17 տարի անց Հայաստանը երկրորդ անգամ ստանձնում է Ֆորումի նախագահությունը: Այս մասին այսօր՝ ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այն ժամանակ, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են։
«Եվրոպական անվտանգության նոր սպառնալիքները գալիս են հիմնականում հարավից՝ միջերկրածովյան և մերձվորաևելյան տարածաշրջաններից»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա նշել է, որ անցյալ տարի Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը տևեց 44 օր և Արցախում հանգեցրեց հազարավոր զոհերի, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների, տասնյակ հազարավոր տեղահանվածների:
«Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ: Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր»,- ասել է Այվազյանը:
Նախարարի խոսքով՝ միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները:
«Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը»,- նշել է Այվազյանը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո։
«Հայաստանը կշարունակի համագործակցել ԵԱՀԿ նախագահության, ինչպես նաև Եռյակի անդամների հետ և պատրաստ է աշխատել բոլոր այն մասնակից պետությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել ընդհանուր սկզբունքների և պարտավորությունների նկատմամբ հարգանքը վերականգնելուն ուղղված մեր ջանքերին»,- եզրափակել է իր խոսքը ՀՀ ԱԳ նախարարը:




