
Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ սահմանող Կառավարության՝ մայիսի 4-ին ընդունած որոշումը։
Փոփոխությունները վերաբերում են երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Գյումրու մանկավարժական համալսարանի կառավարման խորհուրդներին․ փոխվում է խորհուրդների անդամների թիվը,դրանցում բուհի ներկայացուցիչների և Կառավարության ներկայացվածության համամասնությունը։
Արման Թաթոյանը Ազգային ժողովում հիշեցրել է, որ դեռ դեկտեմբերին իր մտահոգություններն է հայտնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ և նշել, որ դրանում հակասահմանադրական դրույթներ կան։ Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել նախագիծը և այն ուղարկել է Սահմանադրական դատարան։
Օմբուդսմենը կարծում է, որ նման որոշում ընդունելով՝ Կառավարությունն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում սահմանադրական երկու ինստիտուտների՝ նախագահի և Սահմանադրական դատարանի նկատմամբ։
«Ի տարբերություն օրենքի՝ Կառավարության այս որոշումը ավելի է վատթարացնում իրավիճակը։ Բացի դրանից՝ ես կարծում եմ, որ ԿԳՄՍ–ի այս նախաձեռնությունը անհարգանք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի և Սահմանադրական դատարանի հանդեպ։ Կառավարության այս որոշումը վիճարկելու եմ Սահմանադրական դատարանում։
Այստեղ երկու խնդիր կա․ առաջինը՝ բովանդակային, որն առնչվում է բուհերի ինքնավարությանը, ինչը, կարծում եմ, հակասահմանադրական է։ Երկրորդը ընթացակարգային խնդիրներն են»,- ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը։




