում է, որ ռուս զբոսաշրջիկների հետ աշխատող զբոսավարների կարիք կա»։
Այսքանից զատ՝ զբոսաշրջային հոսքերի աճման միտում չի նկատվում։ Գրանցված ակտիվությունը պայմանավորված է մայիսյան տոներին ռուս տուրիստների այցելություններով, ինչը չի կարող տևական լինել։
Համավարակի թուլացմանը զուգահեռ՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա, -կարծում է Նունե Մանուկյանը։ Նա «ՖեստիվԱր հայկական փառատոների ասոցիացիա»-ի տնօրենն է․

«Covid–ի ընթացքում, երբ տարբեր երկրներում մամուլով հայտնում են, թե որ երկրների սահմաններն են բաց, առաջինը ասում են՝ Armenia։ Քանի որ մեր մասին արդեն ասել են, մենք պետք է օգտվենք դրանից, ուժեղ փիառ անենք, որ շարունակվի Արմենիա բառը հնչել ու տուրիստական հոսքը այստեղ բերել»։
Զբոսաշրջության խնդիրներով զբաղվող պետական մարմինը ակտիվորեն աշխատում է միջազգային լրատվամիջոցների հետ։ Կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանն ասում է՝ որոշ ձեռքբերումներ արդեն ունեն․
«Արդեն ունեցել ենք 2 մեծ հեռուստաընկերությունների հյուրընկալելու հնարավորություն։ Բացի դրանից՝ ռուս բլոգերների և հատկապես լրատվամիջոցների այցեր ենք նախատեսոմ, արդեն օրակարգ է նախատեսվում, հասկանալու՝ ինչպես ավելի հետաքրքիր դարձնել Հայաստանը»։
«ՖեստիվԱր հայկական փառատոների ասոցիացիա»-ի տնօրեն Նունե Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանը գրավիչ դարձնելու լավագույն տարբերակը փառատոների կազմակերպումն է։ Նախորդ տարին փառատոնային չէր, բայց առաջիկայում մի քանիը նախատեսվում են՝ տոլմայի, ավելուկի, գինու, գարեջրի, գույների, ջազի, գուսանական երգերի, նաև ոչխարի խուզի և տանգոյի։ Նունե Մանուկյանը ընդգծում է՝ փառատոները միայն երևանյան չեն․ դրանք անցկացվելու են ամբողջ Հայաստանում․
«Այս տարի նախաձեռնել ենք երկօրյա մեծ միջոցառում խաչքարերի պուրակում, 10 մարզ կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը»։
Հայկական փառատոների ասոցիացիայի, տուրիստական գործակալությունների ուշադրությունը այժմ կենտրոնացված է ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Մասնագետները կարծում են, որ Հայաստանը առաջին հերթին պետք է ճանաչեն հենց հայաստանցիները։







