Որտե՞ղ է արտադրվում Covid-ից փրկելու թթվածինը։ Հայաստանյան հիվանդանոցներին կորոնավիրուսի համավարակի այս շրջանում անհրաժեշտ թթվածնի գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, մատակարարում է Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի կրիոգեն կայանը։ Փրկության կայանը, սակայն, ինքն էլ փրկության կարիք ունի՝ արձանագրել է «Ռադիոլուրը»։
Համավարակի լարված այս շրջանում երկրի առողջապահական ամենաարդի կարիքները հոգում է 1960–ականներին ստեղծված թթվածին արտադրող կայանը։ Բայց մինչ այն նորից կսկսեր թթվածին արտադրել, նախ կայանին էր այսպես ասած թթվածին պետք։ Շուրջ 60 տարեկան կայանում ամեն ինչ հին է, սարք-սարքավորումները՝ կայանի չափ մաշված։ Շաբաթը գոնե մեկ անգամ ստիպված են դադարեցնել թթվածնի արտադրությունը, ջարդված մի դետալը մյուսով փոխարինել։ Բայց կայանն այսօր աշխատում է 24/7 ռեժիմով, առանց դադարի՝ արդեն մեկ տարուց ավելի։ Կրիոգեն կայանի ղեկավար Ստեփան Ստեփանյանը խոստովանում է․
«Մենք երբեմն անզոր ենք լինում, մետաղը չի դիմանում։ մասնագետ պետք չէ ՝հասկանալու համար, թե ինչ վիճակում են դետալները»։
Որպես Ֆիզիկայի ինստիտուտ հայտնի Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի կրիոգեն կայանը մատակարարում է հայաստանյան հիվանդանոցներին անհրաժեշտ թթվածնի գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը։ Թթվածնի մեկ լիտրն արժենում է 260 դրամ․ ինքնարժեքի մեծ մասը հոսանքի գինն է։ Օրական 2․5–3 տոննա հեղուկ թթվածին է արտադրվում կորոնավիրուսից հիվանդներին փրկելու համար։ Պիկը 2020-ի հոկտեմբերին էր։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գլխավոր ճարտարագետ Միխայիլ Մարտիրոսյանն արձանագրում է․

«2020թ փետրվարից մենք աշխատում ենք օրական 24 ժամ։ Հոկտեմբերի պիկին, երբ նաև պատերազմ էր, արտադրեցինք 70 տոննա հեղուկ թթվածին։ Որպեսզի պարզ լինի, դա մոտ 150 բալոնով բազմապատկեք։ Դա մեր պիկն էր, 2019 թվականին մենք հիվանդանոցներին թթվածին գրեթե չէինք տալիս»։
Աշխատանքը կրիոգեն կայանում ոչ միայն պատասխանատու է, այլեւ վտանգավոր։ Ապացույցը մի քանի տասնամյակ աստեղ աշխատող Մերուժան Մուրադյանի վնասվածքն է․ «Նայեք մատս, տղաները ման էին գալիս, որ ոսկորը գտնեին, տանեին հիվանդանոց։ Դեպքը պատահեց 2000–ականներին»։
Զրույցի պահին մի անզգույշ շարժում, ու ամենաքիչը կարող ես այրվածքի ականատես լինել։ Առաջին հայացքից սովորական թվացող գոլորշին ոչ ավելի, ոչ պակաս արտադրվող ազոտն է։
Կյանքեր փրկում է, սակայն կայանն ինքն էլ փրկության կարիք ունի ճիշտ այնպես, ինչպես այս օրերին հիվանդանոցներում արհեստական շնչառության սարքերով շնչող հիվանդները թթվածնի կարիք ունեն։ Կրիոգեն կայանի ղեկավար Ստեփան Ստեփանյանը պատմում է․
«Գիշերը ժամը երեքին զանգել են, ասում են՝ հիվանդները մեռնում են, ինչ եք անում։ Ի՞նչ անենք, կանգնած ենք, պետք է նորոգենք։ Կատաղած ժամանակ ուզում եմ մեռնել, սա որ կոտրվում է, ես էլ եմ ուզում կոտրվեմ»։

Կոտրված սրտով էլ կայանում մարդկանց փրկելու ցանկությունը մեծ է, միայն թե հնարավորությունն է փոքր։ Համավարակի ու պատերազմի օրերին լաբորատորիան ոչ միայն փրկարար թթվածնի ու ազոտի պահանջարկն էր փորձում բավարարել, այլեւ նոր կայան ունենալու գումար էր փնտրում։ Փնտրտուքները Հայաստանից դուրս եկան ու հասան Միացյալ Նահանգներ, որտեղ բժիշկների մի խումբ գումար հավաքեց։ Նոր կայան գնվեց։ Այսօր արդեն նախանշվում են ժամկետերն ու վայրը, թե երբ ու որտեղ պետք է տեղակայվի ՌԴ–ից գնված կայանը։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գլխավոր ճարտարագետ Միխայիլ Մարտիրոսյանը պատմում է․
«Պատվիրել ենք, հունիսին կլինի այստեղ։ Կայանը կարժենա մոտ 650 հազար դոլար»։
Ինստիտուտի հսկա տարածքում մուտքից կայան մեքենայով է պետք հասնել։ Խորհրդային տարիներին 3000 աշխատող ուներ, այսօր՝ շուրջ 300։
Արդեն ամռանը նույն այս ճանապարհն արդեն երկրորդ կյանք ստացած փրկության կայան կհասցնի, որպեսզի արտադրվող թթվածինն էլ երկրորդ կյանք տա դրա կարիքն ունեցողներին։




