
Ֆրանսիական «Սաթե — Ատղը» թատերական միության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը:
Միջոցառումը Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև տարիներ ի վեր ձևավորված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Հայկական Սասնա ծռերը հայ բեմում և հայ հանդիսատեսին ներկայացրել են ֆրանսիական «Սաթե -Ատղը» կազմակերպության անդամները: Էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ հանդես են եկել տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրել են էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Գավառի և տարածաշրջանի համայնքների կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, սաներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ:
«Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է մեր երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամության և մշակութային երկխոսության մասին: Այն ևս մեկ առիթ է՝ Գեղարքունիք — Իզեր ապակենտրոնացված համագործակցության խորացմանը նաև՝ մշակութային ոլորտում: Գեղարքունիքի մարզպետի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդի ղեկավարին՝ մեր մարզի հանդիսատեսին նման տրամադրություն հաղորդելու համար: Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և համոզված եմ, որ տարեց տարի այն ավելի է ընդլայնվում ու ամրապնդվում շնորհիվ՝ կողմերի ղեկավարների միջև առկա վստահության և փոխըմբռնման »,- զրույցի ընթացքում նշել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:
Հյուրախաղերն իրականացվում են ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, իսկ նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաեւ Իրապա հարթակի աջակցությամբ։




