ԿարևորՀասարակություն

«Մադոննան՝ ինքնաձիգով»․ մի լուսանկարի պատմություն՝ Կարճաղբյուրից

«Ինքնաձիգով հայուհին»․ այսպես է կոչվում պատերազմի վավերագիր Օլեգ Կլիմովի լուսանկարներից մեկը։ Դրա հերոսուհին Էլյա Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Կարճաղբյուր գյուղից։ էլյան Կլիմովի ֆոտոօբյեկտիվում է հայտնվել է 90-ականներին, Ստեփանակերտում։ Լուսանկարի մասին նա իմացել է 20 տարի անց, երբ լուսանկարիչը որոշել է  գտնել իր հերոսուհուն։

Կարճաղբյուրի դպրոցի պատին պատերազմում հերոսացած տղաների նկարներ են, ու մի կնոջ լուսանկար՝  մակագրված՝  «Մադոնան ինքնաձիգով»։ Հերոսուհին՝ առանձին, լուսանկարն՝ առանձին հետաքրքիր ճանապարհ են անցել։ Հայաստանից դուրս՝ նկարը տպագրվել է բազմաթիվ թերթերում, ամսագրերի շապիկներին։  Ռուսաստանում կազմակերպված ֆոտոցուցահանդեսում, որը կոչվել է  «Պարզապես պատերազմ», ճանաչվել է գլխավոր նկար։ «Կալաշնիկովի ինքնաձիգով Մադոննան»,-ցուցահանդեսում էլ այսպես են անվանել լւսանկարը։

Լուսանկարի հեղինակը   ֆոտոլրագրող, պատերազմը վավերագրող Օլեգ Կլիմովն է։ Մադոնան, որ նույն ինքը՝ գյուլիստանցի Էլան է, արդեն 30 տարի ապրում է Կարճաղբյուր գյուղում։ Էլմիրա Հարությունյանի կյանքի պատմությանը ծանոթացանք նրա տանը։

Ընտանիքը Կարճաղբյուր տեղափոխվել է առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ Գյուլիստանը Արցախի Շահումյանի գյուղերից էր։ Շահումյանի անկումից հետո են եկել Հայաստան՝ հազիվ փրկվելով։

«Ամուսինս եկավ, ասեց՝ վեր կաց, քինացինք։ Մի դուռ կար, փակեցինք, բանալին վերցրեցինք ու ոտքով ընկանք ճանապարհ։ Անտառներով Գյուլիստան ենք  հասել, գիշերը մնացել ենք Գյուլիստանում։ Էնտեղից էլ քշել ենք ոտքով մինչև Ղարաբաղ՝ Ստեփանակերտ։ Հետո Ստեփանակերտից եկել ենք Շուշի, Լաչին ու ոտքով՝ Գորիս»,-պատմում է տիկին Էլմիրան։

Էլմիրան մասնակցել է առաջին պատերազմին։ Որդին՝ Անդրանիկը,   «Արաբո» ջոկատի զինվոր է եղել։ «Արաբո»-ի տղաները 1992 թվականին  անհետ կորել են Ղարաբաղի Հասան/Ղայա գյուղի մարտերում։  Ամուսինը նույնպես զոհվել է։ Գյուլիստանում  էլ տիկին Էլյան կորցրել է հորը։ Ադրբեջանցիները նրան դաժանաբար սպանել են գյուղի եկեղեցում:

Հիշում է․«Մեր հարևանի տղան  ռազվեդչիկ էր։ Եկավ, ասեց՝ Էլա՛, մի բան ասեմ, պապայիդ թորքերը մորթեցին, թաղել ենք հենց եկեղեցու բակումը»։

Հայտնի լուսանկարն արվել է Ստեփանակերտում։ Էլյան՝ զենքը ձեռքին, սպասում էր, որ որդին՝ Անդրանիկը, Երևանից գա, ու զենքը հանձնի նրան։ Ասում է՝ եկավ, զենքը տվեցի, գնաց կռիվ։ Մի անգամ վիրավորվել է, բայց նորից է գնացել ճակատ։

 «Գիշերը իմ Անդոն   քինացելա  ռազվեդկի։ Իրենց խմբից մի տղայի էին թորքերը տարել, գլուխը կտրել, մարմինը թողել։ Անդրոս բերել էր մարմինը, ու ամբողջ ամիս   տաքությունը  40 աստիճանից  չէր իջնում։  Ես էլ հիվանդանոցում էի աշխատում։ Մեր գլխավորը կանչեց, ասեց «Էլա՛, ուրիշները ամեն ինչ  անում են, ծանոթ են մեջ գցում, որ ջահելներին փրկեն, դու ստեղ աշխատում ես, բան չես անում։ Է՜, որդիս մի քիչ լավացավ, գնաց- մտավ Արաբոյի ջոկատ։ Գնաց ու չեկավ»։

Որդու հետևից Էլմիրան էլ է գնացել կռիվ։ 

«Սկզբում կրակելիս՝ ձեռքս դողում էր, բայց հետո արդեն չէ, որդուս վրեժն էի լուծում»,-պատմում է լուսանկարի Մադոնան։

Ամեն տարի, հունիսի  29–ին Էլմիրա Հարությույանը Եռաբլուրում է։ Անհայտ զինվորի հուշաքարի առջև որդու հիշատակն է խնկարկում․

«Ես մինչև հիմա սպասում եմ։ Աստծուց խնդրում եմ՝ ինձ այնքան կյանք տա, որ տեսնեմ մի օր դուռը բացում է, մտնում է ներս, ու էդ ժամանակ արդեն թող հոգիս առնի»։

Կրկին դառնալով լուսանկարին․ տիկին Էլյան չի իմացել, որ իրեն նկարում են։ Ասում է՝ շուրջը պատերազմ էր, մտքում՝ որդին։ Անցնում է 20 տարի, ու զանգ է ստանում Օլեգ անունով մի տղամարդուց։ Հանդիպում են, ու միայն այդ ժամանակ է տեսնում լուսանկարը, որն արդեն անցել էր ցուցահանդեսներով, հայտնվել թերթերի էջերին, ինքն էլ Էլյայից դարձել էր Մադոննա։

Զենքով կնոջ պատմությունը շարունակվում է։  Նրա կրտսեր որդին՝ Ալեքսանդրը, պայմանագրային զինծառայող է, երեք զավակ ունի, ավագի անունը նորից Անդրանիկ է։ 44- օրյա պատերազմում հայր ու որդի կռվել են Քարվաճառում։ Անդրանիկն այսօր էլ դեռ բանակում է։

Կարդացեք նաև

Back to top button