
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մերժել են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրություններին երեք նախկին նախագահներով միասին գնալու առաջարկը։
«Մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ»,- հայտնել են Քոչարյանի գրասենյակից։ Սերժ Սարգսյանի գրասենյակն էլ հիշեցրել են Տեր-Պետրոսյանին, որ իրենք դաշինք են կազմել «Հայրենիք» կուսակցության հետ։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի վաղ հրապարակել էր այն հայտարարության տեքստը, որն Հայաստանի և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին առաջարկել էր ստորագրել մարտի 25-ին կայացած հանդիպման ժամանակ։
Լևոն Տեր–Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սրագսյանին առաջարկել էր անկախ սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից՝ միավորվել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Տեր–Պետրոսյանը նշել էր նաև, որ առաջարկի շուրջ քննարկում տեղի չէր ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել էր այն, իսկ Սերժ Սարգսյանը որևէ կարծիք չէր արտահայտել։
«Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերևս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է»,– գրել էր Տեր–Պետրոսյանը։




