ԿարևորՔաղաքական

Քննարկում ԵԽԽՎ-ում և նամակ Անգելա Մերկելին․ ինչպե՞ս կլուծվի հայ գերիների հարցը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կստանա հայ ռազմագերիների մայրերի նամակը։ Այն Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի գերմանական նախագահությանն է հանձնել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Հայտնի չէ, թե ինչ են Մերկելին գրել գերիների մայրերը, հայտնի չէ նաև, թե քանի գերի է պահվում  Ադրբեջանում։ ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել տեղեկատվություն՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի և վիճակի մասին:

Հայտնի է միայն, որ ապրիլի 20-ին ԵԽԽՎ–ում երեկոյան ավարտվեց Հայաստանի առաջարկով օրակարգային դարձած հարցի քննարկումը։ Ելույթ ունեցան մեկ տասնյակից ավելի պատվիրակներ և հիմնականում դատապարտեցին Ադրբեջանի քաղաքականությունը՝ պահանջելով անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Պորտուգալիան ներկայացնող Պաուլո Պիսկոն անդրադաձավ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը։

Նա, մասնավորապես, ասաց․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտականությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի համատեղ հայտարարությունում»:

Պատգամավորը մեջբերեց հայտարարության 8–րդ կետը, որտեղ գրված է, որ կողմերը պետք է փոխանակեն ռազմագերիներին ու կալանավորված մյուս անձանց, պետք է փոխանակեն զոհվածների դիակները։

«Հայաստանը կատարել է համաձայնության իր մասը, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին, սակայն Ադրբեջանը չի լուծում այդ խնդիրը»,-ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ասաց պորտուգալացի պատվիրակը։  

Հայրենական մեծ պատերազմից հետո ստեղծված ԵԽԽՎ-ն, որը պետք է իր գործառույթներով կանխեր ռազմական հանցագործությունները, պարզապես դարձավ քննարկման հարթակ՝ առանց հետագա զարգացումների։ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներին այս կառույցում լավ ծանոթ են, այդ պետության «թեթև ձեռքով» վերջին շրջանում կառույցը, կարելի է ասել, «հեղինակազրկվեց»։ Այս փուլում յուրաքանչյուրը կառույցում լուծում է իր խնդիրը, իսկ սկզբունքային և հիմնարար արժեքները դրվել են մի կողմ․ ինչո՞ւ՝ պատճառներին անդրադառնում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ասում է․ «ԵԽԽՎ-ն ամենևին եվրոպական ամենաբարձր կառույցը չէ, և ինչ-որ իմաստով վերջին տարիներին ԵԽԽՎ-ն, որպես քաղաքական, հեղինակավոր կառույց, նույնիսկ ավելի է կշռազրկվել։ Այդ գործում դեր է ունեցել նաև այն, որ ԵԽԽՎ–ում բավական շատ բացահայտումներ եղան «խավիարային դիվանագիտության» հետ կապված։  Օրինակ, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը փորձել կաշառել մի շարք պատգամավորների, և ինչպես էին նրանք կաշառվել։ Այսինքն՝ այս իմաստով մենք գործ ունենք եվրոպական ոչ ամենաբարձր և ամենահեղինակավոր ամբիոնի հետ։ Այսքանի ֆոնին հայ ռազմագերիների հարցի քննարկումը, իհարկե, ողջունելի է։ Ողջունելի է ցանկացած հարթակում այս հարցի բարձրաձայնումը։ Բայց ես կարծում եմ, ԵԽԽՎ-ի քննարկումը չունի էական արժեք։ Համենայն դեպս, չունի և չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դրանից որևէ քաղաքական ռիսկ չկա Ադրբեջանի համար»։

Ապրիլի 20-ի քննարկումից հետո Ադրբեջանը հիասթափվել է ԵԽԽՎ-ից։ Այդ երկրի երկու պատվիրակ ելույթներում Հայաստանը ներկայացրին որպես ահաբեկչական երկիր։ Նրանց միացան նաև Թուրքիայի պատվիրակները։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության դիրքորոշումն այս հարցում՝ այլ պատմություն է։ Նախ, օրակարգում հարցն ընդգրկելու քվեարկությունը՝ 12 պատվիրակից 5–ը դեմ էին, 7–ը ձեռնպահ, որ հայ ռազմագերիների հարցը քննարկման առարկա դառնա ԵԽԽՎ լիագումար նիստում։ Քննարկման ժամանակ ռուսաստանցի որևէ պատվիրակ ելույթ չունեցավ, թեև հայաստանյան պատվիրակության անդամներին ելույթ էին խոստացել։ Ռուսաստանից արդեն բացատրություն հնչել է՝ պատճառը տեխնիկական էր։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը այլ պատճառներ է դիտարկում։

Ասում է․ «Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն իր ռեգիոնալ քաղաքականությունը կառուցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործընկերության սկզբունքով, և այստեղ Ռուսաստանի քվեարկությունը, կարծում եմ, պայմանավորված էր հենց դրանով։ Տեխնիկական բացատրությունը, թերևս,  ուղղված է հայկական հանրության արձագանքը մեղմելուն, բայց, իրականում, կարծում եմ, այդտեղ տեխնիկական որևէ խնդիր չկար և քվեարկությունը եղել է միանգամայն գիտակցված։ Ռուսները պարզապես փորձեցին իրենց քվեարկությամբ ադրբեջանցիներին և թուրքերին չտալ իրենց որևէ պահանջ կամ դիտողություն անելու հիմք, բայց սա ևս մտահոգիչ հանգամանք է։ Այս դեպքում մենք լրջորեն խորհելու բան ունենք այն իմաստով, թե որքան թույլ է Ռուսաստանը, եթե ստիպված է այդպիսի դեպքերում անգամ մտածել Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքի մասին։ Մենք հերթական անգամ տեսնում ենք, որ մեր ռազմագերիների հարցը, ցավոք սրտի, դարձել է բարդ քաղաքական շերտավորում ունեցող գործընթացի խաղաքարտերից մեկը, և սա մեզանից պահանջելու է լրջագույն ջանքեր՝ լուծումների գալու համար։ Մենք դիտարկում ենք եվրոպական հարթակում քննարկումները, բայց, ի վերջո, ինքներս պետք է պատրանքների չտրվենք և շատ լավ պատկերացնենք, որ այստեղ լուծումը լինելու է քաղաքական։ Ակնհայտ է, որ պրոցեսը, այսպես ասած, եվրասիական դաշտում է»։

Ինչ վերլուծություններ էլ հնչեն, եվրոպական կառույցներում  հայաստանյան պատվիրակության անդամները՝ թեկուզ մանր քայլերով, հայ ռազմագերիների հարցը փորձելու են դարձնել գլխացավանք Բաքվի համար։ Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը համոզված է՝ այդ ճնշման տակ ինչ-որ պահից անհնար է դառնալու գերիներին պահելը։

Կարդացեք նաև

Back to top button