ԿարևորՀասարակություն

Լոռեցին նոր հանք չի ուզում․ հանրային քննարկումները տապալվել են

Եվս մի նոր հանք, և Լոռիում էկոլոգիապես մաքուր տարածք այլևս չի լինի։ Այսպես են կարծում Լոռու մարզի բնակիչներն ու ակտիվիստները, որոնք  այսօր բոյկոտել են մարզի հինգ համայնքներում՝ Մարգահովիտի, Վահագնաձորի, Վահագնիի, Դեբեդի և Եղեգնուտի բնակավայրերում նախատեսված հանրային լսումները։ Դրանց ընթացքում պետք է քննարկվեր Հանքաձորում  երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հարցը։

Լոռու մարզում հանքերը շատ են, նորի կարիք չկա․ լոռեցիների պատասխանն է մարզում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու փորձին։ Բարկացած ու դժգոհ են այնքան, որ նոր աշխատանքների մասին լսել անգամ չեն ուզում, բոյկոտում են հանրային լսումները։ Լոռու տուրիզմի զարգացման կենտրոնի համակարգող Գևորգ Վարդանյան․

«Լոռու մարզում կա Թեղուտի հանք, կա Շամլողում գտնվող ոսկու հանք, Ախթալայի հանք, Ստեփանավանի տարածաշրջանում Արմաղիսի շահագործած և կիսատ թողնված հանքը, Մղարթի բացված և փակված հանք։ Վանաձորից մինչև Թումանյան մնացել էր այն անառիկ հատվածը, որը էկոգոտի էր, որտեղ զարգանում է տուրիզմը, որտեղ մարդիկ ներդրումներ էին անում  տուրիզմի ոլորտում։ Եվ այսօր մենք կանգնել ենք խնդրի առաջ, որ մարզի էկոլոգիապես մաքուր միակ հատվածում պետք է բացվի շղթայական հանք՝ պղնձի և ոսկու»։

Գևորգը պատմում է՝ մոտ մեկ շաբաթ առաջ է նկատել, որ դիմացի սարում աշխատանքներ են ընթանում։ Երեկ էլ տեղեկացել են, որ պետք է հանրային լսումներ լինեն՝ Հանքաձորում առաջիկա երեք տարիներին նախատեսվող  երկրաբանական ուսումնասիրության թեմայով։  Դժգոհությունն այնքան մեծ է եղել, որ թույլ չեն տվել անգամ, որ քննարկումը  կայանա․

«Ասենք թե թողեցին՝ էդ աշխատանքները արեցին, պարզվեց՝ պղինձն էլ, ոսկին էլ կա, հետոն իրենք ո՞նց են պատկերացնում, էս համայնքի բնակիչները թողնեն գնա՞ն էս տարածքներից»։

Համայնքների բնակիչները հիմնականում  նույն կարծիքն ունեն՝  հանքի հնարավոր շահագործումը բնությանը, տուրիզմին վնասելուց բացի վտանգելու է  նաև մարդկանց առողջությունը․

«Ես էլի եմ ասում, որ Լոռիում այլ հանք չի բացվելու, որովհետև մենք ուզում ենք ապրել մեր հող ու ջրում ու մաքուր օդ շնչել, ոչ թե ապրենք ռադիացված, հիվանդ և այլն։ Մեզ դա պետք չի»։

Բնակիչների կարծիքը կիսում են նաև համայնքապետերը։ Վահագնաձորի համայնքապետ Էդիկ Եղոյանը «Ռադիոլուր»–ին տեղեկացրեց՝ բնակիչները թույլ չտվեցին հանրային լսումներ իրականացնել, սակայն երբ էլ դրանք տեղի ունենան՝ արտահայտելու են իրենց դժգոհությունը․

«Ես դեմ եմ հանքին, որովհետև Լոռվա էս տարածաշրջանը ու ձորը տուրիստական կենտրոն է, ոչ թե հանքային ։ Ունենք մանկական ճամբար, հանգստյան տուն, որոնք հենց հանքի ճանապարհին են»։

Վահագնիի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը, Եղեգնուտի համայնքապետ Սարգիս Հակոբյանը նույն կարծիքին են․

«Մենք սիրուն բնություն ունենք, մեր խմելու ջուրը էդ սարերից է գալիս։ Արոտավայրեր կան, գյուղի բնակչության գրեթե 30 տոկոսը սար է գնում, էնտեղ մնում, անասնապահություն անում, մարդիկ անհանգստանում են, ասում՝ ո՞նց ենք ապրելու, մեր տնտեսությւոնների վիճակը ո՞նց կլինի»

Ո՞ր  ընկերությունն է ցանկանում Լոռիում երկրաբանական ուսումնասիրություններ անել և նոր հանք շահագործել, ի՞նչ փուլում է գործընթացը։ «Ռադիլուրի» այս հարցերին ի պատասխան շրջակա միջավայրի նախախարության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նշեց՝ նախարարությունն առաջիկայում հանդես կգա թեմայի վերաբերյալ ամբողջական պարզաբանմամբ․

«Ինչպես գիտեք՝ որևէ համայնքում այսօր լսում տեղի չի ունեցել։ Լսումները համայնքների իրավասության ներքո են, բայց հաշվի առնելով հանրային արձագանքը՝ նախարարությունը առաջիկայում՝ խնդիրը ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո, որոշակի պարզաբանմամբ հանդես կգա»։

Ավելի վաղ նախարարությունը՝ տեղեկացրել էր, որ հանրային քննարկումը իրականացնելու են համայնքի ղեկավարները՝ ձեռնարկողի հետ համատեղ։

Ձեռնարկողի մասին տեղեկությունները սահմանափակ են։  Իրավական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկանում ենք, որ նախաձեռնությունը  «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ–ինն է, որը գրանցված է Հայաստանում և պատկանում է «Միներալ Վենչերզ Ինվեստ» ընկերությանը։  Այն գրանցվել է 2018 թվականի ապրիլի 20-ին։ Գլխավոր տնօրենը ազգությամբ չեխ Վոյտեխովսկի Յիրժին է։

Կարդացեք նաև

Back to top button