ԿարևորՀասարակություն

Միայն 1 տարի՝ միայն ավագ դպրոցում․ «Հայ եկեղեցու պատմությունը»՝ Մայր Աթոռ-ԿԳՄՍ բանավեճի թեմա

ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է փոփոխել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման ծավալը և ժամկետերը։ Առարկան հավանաբար կկոչվի «Կրոնի և հայ եկեղեցու պատմություն» և կդասավանդվի միայն ավագ դպրոցում՝ միայն 1 տարի․ հարցազրույցներից մեկում հայտարարել էր ԿԳՄՍ նախարարի ժ/պ Վահրամ Դումանյանը։ Մինչդեռ Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբն  անընդունելի է համարում կառավարության մոտեցումը՝ պնդելով՝  հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, նվազել սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Հեռակա բանավեճը շարունակվում է․ Մայր Աթոռի դիրքորոշումը հստակ է՝ ամեն ինչ անելու են՝  կանխելու փոփոխությունները, իսկ ԿԳՄՍ-ն լիահույս է գործակցել Մայր Աթոռի հետ։

Անժելա Խաչատրյանն արդեն 12 տարի է՝ դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» է դասավանդում։ Մեզ էլ հրավիրում է իր դասին՝ համոզվելու՝ երեխաները ոգևորությամբ ու հետաքրքրությամբ են մասնակցում դրան։

«Բավականին երկար տարիների ընթացքում փորձառության միջոցով շատ մեթոդներ եմ մշակել առարկան մատուցելու, ճիշտ սովորեցնելու, ճիշտ հայ մեծացնելու համար։ Որ 10 երեխայից 2-ն էլ ճիշտ ընկալի ու ճիշտ ապրի, դա արդեն շատ մեծ ձեռքբերում է»,– ասում է «Հայոց եկեղեցու պատմության» ուսուցչուհին։

Տիկին Խաչատրյանն աշակերտների հետ կիրակի օրերին հաճախ պատարագների է մասնակցում՝ ամրապնդելու մատուցած թեմաները։ Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին առարկայի ծրագրում, իհարկե, թերություններ նկատել է, բայց վստահ է՝ առարկան ամենակարևորներից է դպրոցում։

Ինչպես պետք է փոխվի առարկայի մատուցումը դպրոցում․ ԿԳՄՍ-ից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ նախատեսվում է հանրակրթական ծրագրի ավագ աստիճանում՝ 10-րդ դասարանում, ներառել «Կրոնի և հայոց եկեղեցու պատմություն» առարկան մեկ տարով՝ ակնկալելով, որ դա կնպաստի սովորողների աշխարհայացքի զարգացմանը, նաև ամբողջական և համակարգված գիտելիք կփոխանցի կրոնի և Հայոց եկեղեցու պատմության վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարարի ժ/պ Վահրամ Դումանյան

Վահրամ Դումանյանը նախորդիվ շեշտել էր, որ եկեղեցու ներկայացուցիչների հետ փետրվարին քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց նաեւ չեն կարող հաշվի չառնել եկեղեցու կարծիքը։

«Ես ասացի՝ այո, անում ենք «քայլ դեպի եկեղեցի» պահանջը, դիմեցի նաև հանձնախմբի անդամներին՝ ասելով, որ ակնկալում եմ  ընդառաջ քայլ դեպի առաջարկված տարբերակը»,– հարցազրույցներից մեկում ասել է Վահրամ Դումանյանը։

Հանրակրթական ծրագրում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման փոփոխություններին Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբը կտրականապես դեմ է, իր վերջին հայտարարությամբ անընդունելի է համարում կառավարության մոտեցումը։ «Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո»,-ասված է  հայտարարության մեջ։ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում՝ շեշտում է Մայր Աթոռն ու միաժամանակ պատրաստակամություն հայտնում բարեփոխել  առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը և ուսուցիչների վերապատրաստումներին․

«Հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Ավելորդ ենք համարում բացատրել, թե որքան անհրաժեշտ է այդպիսի կրթությունը մեր երկրին ու ժողովրդին, որը գտնվում է գոյաբանական վտանգների և պատերազմի մշտական սպառնալիքի առջև»,-ասված է հայտարարության մեջ:

https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10158159364431408

Ուսուցչուհի Անժելա Խաչատրյանը կողմ է «Հայոց եկեղեցու պատմությունը» ավագ դպրոցում դասավանդելու մոտեցմանը, ասում է՝ կարևոր է, որ երեխաները գիտակից տարիքում ծանոթանան եկեղեցուն և հավատքին։

«Մեկ-երկու թեմա կա շատ ծավալված, ձգձգված 11-րդ դասարանում, բայց հիմնականում երբ արդեն երեխայի գիտակից տարիքում են դասավանդվում այդ թեմաները, շատ օգտակար է։ Իսկ միջին դասարանների ծրագրում հիմնականում պատմական ակնարկ է և դասավանդում են հիմնականում պատմության ուսուցիչները, որոնք միայն փաստերով, թվերով են մատուցում նյութը»,– ասում է ուսուցչուհի Անժելա Խաչատրյանը։

ԿԳՄՍ-ն իր հերթին է շեշտում՝ փոփոխությունը նախատեսում են՝ կարևորելով հայ ժողովրդի հոգեւոր եւ ֆիզիկական անվտանգության ապահովումը, ազգային արժեքների եւ ինքնության ապահովումը ու պատրաստ են գործակցել եկեղեցու հետ։ Մինչդեռ Մայր աթոռում այս փոփոխությանը կտրականապես դեմ են, շեշտում են՝ ամեն ինչ անելու են՝ կանխելու, իրենց ձևակերպմամբ,  կործանարար մոտեցումը։

Կարդացեք նաև

Back to top button