
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին, ասված է ԱԺ կայքում։
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար։
Վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:




