ԿարևորՀասարակություն

Ժողովրդագրական խնդիրների լուծում՝ նոր ծրագրերով․ կառավարության խոստումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության, մարզերում բնակարանաշինությունը խթանելու, սոցիալական աջակցության զգալի փոփոխություններ ունենք, և այդ քաղաքականությունը պետք է շարունակել՝ Կոտայքի մարզ աշխատանքային այցի ընթացքում ասել է վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով ծրագրերի մասին իրազեկվածությունը։ Մինչդեռ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս ծրագրերի կենսունակությանը կասկածով է մոտենում, ասում է՝ հիպոթեքային շուկայում  փորձում  են ինչ-որ աշխուժություն ստեղծել, բայց դրանք մեկանգամյա գործողություններ են։ 

Ժողովրդագրական խնդիրներն առաջնային համարելով՝ կառավարությունը  նոր շեշտադրումներով է խոսում երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության, մարզերում բնակարանաշինությունը խթանելու  պետական աջակցության ծրագրերի, երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարի  վերաբերյալ։ Մասնավորապես, ներկայում մարզերում և Երևանում գործում է ծրագիր, որի շրջանակում առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը մարզային հերթական այցի ընթացքում խոսում է այս ու այս նպատակով այլ ծրագրերից։

«Երկու անչափահաս երեխա ունեն: Նրանք հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում, ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, աջակցություն են ստանում: Այսինքն, եթե 2 երեխա ունեցող ընտանիքը հիփոթեքային վարկով ձեռք է բերում բնակարան, այդ փաստի բերումով արդեն ստանում է բնակարանի 5 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Գործնականում՝ մեր բոլոր մարզերում 1 մլն դրամը 20 մլն դրամի 5 տոկոսն է: 20 մլն դրամով կարելի է ձեռք բերել բավականին լավ բնակարան: Բայց սա ամբողջը չէ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, ավելանում է ևս 500 000 դրամ աջակցություն: Այսինքն՝ միանվագ աջակցություն է ստանում: Սա վերաբերում է մարզերի բնակիչներին»

Վարչապետը մեկ այլ ծրագրի մասին էլ  է  խոսում․ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել բացառապես պետության աջակցության հաշվին կամ պետությունը, կախված գնից, մինչև 70-80 տոկոս աջակցություն կարող է  ցուցաբերել։ Մինչդեռ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լուրջ վերապահումներ ունի այս ծրագրերի մասով, նկատում է, որ այսօր նախ վստահության պակաս կա, և հետո խոստումներ  են  տրվում պետական բյուջեի հաշվին։ Փաշինյանի ներկայացրածը Մանասերյանը դիտարկում է որպես նախընտրական խոստում։

«Ընտրական խոստումներ են տալիս, որ մարդիկ ասեն՝ այս կառավարությունից լավը չկա, ի՞նչ անենք, որ պատերազմում տանուլ ենք տվել ու տնտեսությունն էլ քայքայել»,-ասում է Մանասերյանը։

Գործող կառավարությունը փորձեց միանավագ բարձրացնել երեխային տրվող նպաստի չափը, սակայն գումար բարձրացնելով չեն նպաստում ծնելիության աճին ու ժողովրդագրական խնդիրների լուծմանը՝ ասում է տնտեսագետը։  Դեմոգրաֆիկ խնդիրներն, ըստ Մանասերյանի, լուծում չեն ստանում նաև հիպոթեքային վարկավորման միջոցով, «հատկապես հիմա, երբ բյուջեն այդքան հնարավորություն չունի»։

«Հիպոթեքային շուկայում փորձում են ինչ-որ աշխուժություն ստեղծել, բայց դրանք մեկանգամյա գործողություններ են։ Մեր բյուջեն չունի այդ հնարավորությունը։ Հատկապես պատերազմից  հետո ընդունված  բյուջեն չի արտացոլում այն իրողությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 9-ից հետո։ Առաջնահերթություններից ոչ ֆինանսների նախարությունը պատկերացում ունի,ոչ էկոնոմիկայի»,-ասում է Մանասերյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում խոսել էր նաև ժողովրդագրական խնդիրների մասին։ «Եթե մենք այսօր չապահովենք տնտեսական անվտանգությունը, զարգացման մասին խոսելը կլինի անիմաստ»,-ասում է Մանասերյանն ու հավելում՝  կառավարությունից դեռ չի տեսել առկա եղած սպառնալիքների իրական գնահատում, «այսինքն՝  իրականությունից կտրված խոսքեր են ու դրա լրջությունը չեն պատկերացնում»։

Իսկ այս ընթացքում կառավարությունը խոսում է նոր ծրագրերից ու շեշտում՝ բազմազավակ ընտանիքների խրախուսման համար էլ են մեխանիզմներ մշակելու։

Կարդացեք նաև

Back to top button