ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն տիեզերքից պատասխանի է սպասում

Համաշխարհային ռադիոտիրույթում Հայաստանին ճանաչում են որպես EK8A, կապ հաստատում մեր երկրի ռադիոսիրողների հետ հենց այս զանգանշանի միջոցով։ Հայաստանը Ռադիոյի սիրահարների միջազգային ֆեդերացիայի անդամ է, իսկ աշխարհի ռադիոալիքները Հայաստանում այսպես ասած խաչմերուկվում են Հայաստանի DOSAAF- ի կենտրոնական շենքում։ Կապի արդի միջոցների կողքին ռադիոկապը շարունակում է մնալ ամենահուսալիներից մեկը ու կիրառվում ամենատարբեր իրավիճակներում՝ պատերազմականից մինչեւ տոնական։ Ու հենց այսօր մայիսի 7-ին մասնագիտական տոնի առիթով կենտրոնական ռադիոկայանը կապի է հաստատել աշխարհի ռադիոսիրողների հետ և միմյանց շնորհավորել ու մասնագիտական հաջողություններ են մաղթել։

ЕК8А-ը մեր Հայաստանի կենտրոնական ռադիոկայանի հիմնական ազդականչն է։ Եթե մենք ամբողջ աշխարհի հետ կապ ենք ունենում ռադիոկայանով, հենց ասում ենք ЕК, բոլորը գիտեն, որ սա Հայաստանն է։ Որպես կանոն փակ տարածք է, որտեղ աշխատակիցների մի մասը գաղտնի ծառայություն է իրականացնում։ Մտնենք ներս։

Սենյակ, որտեղ լսելի են անգամ տիեզերքի ձայները։ Սա նաեւ աշխարհի բոլոր պետությունների ռադիոալիքների «խաչմերուկն» է։ Այստեղ հնարավոր է անգամ այլմոլորակայիններին լսել՝ կես կատակ-կես լուրջ ասում է EK8A- ի վարչության պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը։ Հայաստանի կենտրոնական ռադիոկայանն է․ սենյակը փոքր, ռադիոալիքները՝ անթիվ-անչափելի։ Սարքի խշշոցը, բայց, հնությունից չէ․ ալիքներ է որսում։

«Մենք կապ ենք ստեղծում աշխարհի բոլոր պետություններ հետ։ Սա  է մեր կենտրոնական ռադիոկայանը, որով մենք կապ ենք հաստատում աշխարհի բոլոր պետությունների հետ»,-ասում է։

Պետություններն այս «արկղի» միջոցով իրար ճանաչում են կոդերով։ Հայաստանին իր ռադիոկայանի դեմքով ճանաչում են որպես EK8A։ Այստեղ խորհրդավոր է անգամ քարտեզը.  դարձյալ կոդերով։

«Քարտեզում նշված է ողջ աշխարհի ռադիո սիրող պետությունների հիմնական տառերը։ TU TU անունը տվեցինք, Թուրքիան է, որի հետ միշտ կռվի մեջ ենք, որովհետև մենք միշտ հակասում ենք իրար։ Սրանով մենք կարողանում ենք կապ հաստատել, իմանալ թե ում հետ ենք կապի դուրս եկել։ Նույնիսկ եթե չգիտենք, թե ով է, տառերից արդեն իմանում ենք։ Հաղորդում ենք, ասում եմ՝ ЕК Աֆրիկայից մի պապուաս կարող է ասել՝ Սամվել, բարև, ոնց ես»,-բացատրում է Խաչատրյանը։

Ռադիոսիրողների հավաքակայանում շփվում են Մորզեի այբուբենով։  

«Կապ չունի դու ինչ ազգ ես, գոյություն ունեն կոդեր, որոնցով մենք կարողանում ենք մեկս մյուսի հետ շփվել։ Պարտադիր չի ես անգլերեն իմանամ, երբ ես խոսամ այս կոդերով, բոլորը կիմանան ինչ եմ ես ասում»։

Աշխարհի ռադիոսերներն այստեղ իրար հետ փոխանակվում են ազդանշաններով, ստանում բազմազան տեղեկատվություն՝ ռազմական-կիրառական, սպորտային եւ ոչ միայն։ Տարբեր երկրների ռադիոսիրողներն իրար հետ շփվում են առանց քաղաքական կամ բիզնեսի նպատակների, գովազդն էլ բացառված է։ Հայաստանը Ռադիոյի սիրահարների միջազգային ֆեդերացիայի անդամ է և շփվում է EK8A զանգանշանով։

«Հիմա միացված է ռադիոկայանը, որով մենք կապ ենք ստեղծում աշխարհի բոլոր պետությունների հետ։ Սա  է մեր կենտրոնական ռադիոկայանը, որով մենք կապ ենք հաստատում աշխարհի բոլոր պետությունների հետ»,-նշում է EK8A- ի վարչության պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը։

Այս սենյակ ամեն մարդ չէ, որ մուտք ունի, իսկ այստեղ աշխատելու համար ստուգում ու որակավորում է պետք։ Կապ տալ, ստուգել իրավիճակն այս կամ այն վայրում, որտեղ ինչ-որ իրադարձություն կամ պատահար կա, զգուշացնել իրար խնդիրների մասին, ահազանգել կամ պարզապես ողջունել․ այս սենյակի հիմնական առօրյան է։

Ռադիոկայանը կապի մեջ է 24 ժամ՝ ամեն րոպե, կարող է կապ հաստատել ցանկացած պետության հետ, անգամ եթե լռել են կապի բոլոր այլ միջոցները։ Սա հուսալի գործիք է նաեւ ոստիկանության, շտապ օգնության, Ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների ծառայության համար։

«Երկրաշարժի ժամանակ շատ մեծ խնդիրներ առաջացան կապի հետ, բայց մենք մեր կապը չենք կորցրել։ Մեր մոտ հավաքագրվեց երկրաշարժի հետ կապված ամբողջ ինֆորմացիան՝ ընդհուպ մինչեւ թե ով է զոհվել, ով տեղափոխվել է, ով որտեղ է բնակվում,զանգում ցուցակներով ճշտում էինք՝ ով որտեղ է այդ պահին։  Հոսանք չկար, այդ վատ տարիներին մեր կապը միշտ եղել է»։ 

Կապի արդի միջոցների կողքին ռադիոկապը ամենահուսալիներից մեկն է ու կիրառվում ամենատարբեր իրավիճակներում՝ պատերազմականից մինչեւ տոնական։

«Սկսվել է պատերազմ Ղարաբաղում, նորից մեր կապը եղել է։ Մենք լուրջ, գաղտնի կապավորներ ենք ունեցել, շատ գործեր ենք արել։ Մինչ օրս էլ համարվում ենք ալտերնատիվ կապ ու բացառություն չէր նաև վերջին պատերազմը։  Մենք մեր ռադիոկայանով կարողանում էինք մարտական գործողությունների ժամանակ կապ հաստատել»։

Ազատամարտիկ Արգիշտի Շամիրյանը նաև վերջին պատերազմին է մասնակցել իր ջոկատով։ «Երբ առաջնագծում ես և վիրավոր  կամ փամփուշտի խնդիր ունես, և քեզ վրա հարձակվում են, կապն օդի նման  անհրաժեշտ է։ 44 օրում մենք ունեցել ենք 3 վիրավոր»,-պատմում է Շամիրյանը։

Հատուկ զանգի նշանով ընդունված է իրար շնորհավորել նաեւ։ ЕК8А -ն, այսինքն՝ Հայաստանի կենտրոնական ռադիոկայանը, այս տարի սեպտեմբերի 1-ին կապի դուրս կգա տիեզերք, կփոխանցի իր մեսիջը, որ Հայաստանի Հանրային ռադիոն 95 տարեկան է, իսկ տիեզերքից կընդունի շնորհավորական ազդանշան։ Կախված արբանյակի տվյալ օրվա երթուղուց՝ տիեզերքից Հանրային ռադիոյին ուղղված շնորհավորանքը լսելի կլինի նաեւ աշխարհի ամենատարբեր երկրներում այդ պահին ռադիոկապի մեջ գտնվող ռադիոսիրողներին։ 

«Կապ պետք է հաստատենք տիեզերագնացների հետ։ Փորձենք գրաֆիկը ճշտել, իմանալ՝ ով է այդ օրը լինելու տիեզերագնացներից։ Մեր խնդիրն է՝ ռադիոյի օրը անպայման կապ հաստատել որևէ արբանյակի հետ, որը տվյալ պահին ինչ-որ խնդիր է լուծում երկնքում և ցույց տալ, որ Հայաստանը  հնարավորություն ունեցավ  տիեզերագնացների հետ կապ հաստատել և տիեզերագնացը մեր կապը հասցնի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,-մանրամասնում է Խաչատրյանը։

Հանրային ռադիոյի 95-ամյակի առիթով կվերականգնվի նաև ռադիոյի մարզաձևերից մեկը՝ աղվեսաորսը, երբ  հայտնաբերվում են նախապես թաքցված հաղորդիչները։ Ռադիոսպորտը՝ շատերի համար գուցե անհասկանալի,  Հայաստանում ունի իր սիրողները, գիտակները ու թեկուզ հին ընդունիչով, սակայն տիեզերքի հետ կապի դուրս եկողները։

Կարդացեք նաև

Back to top button