Նախապայմաններ կան, բայց ապաշրջափակման բանակցությունն ընթանում է․ Մհեր Գրիգորյան
Կազանում ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 10-ի հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը․ մինչ այժմ այդ երկրում հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց Ադրբեջանը չի վերադարձնում։
Այս համատեքստում ո՞ր փուլում են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման բանակցությունները, և արդյոք ռազմագերիների հարցը չի՞ դրվում որպես նախապայման՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ աշխատանքը բազմաբաղադրիչ է, ուստի չի ցանկանում մեկ պայման կամ մի քանի նախապայման առանձնացնել։
Գրիգորյանի խոսքով` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ ստեղծված` տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի քննարկումները շարունակվում են, աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ, Գրիգորյանը ճանապարհների ապաշրջափակման բանակցություններից խոսելիս շեշտում է անվտանգության ռիսկերը բացառելու նախապայմանը և դրա իրավական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը։
«Մենք պետք է վստահ լինենք, որ տրանսպորտային կապն ու բեռների փոխադրումներն անվտանգ են իրականացվելու»,- ընդգծեց փոխվարչապետի պաշտոնակատարը՝ հույս հայտնելով, որ հնարավոր է գտնել բալանսավորված շահեր ենթադրող լուծում, ինչն էլ ճանապարհների անվտանգությունը կերաշխավորի։
Ճանապարհների ու բեռների տեղափոխման անվտանգության մասով փոխվարչապետի պաշտոնակատարը վերջնական կարծիքը թողնում է փորձագետների աշխատանքին։ Այս պահին ավելի շատ քննարկվում են ճանապարհների տեխնիկական հնարավորության հարցերը։
«Այս պահին ինչ էլ մենք խոսենք, ենթադրենք, ինչ ուղիներ էլ ենթադրենք, մինչև չլինի դրա տեխնիկական փորձաքննության հնարավորությունը, քննարկումների շուրջ հնարավոր չի լինի որոշում կայացնել»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ամենահավանական տարբերակը նախկինում գործող ենթակառուցվածքների վերականգնումն է, իսկ սա նշանակում է, որ տեխնիկական հավանականությունը այս կամ այն վայրում կա։ Սակայն, թե ինչ վիճակում են այդ ենթակառուցվածքները, ինչ ժամկետում ու ինչ ռեսուրսներ կօգտագործվեն՝ պարզ կլինի տեխնիկական զննությունից հետո միայն։