
Սնկերն անձևից հետո են շատանում, կուսակցությունները՝ ընտրությունից առաջ: azdarar.am հարթակը տեղեկացնում է, որ միայն ապրիլ ամսվա ընթացքում 13 նորաստեղծ կուսակցության համագումար է կայանալու:
Հայաստանում այսօր 92 գրանցված կուսակցություն կա։ Մեծ մասը, այսպես կոչված, մարդ-կուսակցություններ են: Գրանցված վերջին կուսակցության անունը «Վերելք» է, համագումարի մասին դեռ ինֆորմացիա չկա:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ասում է՝ կուսակցությունների ստեղծումը բնորոշ է տարածաշրջանին ընդհանրապես. քաղաքական մշակույթի այս տարածքում գնահատվում է ոչ թե կուսակցության գաղափարախոսությունը, այլ անհատի դերը։
«Ազգային մտածելակերպի խնդիր է։ Մարդիկ չեն ցանկանում լինել այս կամ այն կուսակցության երկրորդը, այլ պետք է լինեն առաջինը»։
Դեռ 1995թվից՝ ընտրություններից առաջ ստեղծվել են նոր կուսակցություններ, ու կապ չունի՝ դաշտը ազատականացվա՞ծ է, թե՞ ոչ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է՝ սա պարզապես հին հայկական ավանդույթ է.
«Պարզապես այս անգամ իրավիճակը շատ անհասկանալի է, ու բոլորին թվում է,թե յուրաքանչյուրն ունի ընտրվելու շանս»:
Խնդիրներ լուծելու համար պետք է իշխանություն ունենալ, բայց ակնհայտ է, որ այսօր ավելանում է ոչ թե խնդիր լուծող քաղաքական ուժերի, այլ մարդ-կուսակցությունների թիվը:
Դրանք, ըստ քաղտեխնոլոգի, ասենք այսպես, ֆոնային թեկնածուներն են, որոնք վնաս չեն տալիս արդեն կայուն ընտրազանգված ունեցող կուսակցություններին.
«Նրանք իրենց աղմուկով կարող են խանգարել փոքր, բայց ազդեցիկ կուսակցություններին»։
Արմեն Բադալյանի կարծիքով՝ օրինաչափ է նաև դրածո թեկնածուների տեխնոլոգիայի կիրառումը.
«Դու արհեստական կուսակցություններ ես ստեղծում, որոնք ընտրարշավի ժամանակ ինչ-որ գործողություններ են իրականացնում մրցակցիդ կողմից»:
«Ռադիոլուր»-ի զրուցակից քաղտեխնոլոգների դիտարկմամբ՝ քաղաքական դաշտում արդեն տեսանելի են հիմնական խաղացողները, թեպետ մինչև ընտրություններ դեռ ժամանակ կա: Կարեն Քոչարյան.
«Կան հինգ-վեց հիմնական խաղացող,մնացածները ընդամենը խաղում են»:
Արմեն Բադալյանը նաև անուններ է թվարկում. առաջին հարթությունում իշխող ուժն է՝ վարչապետի գլխավորությամբ, և երկրորդ նախագահը.
«Նրանք պայքարում են մեկ նպատակի համար՝ դառնալ վարչապետ։ Երկրորդ հարթությունում ԲՀԿ-ն է և Արթուր Վանեցյանի կուսակցությունը, որոնք պայքարում են խորհրդարանում հայտնվելու համար»։
Հունիսի 20-ին նախանշված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, բայց քաղտեխնոլոգները արձանագրում են, որ իրականում, հասարակությունը ընտրելու է ոչ թե կուսակցություններ, որոնք կաշխատեն խորհրդարանում, այլ վարչապետ, որը կղեկավարրի գործադիր մարմինը և երկիրը:






