
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում հողերի մեծ մասը չի մշակվում. ոռոգման ջուր չկա: Տնամերձ հողակտորներն այստեղ խմելու կամ խորքային հորերի ջրով են ջրում, մինչդեռ սեփականաշնորհված հողերում Ախուրյանի ջրամբարից թողնված ջուրը գրեթե տեղ չի հասնում: Համայնքի 100 հեկտար հողատարածքը ոռոգելի դարձնելու նպատակով 3 կմ նոր ջրագիծ է կառուցվել:
Մյասնիկյանում կանաչապատ տարածքները շատ չեն. գյուղը ոռոգման ջրի՝ տարիներով չլուծվող խնդիր ունի: Հատկապես ամռանն ընդառաջ՝ գյուղում ում հանդիպես, առաջինը հենց ջրից կխոսի.
«Ոռոգման ջուր չունենք, դա ամենամեծ խնդիրն է: Գյուղացիները տնամերձ հողերը ջրելու համար միշտ վիճում են, կռվում: Մենք մի քանի տարի առաջ մի նասոս ունեինք, քանդեցին տարան, վնասված չէր»:
«Գյուղին որ նայում ենք՝ մի տեսակ ամայի է: Այգիներում ծառատեսակներ չկան, ոռոգման ցանցի բացակայության պատճառով ամբողջությամբ չորացել են»:

Մյասնիկյանի հողերը ոռոգվում են Ախուրյանի ջրամբարից, բայց քանի որ համայնքը ոռոգման ցանցի ամենավերջին հատվածում է, ջուրը միշտ պակասում է: Հողի ծարավը գյուղացին, իր խմելու ջրով է հագեցնում, հաճախ էլ՝ խորքային հորերի ջրերով: Կիմա տատիկը, չնայած պատկառելի տարիքին, տանը հանգիստ չի նստում, օրվա մեծ մասը բակում է, հողն է մշակում, տեսքի բերում.
«Խաղող ունեմ, հաղարջ, այս մասում կարտոֆիլ եմ ցանել, բայց դեռ չի ծլել, լոբի եմ ցանել, կանաչի: Սպիտակ խաղող ունեմ՝ ռքածիթելի, կանգուն, օղի եմ քաշում և 1լիտրը 2000 դրամով վաճառում»:

Տնամերձում բանջարեղենի համար էլ է տեղ թողել, օրերը տաքանան՝ սածիլները կդնի: Հիմա խմելու ջրով է ոռոգում: Գյուղացիներն ասում են՝ եթե Մյասնիկյանում լավ ջուր ունենան՝ գյուղը բուրաստան կսարքեն: Ոռոգման ջրի պատճառով սեփականաշնորհված հողերի մի մասը չի մշակվում: Իրենց հողերն անմշակ թողել, բայց պարապ չեն մնացել, հարևան համայնքներում խոշոր հողատերերի մոտ են աշխատում, ասում է մեկ այլ գյուղացի.
«Իմ տղաներն այնտեղ մեկը գարաժում է աշխատում, մեկը՝ տրակտոր վարում: սեփական մի հեկտար հող ունենք՝ խաղող էր, չորացավ, քանդեցինք, բայց հիմա նորից նույն տեղում խաղողի այգի ենք հիմնել: Տնկել ենք, բայց հիմա ֆինանս չունենք, որ շպալներ առնենք, լարերը քաշենք: Մի հող էլ ունենք ընդհանրապես չենք մշակել, ջուր չկա»:

Զրուցակիցներս պատմում են իրենց բազմաթիվ խնդիրներից ու չունեցած ջրից.
«Մեր հողերից մեկը կրակադաշտի տակ է գտնվում, ծիրանանոց էր: Ջուր չկար, որ մշակեինք, համ էլ զինվորի ոտի տակ էր, թողեցինք: Այգի էլ ենք ունեցել՝ ժամանակին վաճառել ենք»:
«Ջուրը մեզ մոտ միշտ խնդիր է, շատ վատ է ջրի վիճակը: Ջուր որ լինի, մարդիկ շատ բան կմշակեն: Ոչ թե մարդկանցից է կախված, այլ ջուր չկա»:

Համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանն ասում է, որ գյուղում 10 խորքային հոր կա, որի մի մասը հանձնվել է «Շենիկ» ջուրօգտագործողների ընկերությանը: Ընդերքի ջրերը նույնպես նվազել են, ոռոգման ամենաթեժ շրջանում ջուր չի լինում: Այս տարի 3 կմ երկարությամբ նոր ջրագիծ է կառուցվել՝ Բաղրամյանի կրակադաշտի ներքևի հողերը մշակելու համար.
«Հողեր ունենք, որ ջրի պրոբլեմ ունեն,ջուրը չի հասնում այնտեղ: Մեծ մասամբ ջրի պատճառով չեն մշակվում, կամաց-կամաց լուծում ենք: Ջրի գլխամասից մոտ 3 կմ նոր ջրագիծ ենք կառուցել, որ այն հողերը, որոնք չեն մշակվել, այս տարի բոլորը մշակեն»:
Նոր անցկացված ջրագիծը հնարավորություն կտա ոռոգել շուրջ 100 հա հողատարածք: Մյասնիկյան համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ անցած տարի մշակվել է 470 հա, տվյալները ջուրօգտագործողների ընկերությունից են: Գյուղում վերականգնում են խաղողի և պտղատու ծառերի այգիները:




