ԿարևորՔաղաքական

ՄԻԵԴ-ում սկսել են «տեսնել» ադրբեջանական «արմենոֆոբիան»

Ի՞նչ կապ կա և արդյո՞ք կարող է կապ լինել 106 տարի առաջ տեղի ունեցածի և 44-օրյա պատերազմի միջև։ Այս հարցի փաստարկված պատասխանը կարելի է գտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ օրերս բացվել է 44-օրյա պատերազմի բաժին։ Եթե պատմաբանները փորձում են հիմնավորել պատմական երկու իրադարձությունների միջև կապը, ապա միջազգային իրավունքի մասնագետներն իրենց հերթին փաստում են՝ առաջընթաց կա միջազգային ատյաններում, հատկապես ՄԻԵԴ–ում «արմենոֆոբիա» իրավական ձևակերպումը ամրագրելու հհամաժողովին քննարկվել են 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները։

Հայ իրավաբաններին հաջողվել է Եվրոպային հիմնավորել, որ հարևան երկրում հայերի հանդեպ կա համակարգված խտրականություն։ Իրավաբանորեն՝ ատելությունը, որը ցեղասպանության հիմքն է, 5 աստիճան ունի՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Աստիճաններն, ըստ փաստաբանի, սկսվում են սովորական անեկդոտներից, հետո գալիս է գործողություն, այնուհետև՝ համակարգված խտրականություն, չորրորդը բռնությունն է և վերջում՝ ցեղասպանությունը։

«Ադրբեջանում արդեն 4-րդ աստիճանի վրա  է՝ բռնություն, ուստի եթե հակազդեցություն չլինի Արցախում, հաջորդը կլինի ցեղասպանություն։ Եթե ռազմական հակազդեցություն չլինի՝  քաղաքական, իրավական և այլն, և այլն։ Արդեն իսկ Եվրոպայում, մասնավորապես, Եվրոպական դատարանում համոզվել են, որ այնտեղ (Ադրբեջանում-խմբ․) խորը համակարգային «արմենոֆոբիա» կա, խտրականություն, իսկ դա արդեն իսկ հակասում է Եվրոպայի Խորհրդի կանոնադրությանը։ Դրանում ամենաշատը մեզ օգնեց հենց Ալիևը՝ իր հայտարարություններով։ Ալիևի և պաշտոնատար անձանց բոլոր այդ հայտարարություններն ամրագրվում են որպես ապացույցներ։ Եթե նախկինում ինչ–որ շանս ունեին հիմնավորելու, որ չկա համակարգային խտրականություն, հիմա այդ պուրակով, որ բացեցին, միայն այդ նկարները ուղարկելը եվրոպացիներին և կես էջ հայց գրել՝ արդեն իսկ 14–րդ հոդվածը ունենք»։  

Միջազգային իրավունքի մասնագետներին և իրավաբաններին 10 տարի առաջ դժվար էր պատկերացնել, թե Եվրոպական դատարանում ինչ ընթացք կստանան Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը։ Ամեն ինչ սկսվեց «Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի» գործից, հետո եկավ Մուկուչյանի և Մինասյանի գործերով վճիռը և, իհարկե, կացնահարող Ռամիլ Սաֆարովի գործը։ Հայաստանի մասնագիտական շրջանակներում կարծում են, որ Եվրոպան արդեն եզրահանգումներ է անում։ Կա լավ հիմք, որով պետք է ճիշտ աշխատել՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը՝ համոզված լինելով, որ պետական կառույցների և խմբերի կողքին պետք է աշխատեն նաև մասնավոր կազմակերպություններն ու մասնագիտական խմբերը։ Առաջին հերթին պետք է ճիշտ կազմվեն ՄԻԵԴ ուղարկվող հայցերը՝ ասում է․

«Ամբողջը պետք է դրվի խտրականության, ռասիզմի համատեքստում։ Ռասիզմն արդեն ամեն ինչ տեղն է դնում, բացատրում է հակամարտության իրական պատճառները։ Եթե «արմենոֆոբիան» դնում ես դատական հայցերի կոնտեքստում, պարզ է դառնում, որ ներքին կոնֆլիկտ չէ, դա սովորական զինված հակամարտություն չէր, և հաջորդ քայլն արդեն ցեղասպանությունն էր Արցախում, եթե միջոցներ ձեռք չառնվեին»։  

Իրավաբանների դիտարկումներին միանում են նաև պատմաբանները, իհարկե, արդեն իրենց ոլորտում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում օրերս բացվեց 44-օրյա պատերազմի բաժին։ Ինստիտուտի գիտաշխատող Նաիրա Սահակյանը պատմական և փաստական նյութերով է հիմնավորում՝ 106 տարի առաջ կատարվածի և 44 օրյա պատերազմի միջև ուղիղ կապ կա։

«Այո, կապված են։ Սա չի կարող դադարել, քանի դեռ Ալիևի և Էրդողանի նման ղեկավարները շարունակում են հակահայկական զգացմունքներ բորբոքել իրենց ժողովուրդների մեջ։ Ու սա, ի դեպ, միայն հակահայկականություն չէ։ Սա Օսմանյան Կայսրության վերականգման մի նոր փուլ է, և դա ակնհայտ է դառնում, երբ մենք տեսնում ենք որ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ ունի խնդիրներ»։

Այն, որ Թուրքիայի, այսպես ասենք, «մատը խառն է» 44 օրյա պատերազմին, կասկածից դուրս է նաև Հայաստանում եզդիների համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի համար։ Ասում է՝ պատերազմի առաջին իսկ օրերից մտահոգիչ տեղեկություններ և փաստեր ստանում էին հենց «այնտեղից»։ Դա էր պատճառը, որ միանգամից առանձին ջոկատ կազմեցին ու գնացին Հայաստանը պաշտպանելու․

«Իմ ազգակիցները ապրում են Սիրիայում և Իրաքում։ Ես շատ արագ տեղեկատվություն ստացա, որ Իրաքից Թուրքիայի տարածքով ակաբեկիչներ կամ վարձկաններ են տեղափոխվում դեպի Ադրբեջան և այստեղ կռվելու են հայերի դեմ։ Հավաստի տեղեկություններ ունենք, որ երկու փուլով ահաբեկիչներ եկել են դեպի Ադրբեջան։ Մի փուլով 5500–ի հասնում նրանց թիվը, մյուսով՝ 3 հազարից մի քիչ ավելի։ Պատրաստվում էին էլի ահաբեկիչ, վարձկաններ ուղարկել, եթե պատերազմը շարունակվեր։ Հայկական կողմը երբ կարողացավ այդ վարձկաններից 3–ին գերեվարել, նրանցից մեկը եղել է նաև Սինջարում՝ իր քեռու ընտանիքում, որը եզդիական հատվածում է բնակվում։ Այս հետքերով գնացել ենք ու իմացել, որ այս սունի–ահաբեկչի քեռին էլ եզդիների նկատմամբ է իրականացրել ցեղասպանություն»։

Երևանում կազմակերպված քննարկումը միջազգային ձևաչափի էր։ Մասնակիցները տարբեր երկրներից էին, բայց 24-ամյա Սեյրանն իր խոսքն ուղղում է հատկապես «MAAT-ի խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների համար» կազմակերպության ղեկավար Այման Աքիլին։

«Ես 24 տարեկան եմ։ Նորմա՞լ է, որ տեսել եմ 2 պատերազմ։ Անկեղծ կասեմ Ձեզ, պարոն Այման, առհասարակ ՀԿ-ների և միջազգային բարձր հեղինակություն վայելող կազմակերպությունների հանդեպ վստահություն չունեմ։ Ու Դուք գիտեք՝  ինչի համար։ Պատերազմի այսքան ցավերի մեջ ոչ մի միջազգային կազմակերպություն չարձագանքեց։ Ընդամենը կոչեր էին անում։ Ու այդ ամեն կոչի ժամանակ տասնյակ զոհեր ենք մենք ունեցել սահմանի վրա՝ մեկի գլուխն են կտրել, մյուսից սպանել են՝ ստորացնելով, նվաստացնելով։ Այդ ամեն ինչը տեսել ենք»։

Անգամ ներկայիս անվստահության դեպքում երիտասարդը համոզված է, որ միջազգային ատյանում Հայաստանի ձայնը լսելի կդառնա։

Կարդացեք նաև

Back to top button